Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև

Թուրքիան՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև
24.09.2016 | 15:45

Թուրքիան առանցքային տարածաշրջանային խաղացող է: Թեպետ վերջին վեց ամսվա իրադարձությունները ցանկացած երկրի կոլապսի կհասցնեին, Թուրքիան առաջվա նման հուսալի պետականություն ու բանակ ունի, որը արդեն մեկ ամիս է` լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Սիրիայում:

Թուրքիան ունի նախագահ, ում հանրաճանաչությունը երկրի ներսում աճում է՝ հակառակ արտասահմանյան ԶԼՄ-ներում նրա դիվականացման, և հեղաշրջման փորձից հետո հենց նրան են նույնացնում երկրի ապագայի հետ: Հավանաբար առավել զարմանալի է, որ անցյալ կիսամյակի տվյալներով` թուրքական տնտեսությունը շարունակում է 3,5- տոկոսանոց աճը: Ինչպես վերջերս հայտարարեց Moody’s-ը, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հարուցած տնտեսական շոկը հիմնականում հաղթահարված է: Մենք ունենք հասարակություն և պետություն, որ անհավանական կայունությամբ ու կայունության պահպանման վճռականությամբ են աչքի ընկնում, երբ հարևան երկրները պայքարում են սնանկացման կամ քաղաքացիական պատերազմների դեմ: Մյուս կողմից՝ Թուրքիան որևէ աջակցություն չի ստանում արևմտյան պետություններից, որ պիտի պայքարի դաշնակից լինեին: ԵՄ-ի անդամակցության բանակցությունների գործընթացում Թուրքիան բախվում է աննախադեպ երկակի ստանդարտների: Բացի այն, որ եվրոպական պետությունները թույլ են տալիս անցկացնել ՔԱԿ-ի ցույցեր կամ բողոքի հանրահավաքներ 1915-ի իրադարձությունների դեմ, նրանք դաժան են Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ, որ հանդես են գալիս հեղաշրջման դեմ և մեղադրում են նրանց սեփական ներքին գործերը Եվրոպա տեղափոխելու համար: Օր չի անցնում, որ եվրոպական ԶԼՄ-ները վիրավորանքներ չթափեն Էրողանի վրա՝ ստորացնելով Թուրքիային:

Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան մեկուսացման մեջ է ԵՄ-ի հովանավորչական վերաբերմունքի և փախստականների պայմանագրով խոստումների խախտման համար: Մենք բախվում ենք որոշ տարօրինակ դեպքերի, օրինակ, երբ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը անվտանգության նկատառումներով փակվում է Կուրբան բայրամի ժամանակ, որ պաշտոնական տոն է Թուրքիայում, իսկ դեսպանը հանգիստ ճանապարհորդում է Թուրքիայի հարավ-արևելքով, որտեղ շարունակվում են բախումները:


Մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ իրենց պատմության ամենալարված շրջաններից մեկն են ապրում: Ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) երկու կենտրոնական պրոբլեմներից մեկն են: Երբ թուրքական սահմաններից հաջողվեց հեռացնել ԻՊ-ին, Թուրքիան տեսավ, որ իր սահմանների երկայնքով տեղավորվում է մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն: Երկիրը չի հանդուրժի իր սահմանին այդ խմբավորման գոյությունը: Մեկ ամսվա ռազմական գործողության արդյունքում Եփրատից արևմուտք տարածքը նշանակալից չափով մաքրվեց ահաբեկչական տարրերից: Սակայն մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային այդ հարցում հռետորաբանության շրջանակներից դուրս չի գալիս: Մանբիջի գործողությունը ճշմարտության պահ կլինի, երբ ԱՄՆ-ը ստիպված կլինի ցույց տալ, թե կողմերից որին է համարում իր դաշնակիցը: Եվս մեկ ցավոտ հարց՝ Ֆեթուլա Գյուլենը: Հասարակական կարծիքի Pollmark-ի վերջին հարցման արդյունքներով՝ երկրի բնակիչների 88 % -ը Գյուլենին ահաբեկիչ է համարում, որ հեղաշրջման փորձի հետևում է կանգնած:

Այնուհանդերձ, ԱՄՆ-ը առաջվա պես նրան համարում է սովորական հոգևորական: ԱՄՆ-ի իշխանությունները մինչև հիմա նրան չեն ձերբակալել, արդեն արտահանձնման մասին չխոսելով, թեպետ պարտավոր են անել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հանցագործների արտահանձնման համաձայնագրով: ԱՄՆ-ի ոչզգայունակության պատճառով Գյուլենը շարունակում է ղեկավարել իր կազմակերպությունը Փենսիլվանիայից: Մյուս կողմից՝ չնայած Թուրքիան ու Ռուսաստանը, կարծես, չեն կարողանում պայմանավորվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ, Ռուսաստանը, որ աշխարհին ապացուցել է իր տնտեսական ու ռազմական հզորությունը, վաղուց արդեն փակել է Գյուլենի դպրոցները և պաշտպանում է թե Սիրիայի, թե Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Այդ պատճառով Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանին չպետք է զարմացնի ԱՄՆ-ին: Թուրքիան Ռուսաստանին ու ԱՄՆ-ին չի համարում հավասարարժեք դաշնակիցներ:

Այնուհանդերձ, իրեն լքված զգալով ազգային անվտանգության երկու հիմնական հարցերի լուծման մեջ, Թուրքիան որոնում է այլ, իր արտաքին քաղաքականությանը բարեկամական կապեր: Այս դեպքում գործերի ընթացքը կորոշվի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքով:
Հիլալ ԿԱՊԼԱՆ, Sabah


Հ.Գ. Դիվանագիտության կլասիկա՝ թուրքական դիվանագիտության: Բռնությունները ներկայացվում են իբրև պետության կայունություն, բռնակալը՝ երկրի ապագա: Այդ տրամաբանությամբ արդեն միանգամայն «օրինական է», որ իրենց երկրի «ազատ, արդար ու անկողմնակալ» հարցումներով երկրի բնակիչների 88 % -ը Գյուլենին ահաբեկիչ է համարում, որ հեղաշրջման փորձի հետևում է կանգնած, ԱՄՆ-ը նրան համարում է սովորական հոգևորական: Ինչ դավաճանություն: Բայց առավել բնորոշը՝ Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունն է և այն, որ Ռուսաստանի նկատմամբ Անկարայի վերաբերմունքը պայմանավորում է ԱՄՆ-ը: Իրականում Թուրքիան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ չի հայտնվել, ընտրությունը ներքին է՝ տրվե՞լ Էրդողանի «ժողովրդավարական» ծրագրին ու աշխարհիկ պետությունից վերածվել մուսուլմանական բռնապետության, թե՞ թոթափել միապետի կապանքները ու պահպանել Թուրքիայի Հանրապետությունը: ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՌԴ-ն ունեն իրենց շահերն ու իրենց խնդիրները, որոնց լուծման շրջագծում էլ հարաբերվում են Էրդողանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ