Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի ֆլիրտը Էրդողանի հետ

Պուտինի ֆլիրտը Էրդողանի հետ
29.07.2016 | 00:19

Թուրքիայում ձախողված հեղաշրջումից և նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդների ամենօրյա ձերբակալություններից ու աշխատանքից ազատումներից հետո արևմտյան շատ դիվանագետներ ասում են. «Այն, ինչ երեկ թվում էր անհավանական, այսօր իրականություն է»: Նույնը վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը. Անկարայի ու Մոսկվայի միջև «սառցե դարաշրջանից» հետո Էրդողանը ցուցադրաբար որոնում է Պուտինի բարեկամությունը՝ գրում է Մաթիաս Գեբաուերը Der Spiegel ամսագրում:

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ օգոստոսի 9-ին Էրդողանը կհանդիպի իշխանությանը նույնքան սիրահարված Պուտինին, որքան ինքն է, նրա հարազատ Սանկտ Պետերբուրգում: Այն, որ Էրդողանը հատկապես հիմա է շեշտը դնում Պուտինի հետ բարեկամության վրա, այլ մեկնաբանություն չունի, քան երկրի կողմնորոշման փոփոխություն՝ Արևմուտքի փոխարեն Էրդողանը հիմա շրջվում է դեպի Արևելք: Դա հատկապես նկատելի էր հեղաշրջումից հետո առաջին ժամերին. դեռ շաբաթ գիշերը Պուտինն առաջինը համերաշխություն հայտնեց Թուրքիայի նախագահին և դատապարտեց հեղաշրջումը: Այդ մերձեցումը կարևոր է Էրդողանի համար՝ նրան անհրաժեշտ են լավ նորություններ երկրում տնտեսական վիճակի վատացման համապատկերում: Ռուսական խփված ռմբակոծիչի համար հունիսյան ներողություններից հետո Պուտինը տեղնուտեղը հանեց թուրքական գյուղմթերքների էմբարգոն: Հիմա Պուտինն ու Էրդողանն ուզում են վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը և Թուրքիայում նոր ԱԷԿ-ի շինարարությունը: Անկարան սպասում է ռուս զբոսաշրջիկների վերադարձին թուրքական լողափեր, որից հետո Էրդողանը կարող է նույնիսկ փոքր բարելավումը «վաճառել» իբրև սեփական մեծ հաջողություն: Նա անտեսում է արտաքին քաղաքականության մեջ վերահաս վնասները Պուտինի հետ պակտից: Ավելին՝ փորձում է դրանից շահել, թեպետ Էրդողանը գիտի, որ ՆԱՏՕ-ն մեծ տագնապով է հետևում իր գործընկերոջ վերակողմնորոշմանը: Նրա կարծիքով, այդօրինակ սադրանքները, հակառակը, տեղին են՝ վկայում են, որ Արևմուտքի հետ հետագա խորթացման պարագայում Թուրքիան ունի այլընտրանքային գործընկեր: Սակայն, միանգամայն ակնհայտ է, որ Էրդողանը երբեք դուրս չի գա ՆԱՏՕ-ից:
Der Spiegel

Հ.Գ. Ռուս-թուրքական դարավոր եղբայրության վերականգնումին Ռուսաստանում նույնքան էին սպասում, որքան Թուրքիայում:


Հուլիսի 17-ին հեռախոսելով Էրդողանի հետ՝ Պուտինը ուրվագծեց Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը՝ «կատեգորիկ անթույլատրելի են պետության կյանքում հակասահմանադրական գործողություններն ու բռնությունը» և ցավակցություն հայտնեց մարդկային կորուստների համար: Նրանք պայմանավորվել էին տետ ա տետ հանդիպել Չինաստանում Մեծ քսանյակի ժամանակ, հետո առաջ բերեցին հանդիպումը: Ակնհայտ է, որ հանդիպման նախնական օրակարգը փոփոխություններ է կրելու՝ թե թուրքական հեղաշրջման փորձի, թե տարածաշրջանային փոփոխվող իրավիճակի պատճառով: Էրդողանը, օրինակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար: «Մենք տրամադիր ենք համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ, որպեսզի ձեռք ձեռքի տված լուծենք տարածաշրջանի պրոբլեմները և ուժեղացնենք մեր քայլերը՝ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջան վերադարձնելու համար»՝ հայտարարել է Էրդողանը: Իրանցի փորձագետները ընդգծում են, որ նոր «եռյակի» գաղափարը առաջինը հնչել է Իրանի, ոչ թե Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում, և դա համարում են «նոր քայլ»՛՝ Իրանի նախագահի միջնորդության միջոցով Կրեմլին «հավերժական բարեկամություն» առաջարկելու՝ արդեն «եռյակ միության» շրջանակներում: Բայց Թուրքիան դեպի Ռուսաստան ու Իրան շրջելու համար Էրդողանը պիտի փոխի քաղաքականությունը Սիրիայի ու անձամբ Բաշար Ասադի նկատմամբ: Բացի այդ՝ պիտի վերանայի փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի ու արաբական երկրների հետ, որ միշտ գայթակղության քար են եղել Անկարայի ու Թեհրանի համար:

Թուրքիայի հարաբերությունների բարելավումը Թել Ավիվի հետ Թեհրանում բազում հարցեր է առաջացնում: Այս օրերին բազում «արտահոսքեր» են եղել, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման հետ կապ ունի Սաուդյան Արաբիան, իսկ Մոսկվան, իբր, հեղաշրջումից մի քանի ժամ առաջ զգուշացրել է Էրդողանին և հնարավոր է համարել նրա պաշտպանությունը հատուկջոկատայինների 25-րդ գնդի օգնությամբ: Թուրքական ձախողված հեղաշրջումը շարունակվում է լրատվամիջոցներում՝ նորանոր բացահայտումների տեսքով, որոնց համապատասխանությունը իրականությանը նույնքան հավանական է, որքան անհավանական: Պարզապես բոլոր կողմերը փորձում են իրենց շահաբաժինը ստանալ նոր իրավիճակում: ԱԶԿ-ի փոխնախագահ Յասին Աքթայը հայտարարեց, որ Թուրքիային մենակ թողեցին. «Եթե հարցնեք՝ բավարա՞ր էր արևմտյան երկրների աջակցությունը Թուրքիայում հեղաշրջումը կանխելու համար, կասեմ, որ մենք դժգոհ ենք և լրջորեն հիասթափված: Մեզ հիասթափեցնում է, որ առաջին հարցը տալիս են, թե ինչ ենք անելու ապստամբների հետ, որ ձերբակալել ենք: Դա շատ վիրավորական է և ուղղված է Թուրքիայի թուլացմանը: Դա մեզ մենակ թողնելու ցանկություն է: Այդ ագրեսիայի նպատակը Թուրքիային ծնկի բերելն էր և պատերազմի ամենաբուռն պահին մեզ հարցնում են՝ ինչպե՞ս ենք վարվելու թշնամու հետ: Եթե ապստամբները հաղթեին, ոչ մարդու իրավունքներ կմնային, ոչ կենդանիների: Երբ մեզ հարցնում են ապստամբների իրավունքների մասին, մենք ակամա մտածում ենք՝ իսկ նրանք չե՞ն կանգնած հեղաշրջման թիկունքում: Դա աջակցություն է հեղաշրջման փորձ կատարողներին»: Բայց մի հավատացեք այն ամենին, ինչ ասվում է, իրական քաղաքականությունը միշտ գործերի մեջ է, ոչ թե խոսքերի, որոնցով այդ գործերը ներկայացվում են: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, օրինակ, հայտարարել էր, որ հեղաշրջման փորձից առաջ Անկարան պատրաստվում էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և Բաքվի տրամադրություններն էր շոշափում: Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում էին գնալ Անկարա՝ Թուրքիայի հետ քննարկելու ԼՂ հարցը, ակնհայտորեն՝ Հայաստանի հետ սահմանը բացելու և Նախիջևանով երկաթուղին գործարկելու խնդրով՝ ելնելով իրավիճակից, որ ԼՂ հարցի շուրջ ինչ-որ վճիռ է կայացվում: Ամեն ինչ ընթացքի մեջ է, ամեն ինչ անորոշ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ