Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անդրկովկաս՝ վերջ չեզոքությանը, մոդայիկ են «ժողովրդավարական արժեքները»

Անդրկովկաս՝ վերջ չեզոքությանը, մոդայիկ են «ժողովրդավարական արժեքները»
12.09.2016 | 08:55

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 660 բանաձևը, որով կոչ է արվում Վրաստանին «պաշտպանության հնարավորություններ» տրամադրել: Բանաձևի օգտին է քվեարկել 410 պատգամավոր, դեմ էին վեցը:

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում «դեյուրե կամ դեֆակտո չճանաչել ռուսական ինքնիշխանությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը»: Ներկայացուցիչների պալատի բանաձևը պարտադիր ուժ չունի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա նշանակալից ազդեցություն չի ունենա: Այնուհանդերձ, Ադրբեջանում արձագանք է ունեցել: Բաքվի AZE. az պորտալում հայտնվել է Զաուր Ռասուլզադեի հրապարակումը, որտեղ նա հարցնում է. «Ինչո՞վ է պատճառաբանվում ԱՄՆ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, ինչո՞ւ ԱՄՆ-ը մինչև հիմա նման բանաձև չի ընդունել մեր երկրի վերաբերյալ»: Նա հղում է արել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին, որ հայտարարել էր. «Հայաստանը Վաշինգտոնի ձեռքին գործիք է այս տարածաշրջանում, ԱՄՆ-ը չի պատրաստվում հրաժարվել իր վասալին աջակցելուց հանուն Ադրբեջանի»:

Նրա խոսքով. «Ինչ պետք է, մեր երկրից նրանք արդեն ստացել են՝ նրանց ընկերությունները նավթ ու գազ են արդյունահանում, օգտագործում են ադրբեջանական օդանավակայանները Մերձավոր Արևելքում իրենց օպերատիվ խնդիրների լուծման համար և նրանք Ադրբեջանում անհանգստանալու պատճառ չունեն»: Ալիզադեի կարծիքով՝ «Հայաստանը նրանց համար արժեքավոր է, նրանց հաղթաթուղթն է Թուրքիայի, Ադրբեջանի ու նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Հայաստանին ձեռնտու է այդ վիճակը: ԱՄՆ-ը ինչպես աջակցել է, այնպես էլ աջակցելու է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում նրա դիրքորոշումը: Չարժի որևէ փոփոխության սպասել»:

Սակայն որքան էլ տարօրինակ է, նույն պորտալում հայտնվեց և Նամիկ Հուսեյնովի հրապարակումը, որտեղ նա պնդում է. «Հայաստանը արևմտյան հանրության համար կորցրել է նշանակությունը, ավելի շատ Եվրոպայի և ավելի քիչ ԱՄՆ-ի համար: Հայերը իրենց դրսևորել են իբրև ժողովուրդ, որ ունակ չէ պետական մտածողության: Հայաստանը մնում է Ռուսաստանի վասալ»: Այսինքն՝ ադրբեջանցի հեղինակների տրամաբանությամբ՝ «Ռուսաստանի վասալ» Հայաստանը միաժամանակ «գործիք է Վաշինգտոնի ձեռքին» տարածաշրջանում: Կոչ անելով ճիշտ որակումներ ընտրել «Անդրկովկասում ԱՄՆ-ի ներկա ոճի, նպատակների ու խնդիրների համար», «տարածաշրջանում ԱՄՆ-ի կոնկրետ խնդիրները և ներկա դիրքոշորումը որոշարկած գործոնների» վերհանման համար բաքվեցի քաղաքագետներն ու լրագրողները հաղորդում են, որ Վաշինգտոնը «մտադիր է» Անդրկովկասը «ձևափոխել՝ դարձնելով պաշտպանական ոլորտի կարևոր բաղկացուցիչ», բայց «առայժմ դա արվում է միայն Վրաստանի նկատմամբ», հետո, հնարավոր է, որ «այդ կառույցում ներառվի և Ադրբեջանը»:

Եթե ԱՄՆ-ը Վրաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ ղեկավարվում է «նրա տարածքային ամբողջականությանը աջակցելու» սկզբունքով և մտադիր է հետագայում իր աշխարհաքաղաքական տարածաշրջանային կառույցում ընդգրկել և Ադրբեջանը, իրոք, ինչո՞ւ նրանք չեն ընդունում, նույնիսկ զուտ սիմվոլիկ, նման բանաձև Բաքվի առնչությամբ: Պատասխանները գուցե մի քիչ մակերեսային են, բայց կան: Նախ և առաջ, Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը այդ երկիրը դիտարկում էր իբրև «տարածաշրջանում ժողովրդավարության միակ պլացդարմ»՝ հույս ունենալով այդ հիմքի վրա ժողովրդավարություն արտահանել սահմանակից երկրներ: Եթե այն ժամանակ Թբիլիսին Սուխումի ու Ցխինվալի հետ այդ սկզբունքներով հարաբերություններ կառուցեր, հազիվ թե 2008-ի օգոստոսի կովկասյան պատերազմը լիներ: Բայց Սաակաշվիլին ընտրեց ուժային տարբերակը և հեռացվեց իշխանությունից, Թբիլիսիին շարունակում են պահել «ժողովրդավարության համալսարանների» դռների առաջ:


Փաստորեն, Վրաստանը Ադրբեջանի համեմատությամբ դոփում է տեղում Արևմուտքի ուղղությամբ և մասնավորապես ԵՄ-ի, սակայն նպատակակետին մոտենալու արագությունները տարբերվում են: Բաքվի համար դա նշանակում է բարդություններ Թբիլիսիի հետ փոխգործակցության ներդաշնակեցման մեջ եվրոպական միասնական արժեքային համակարգի շրջանակում, քանի որ Ադրբեջանը կառուցում է իշխանության ուժեղ ուղղահայաց երկրի ներսում, իսկ երկրից դուրս, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում, նախընտրում է կարգավորման ուժային տարբերակը: Արդյունքում վրացի փորձագետները առավել հաճախ են շեշտում, որ «Բաքվի վարչակարգը դառնում է ավտորիտար», իսկ «կոռուպցիան, բնակչության կրթական մակարդակի և տեխնոլոգիական կուլտուրայի անկումը Ադրբեջանը վերածում են հումքային «ասիական» երկրի կլանային կառուցվածքով, որը դրական հեռանկարներ չունի միջազգային ասպարեզում»: Դա երկու երկրների հարաբերությունների հետագա բարդացման հավանականության ակնարկ է: Առավել ևս, որ վրացի քաղաքագետներին ձայնակցում են դրսից: Օրերս Washington Post-ում հայտնվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Դևիդ Կրամերի և Ռիչարդ Կոզլարիչի հայտարարությունը, որ պահանջում էին պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: Դա, իհարկե, հարուցեց Բաքվի հուզական արձագանքը:


«Ինչո՞ւ խոսքը Հայաստանի մասին չէ, որ խրվել է ներքին խառնակությունների մեջ և բռնկված է բռնությունների կրակի նոր ալիքով,- Haqqin. az պորտալում հարց էր բարձրացնում Էյնուլա Ֆատուլաևը: -Հայաստանում կրակում են ընդդիմադիրների վրա, իշխանության հակառակորդները զենք են վերցնում իշխանության հետ պայքարում»: Ադրբեջանական տրամաբանությամբ՝ Երևանում «ժողովրդի հանրահավաքներ» են տեղի ունենում, իսկ Բաքվում համանման իրավիճակներում՝ «խղճուկ խմբակի հանրավաքներ, որոնց բոլորովին չի հասկանում սեփական ժողովուրդը»: Ինչ էլ ասեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունների ու նրա քաղաքական հեռանկարի մասին, հենց նա նախաձեռնեց և անցկացրեց երկրի կառավարման համակարգի փոփոխության հանրաքվե՝ նախագահականից՝ խորհրդարանականի: 2015-ի սկզբին Վիլսոնի կենտրոնում ամերիկացի փորձագետները, որ նկատել էին, թե Երևանում ու Բաքվում կան «հասարակության վրա պետական մեքենայի ճնշման» միտումներ, Հայաստանում տեսան «ազդեցիկ և համեմատաբար անվախ քաղաքացիական հասարակություն», իսկ Ադրբեջանում «ժողովրդավարության պահպանման հույսերը նշանակալից չափով քիչ են»:

Ապրիլյան պատերազմը Լեռնային Ղարաբաղում մղեց Ստեփանակերտին սահմանադրական փոփոխություններ սկսել, բայց Երևանի հակառակ ուղղությամբ՝ ամրապնդելով նախագահական իշխանությունը: Ղարաբաղյան խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարեց, որ դա կնպաստի «անվտանգության ու առաջընթացի ապահովմանը երկրում, կառավարման արդյունավետության բարձրացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը»:
Ֆատուլաևը նշում է «պետդեպարտամենտի և Սպիտակ տան լղոզված դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ստիպված են լռել՝ համոթ մեծ տերության, ԱՄՆ-ի նահանգները մեկը մյուսի հետևից ճանաչում են անջատողականության իրավունքը Ղարաբաղի օկուպացված գոտում», «ի տարբերություն Ղրիմի հարցի կամ աբխազական անջատողականության, ամերիկացիները հստակ ու միանշանակ տեսակետ չեն արտահայտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և չեն տենչում հատել ղարաբաղյան գորդյան հանգույցը»:


Վաշինգտոնը Անդրկովկասում նոր ռազմավարություն է իրականացնում՝ ցանկանալով սուր խնդիրները լուծել գերազանցապես քաղաքական-դիվանագիտական քայլերով, առաջին պլան բերելով «ժողովրդավարության» խնդիրները, այլ ոչ թե չեզոքությունը կամ ոչ չեզոքությունը (իբրև պատրաստության կամ անպատրաստության տարբերակ) բարեփոխումներին, որի վրա մինչև հիմա խաղը դնում էր Բաքուն: Ավելին՝ Արևմուտքը և ԱՄՆ-ը տարբեր մայրուղիներով են տանում ղարաբաղյան կարգավորման խնդիրները և նոր էներգետիկ նախագծեր իրականացնելու Բաքվի ջանքերը: Արևմուտքն իրոք քաղաքական տրանսֆորմացիա է կատարում, բայց ոչ այն, որ ուզում է Բաքուն: Նոր աշխարհաքաղաքականություն է սկսվում, որի ջերմությունը կարելի է հասկանալ խաղացողների հայտարարություններում «ժողովրդավարական հռետորաբանության» ուժեղացմամբ կամ թուլացմամբ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ինչ հրաշալի կարծիք ունեն մեր մասին հարևան ադրբեջանցիները՝ ինչպես են գնահատում մեր ունակություններն ու կապերը, մեր դերն ու տեղը տարածաշրջանում ու աշխարհում: Եվ փաստը մնում է փաստ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ադրբեջանամետ լուծումը կանխում է Արևմուտքը, Բաքուն բողոքում է արդարացի: Արդարացի է բողոքում նաև Ստանիսլավ Տարասովը, որ տարածաշրջանում նոր քաղաքական տրանսֆորմացիա է սկսվում ժողովրդավարական հռետորաբանությամբ: Ժողովրդավարության արևմտյան և ռուսական արժեքները այնքան են միմյանցից տարբերվում, որ ավելի հեշտ է խոսել հակադրությունների, քան նույնությունների մասին: Ժողովրդավարությունը ենթադրում է գործընկերություն և բացառում է վասալային հարաբերությունները՝ փաստ, որ Մոսկվան բոլորովին չի պատկերացնում հետխորհրդային տարածքի պետությունների հետ իր հարաբերությունները կառուցելիս: Իսկ նկատեցի՞ք, որ հեղինակը բացարձակապես լռության է մատնում ռուսական «գերակա շահը» տարածաշրջանում: Կամ՝ Արևմուտքի «նկրտումները» համարում է դատապարտված՝ այդ շահի համեմատությամբ: Կամ՝ վստահ է, որ «ասիական» պետություններում ժողովրդավարությունն անելիք չունի, պատահական չէ, որ «ժողովրդավարական արժեքները» նրա վերնագրում չակերտների մեջ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ