Մի շարք հարցերով լուրջ բանակցություններ վարելու՝ Ռուսաստանի երկար ու համառ խնդրանքներից հետո, ԱՄՆ-ը պետքարտուղար Ջոն Քերիին գործուղեց Մոսկվա: Քերին հինգշաբթի օրվանից Ռուսաստանում է՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: ԱՄՆ լրատվամիջոցներում տեղեկատվական ալիք գնաց, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն զարգացնում են համագործակցությունը: Թեպետ հինգշաբթի օրը Պուտինն աշխատանքային խիտ օրակարգ ուներ՝ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման պատճառով, Քերին անմիջապես գնաց Կրեմլ: Մինչ այդ Պուտինը ցանկություն չուներ Քերիին հանդիպելու, թվում էր՝ ԱՄՆ պատվիրակությունը ռուսներից ավելի լավ է պատրաստվել պետքարտուղարի ու Լավրովի հանդիպմանը՝ բանակցային սեղանին դնելով մի քանի հաստ թղթապանակներ, մինչդեռ ռուսների առաջ մի քանի բարակ թերթ էր դրված: Դա վկայում է, որ ԱՄՆ-ը բանակցելու նպատակ ուներ, իսկ ռուսները մտադիր են դադար վերցնել՝ դիտարկելով, թե ինչ են առաջարկում ամերիկացիները:
Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ը առաջարկում է ստեղծել համատեղ հետախուզական խումբ Ռուսաստանի հետ, որը պետք է տեղեկատվություն փոխանակի Ալ Քաիդայի, ան Նուսրայի վերաբերյալ և ներդաշնակի ռազմական հարվածները ԻՊ-ին: Ռուսաստանը պետք է դադարեցնի ավիացիոն հարվածները չափավոր ապստամբական ուժերին, որ ունեն ԱՄՆ-ի աջակցությունը: Բայց Ռուսաստանն ունի և այլ նպատակներ՝ Մերձավոր Արևելքով չսահմանափակվող: Մոսկվան ուզում է օգտագործել Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որ ներգործի Վաշինգտոնի վրա այն վեճերում, որ Ռուսաստանի մերձակայքում են: Իբրև լծակ օգտագործելով իր դիրքերը Մերձավոր Արևելքում, Մոսկվան հույս ունի զիջումների հասնել ՈՒկրաինայի արևելքի կոնֆլիկտում, ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների հարցում, Ռուսաստանի սահմանի երկայնքով ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման խնդրում: Ցույց տալով, որ բոլոր կողմերը հասկանում են մոսկովյան գամբիտը, ԱՄՆ-ը Մոսկվա ուղարկեց ՈՒկրաինայի հարցով իր ներկայացուցչին՝ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդին, իսկ Ռուսաստանը բանակցությունների, որ ձևականորեն նվիրված են Սիրիային, սեղանի շուրջ նստեցրեց ուկրաինական գործերով զբաղվող, նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովին: Անկասկած, ճեղքումային լուծումներ որոնող ԱՄՆ-ի արագացված գործողությունները կապված են վեց ամսից Բարաք Օբամայի նախագահական ժամկետի ավարտի հետ: Օբաման ակնարկեց, որ ուզում է Սիրիայի ու ՈՒկրաինայի հարցով համաձայնության գալ՝ նախքան Սպիտակ տուն նոր նախագահի մուտքը: Մարտավարական համաձայնությունները իրականում հնարավոր են, օրինակ, Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի ծրագիրը և ոչ մեծ զիջումները ուկրաինական ճգնաժամում, պատժամիջոցների հարցում և Արևելյան Եվրոպայում ռազմական ուժերի ծավալման մեջ:
Նշելով, թե ինչ գործարք կարող է կնքվել Լավրով-Քերի բանակցություններում, Ռուսաստանը հինգշաբթի օրը հայտարարեց, որ կմիացնի պատասխանիչները իր Բալթիկ ծովի շրջանում թռչող ինքնաթիռների վրա, եթե ՆԱՏՕ-ն նույնն անի: Դա փոքրիկ մարտավարական տեղաշարժ է, և նրանց հանդիպումը հազիվ թե ավելի էական արդյունքների հանգեցնի: Բայց ինչ առաջընթաց էլ լինի այս բանակցություններում, բազմաթիվ չլուծված հարցեր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կանցնեն ԱՄՆ-ի նոր վարչակարգին:
Stratfor, ԱՄՆ
Հ.Գ. Stratfor-ը, որ մի քանի օր առաջ կանխատեսում էր, որ ևս մեկ անարդյունք բանակցությունից հետո Բաքուն նորից կդիմի զենքի, Լավրով-Քերի բանակցություններում չի ներառում Լեռնային Ղարաբաղի հարցը: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ քննարկումը անոնսվել է, և տրամաբանական չէր լինի, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահները ԼՂ հարցով հեռախոսում են, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը հայտարարում է, որ համանախագահներն աշխատում են արագացնել փարիզյան հանդիպման կազմակերպումը, իսկ Քերին Մոսկվայում այդ հարցը շրջանցում է: Նշանակո՞ւմ է դա, որ Ղարաբաղի հարցով մինչև Բարաք Օբամայի պաշտոնավարության ավարտը որևէ փոփոխություն չի լինելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ