Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է (Ա Տիմ. 4.1-2):
Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկիր եկան տոտալիտար քայքայիչ աղանդավորական խմբեր և մեր ազգի զավակներին «նոր փրկության ավետիս բերեցին»` կործանման եզրին կանգնեցնելով նրանց:
«Քայքայիչ պաշտամունքային» համարվում են այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը (կրոնական և հոգեբանական) անձի հոգեկան և ֆիզիկական առողջության, ազատության, իրավունքների, հասարակության ավանդական, մշակութային նորմերի և արժեքների վրա ունի քայքայիչ ազդեցություն, որոնք իրենց անդամների ներգրավման և գիտակցության վերահսկման համար օգտագործում են ծայրահեղ և ոչ բարոյական մանիպուլյատիվ մեթոդներ: Տոտալիտար բնույթի աղանդները մեծ մասամբ ձևավորվում ու զարգանում են ճգնաժամային և ցնցումային իրավիճակներում, երբ մարդիկ կորցնում են նախկինում գոյություն ունեցող մշակութային և կրոնական արժեքները, հարազատներին, կյանքի իմաստը և հայտնվում շատ ծանր տագնապային վիճակում: Նման մարդիկ հետզհետե կորցնում են վերլուծական մտածողությունը, թուլանում է կամքը և արտաքին հոգեբանական ազդակների նկատմամբ դառնում են ավելի ընկալունակ: Այդ աղանդները ձգտում են իրենց անդամների գիտակցության լիակատար վերահսկմանը` նրանց հետ շփման առաջին իսկ պահից անգամ ենթարկելով հոգեբանական «մշակման»: Դա ենթադրում է չորս տարբեր բնագավառների վերահսկում։ Այսպես.
1. Վարքի վերահսկում, որի դեպքում վերահսկվում և ուղղորդվում է անդամների ֆիզիկական իրականությունը` ժամանակի տնօրինում, շրջապատ, նախասիրություններ: Գործում է պատիժ-պարգևատրում սկզբունքը: Անհատականությունը բացառվում է հօգուտ խմբայինի, ներշնչվում է հնազանդության և կախվածության անհրաժեշտությունը:
2. Տեղեկատվության վերահսկում, երբ պարտադրվում են լրտեսություն և մատնություն աղանդի ներսում: Պաշտամունքային տեղեկատվությունը ներկայացվում է խեղաթյուրված կամ ընդհանուր համատեքստից դուրս, ոչ պաշտամունքային աղբյուրներից տրվողը հասցվում է նվազագույնի կամ լրիվ կասեցվում է:
3. Մտածողության վերահսկումով պարտադրվում է ընդունել կազմակերպության գաղափարները` որպես բացարձակ ճշմարտություն: Կիրառվում են մտածողության դադարեցման տեխնիկաներ:
4. Զգացմունքների, երբ ներշնչվում է միշտ և ամեն ինչում սեփական մեղքի զգացումը, զանազան վախեր, կոնկրետ` աղանդից դուրս գալու և դրա համար պատժվելու հանդեպ:
Այդ կերպ հաջողում են հետզհետե վերափոխել անձի հոգեկանը` կազմակերպության գաղափարախոսությանը և նախանշված մոդելին համապատասխան:
Տոտալիտար աղանդները.
ա) Աստծո պաշտամունքը փաստացիորեն փոխարինելով աղանդի առաջնորդի կամ նրա ստեղծած կազմակերպության պաշտամունքով` ապատեղեկացնում և խաբում են քաղաքացուն:
բ) Իրենց մեթոդներով և ուսմունքով քայքայում են հետևորդի առողջությունը (հոգեկան հավասարակշռությունը), որի վերականգնման համար պահանջվում է միջին հաշվով երկու տարի: Հոգեբանները նշում են, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը և օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ:
Աղանդը գողանում է մարդու «ես»-ը, զոմբիացնում մարդուն, որը արտաքին աշխարհի և սեփական «ես»-ի աղճատման բարձրագույն դրսևորումն է:
գ) Քայքայում է ընտանիքը. աղանդավոր կինը կամ ամուսինը բաժանվում են` համատեղ ունեցվածքը կիսելու նպատակով, որպեսզի կարողանան մուծել իրենց «հովվի» պահանջած անվերջանալի տասանորդները: Նրանց միջավայրում ծնված երեխաները դժբախտ են և զրկված ընտրություն կատարելու իրավունքից:
դ) Իրենց հետևորդներին զրկելով աղանդից դուրս գալու համար անհրաժեշտ թե՛ ֆինանսական, թե՛ անհատական ու հասարակական ռեսուրսներից, և հնարավոր ամեն բան անելով, որ նրանց իրենց մեջ պահեն այնքան, քանի դեռ նրանք կարող են պիտանի լինել, վերածում են ստրուկների:
ե) Մարդուն զրկում են ազատ ընտրելու և իր կյանքը տնօրինելու իրավունքից ու հնարավորությունից` փաստացի ոչնչով չտարբերվելով համակենտրոնացման ճամբարներից` անձի ոչնչացմանն ուղղված միջոցների չնչին տարբերությամբ:
զ) Չի բացառվում, որ այս կազմակերպությունների մեջ լայնորեն օգտագործվող «հաղորդության գինու» մեջ խառնում են նաև հոգեմետ միջոցներ` իրենց հետևորդներին ծրագրավորված ահաբեկիչ-կամիկաձեի վերածելու նպատակով:
Գաղտնիք չէ, որ աղանդը մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին նաև համաշխարհային բիզնես է:
20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը» և այլն:
Աղանդավորական առաջնորդներից մեկը` ՌԴ-ում հայտնի Լեդյաևը, իր քարոզներից մեկի ժամանակ, նյութական դրությունը բարելավել ցանկացողներին առաջարկում է ստեղծել սեփական «եկեղեցի» և խուզել սեփական հոտի ոչխարներին` «նրանց կաշին քերթելով տասը տակ»: Մեկ ուրիշը` Վ. Իվաննիկ անունով, քարոզում է. «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը` այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»:
«Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենաակտիվ, ագրեսիվ և կազմակերպված տոտալիտար, քայքայիչ աղանդավորական համայնքներից է։
Նրանց «եկեղեցի» կոչված շենքը սովորական շինություն է, որը նույն հաջողությամբ կարելի է առևտրի տուն կոչել: Դրսից գուցե գրավող, բայց ներսում` խաթարված աստվածային լռությունը, եկեղեցուն հատուկ սուրբ խորհուրդը՝ փոխարինված դիվական պաշտամունքով` ծափերով, «ալելուիաներով», սատանայական ռոքով, որը խաթարում է մարդու հոգեվիճակը և նրան կախվածության մեջ գցում:
Բաժանելով թռուցիկ թերթոններ` խաբեությամբ մարդկանց իրենց հոգեկործան «եկեղեցի» են հրավիրում իբր բուժվելու` նախանշելով անգամ բուժման կուրսերը` 7 կիրակի օր: Հիմնականում բոլոր «բուժվողները» կեղծ վկայություններ են տալիս։ Բայց հստակ է, որ չեն բժշկվում նրանց մեջ եղած հիվանդները։ Այս մասին վկայում է նաև աստվածախոս Պողոս առաքյալը. «Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը, և դու նրանցից հեռու կաց» (Բ Տիմոթեոս 5)։
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ