Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվ Կարեն Կարապետյանն ասաց

Եվ Կարեն Կարապետյանն ասաց
15.09.2016 | 10:16

Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի ժամին Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց գլխավորը՝ բառացի կրկնելով իր նախորդին՝ ինքը չունի կախարդական փայտիկ: Հազիվ թե նա այնքան մանրամասն ուսումնասիրել է Հովիկ Աբրահամյանի վարչապետական կենսագրությունը, ելույթներն ու տեսագրություները, որ որոշեր ցիտել դասականներին:

Դա պարզապես անկեղծ խոսք էր՝ ներկա վիճակից արագ ու անցավ դուրս գալու ակնկալիքներից սթափեցնելու համար: Այսօր Հայաստանում քնելով, վաղը Սինգապուրում չենք արթնանալու, որովհետև Կարեն Կարապետյանը ևս գիշերել է Երևանում: «Վիճակը չափազանց ծանր է, բայց արագ փոփոխության հույս ունենալ պետք չէ, քանի որ չկա կախարդական փայտիկ»՝ իսկ փոփոխության համար «հարկավոր է համակարգային փոփոխություն»: Իսկ համակարգային փոփոխությունը լինում է համակարգի փոփոխությամբ: Ի՞նչ համակարգ է Կարեն Կարապետյանը փոխելու:
Քրեաօլիգարխի՞կ: Քանի դեռ նա չի ներկայացրել իր կառավարության ծրագիրը, ենթադրություններն ինչ ու ինչպեսի մասին ապրիորի են լինելու: Առայժմ գիտենք, որ նա հեռախոսել է ՌԴ վարչապետի՝ շնորհավորել նրա ծննդյան օրը ու ՛՛բարձր գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա՛՛: Որ 2013-ին հայտարարել էր, թե Հայաստան չի գա, բայց հիմա որոշակի պայմաններ են փոխվել ու ՛՛շատ անհանգիստ է մեր տնտեսության համար՛՛: Որ նրա համար ավելի կարևոր է, թե որ նախարարն ինչ տեսլական ունի, քան՝ որ կուսակցությանն է պատկանում: Որ կառավարությունում կան նախարարներ, որ չեն աշխատի իր թիմում: Որ բոլորի համար կլինեն խաղի հավասար կանոններ: Որ՝ «Մենաշնորհներին պետք է վերաբերել հետևյալ կերպ. երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ արդարացի՞ մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը ունենա հաջողակ բիզնես, մենք դա նրա ձեռքից չենք խլելու»:


Որ իսկապես լուրջ է տրամադրված ու հակված չէ հենց այնպես խոստումներ տալու: «ՀՀ տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվել՝ ոչ։ Փորձելո՞ւ ենք դա անել, թե ոչ, այո։ Կհաջողվի՞՝ կտեսնենք, տրամադրվա՞ծ ենք՝ շատ վճռական, որովհետև այլ ձև գոյություն չունի: Հարկեր փոխելով, բանաձևեր փոխելով՝ մենք տնտեսություն չենք կարող վերարտադրել»՝ երեկ ասաց նա խորհրդարանում: Առաջին օրվա համար այսքանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Կարծիքներ կան, որ Դուք Կրեմլից ուղարկված մարդ եք: Ինչպե՞ս եք դրան վերաբերում» հարցին Կարեն Կարապետյանը պատասխանել է՝ «Ժպիտով»: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան է նա ժպտալու:

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ