Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒկրաինան Ադրբեջանին Եվրոպա չի թողնում

ՈՒկրաինան Ադրբեջանին Եվրոպա չի թողնում
25.09.2016 | 09:19

ՈՒկրաինայի ԱԳ նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն ուկրաինական «Обозреватель»-ին հետաքրքիր հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «առաջ գնալու և ճգնաժամային միտումները հաղթահարելու համար Եվրոպան նախ և առաջ պետք է պատասխանի հարցին՝ որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ է վերջանում»: Դիվանագետը ճշտել է, որ ԵԱՀԿ «մտնում են երկրներ, որ ապրում են բոլորովին այլ քաղաքակրթական տարածքում, իսկ նրանց փորձում են քշել շրջանակների մեջ, որտեղ իրենց բոլորովին հարմարավետ չեն զգում: Որպեսզի պատասխանենք հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական միությունը մի քանի տարի հետո, նախ պետք է հասկանալ՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպան: Իմ կարծիքով՝ Եվրոպան ավարտվում է ՈՒկրաինայով, Բելառուսով, Մոլդովայով, Վրաստանով ու Հայաստանով»:


Ինչպես և սպասելի էր՝ Բաքուն կտրուկ արձագանքել է: Haqqin. az պորտալը Նաիրա Ալիևայի շուրթերով մեղադրել է Վլադիմիր Օգրիզկոյին աշխարհագրություն չիմանալու մեջ՝ հիշեցնելով, որ «Եվրոպան աշխարհագրորեն ավարտվում է Ապշերոնի թերակղզով» և «հենց Ադրբեջանում է այն կետը, որ բաժանում է Եվրոպան ու Ասիան», նաև հարց է տվել՝ «երկա՞ր է Ադրբեջանը ՈՒկրաինային համարելու բարեկամական պետություն, կիևցի գործիչները, նաև նրանք, ովքեր ուղղակի կապված են նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ամեն ինչ անում են, որ վերջնականապես կռվեցնեն մեր պետություններին»:


Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, որպեսզի մեզ չկասկածեն կողմնակալության մեջ, հիշեցնեմ՝ ինչ էր գրում Եվրոպայի ու Ասիայի սահմանի մասին 2015-ի մարտին տեղեկատվական «Մոսկվա-Բաքու» կայքը, երբ հաղորդում էր ռուս-ադրբեջանական համատեղ գիտական արշավախմբի մասին, «որի աշխատանքի արդյունքները կարող են փոխել Եվրոպայի ու Ասիայի սահմանների մասին ավանդական պատկերացումները»: Հղում անելով Ադրբեջանի ԳԱ աշխարհագրության ինստիտուտի պաշտոնական կայքին՝ նշվում էր, որ «մայր ցամաքների միջև սահմանը որոշվել է 1964-ին և մինչ այսօր այդ հարցը մնում է վիճելի»:

Ադրբեջանցի գիտնականների կարծիքով՝ այն ժամանակ «հաշվի չեն առնվել միջազգային գիտական-աշխարհագրական մի շարք կանոններ, մասնավորապես՝ Մեծ Կովկասի լեռների ջրբաժանի և այլ բնական-աշխարհագրական գործոնների, որի հետևանքով սահմանը անհիմն անցել է Կումո-Մանիչական իջվածքի կենտրոնով»: Ադրբեջանի աշխարհագրական ինստիտուտի գիտնականները հիպոթեզ են առաջադրել, որ «Եվրոպան ու Ասիան բաժանող սահմանը սկսվում է Սև ծովում, անցնում է Մեծ Կովկասի ջրբաժանով, Դյուբրար և Կիմչի սարերով, Ապշերոնի թերակղզու հյուսիսային մասով և հետո՝ Կասպից ծովով անցնում է Ղազախստանի Մագիստաու թերակղզով, ՈՒրալյան լեռների արևելյան լանջերով և միանում է սահմանին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում»:


Այդ բաժանումով Ադրբեջանը Ռուսաստանի (23 %) և Թուրքիայի (3 %) հետ միասին դառնում է տրանսմայրցամաքային երկիր: Իսկ դա արդեն աշխարհագրություն է՝ գումարած մեծ քաղաքականություն: Բաքուն բանավեճին ակտիվ մասնակցում էր ոչ պատահաբար, խոսքը Ադրբեջանում Եվրոպական խաղեր անցկացնելը հիմնավորելու մասին էր: Այնուամենայնիվ, հիմա նույնիսկ մասնագետներն են դժվարանում հստակ նշել Եվրոպայի ու Ասիայի սահմանը տարբեր մեթոդոլոգիաների պատճառով: Տարբեր խնդիրներ են, երբ հիմք են ընդունվում որոշակի տեխնիկական-աշխարհագրական բնութագրեր, և տարբեր՝ երբ խոսքը քաղաքակրթական կողմնորոշիչների օգտագործման մասին է, որոնցով դեռ անտիկ աշխարհում էին կառուցվում Ասիայի ու Եվրոպայի սահմանները: «Եվրոպա» հասկացությունն էլ առաջին անգամ հատուկ բովանդակություն է ստացել հույների ու պարսիկների առճակատման ենթատեքստում, երբ մ.թ.ա. V դարից հին հույն հեղինակները սկսեցին շաղկապել Եվրոպայի ու Ասիայի հայեցակարգերը լեզվի, մշակույթի, կենցաղի, կառավարման համակարգի տարբերությունների հետ:


Հիմա էլ գոյություն ունի պաշտոնական, բայց քաղաքական սահման Եվրոպայի ու Ասիայի միջև: Բավական է նայել, օրինակ, Ազգային աշխարհագրական ընկերության և World Factbook-ի ատլասները: Պաշտոնական սահմանը համարվում է այն գիծը, որ անցնում է Էգեյան ծովով, Դարդանելով, Մարմարի ծովով, Բոսֆորով, Սև ծովով, Մեծ Կովկասի ջրագծով, Կասպից ծովի հյուսիս-արևմտյան մասով և ՈՒրալ գետով մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս: Այդ բաժանումով՝ Վրաստանն ու Ադրբեջանը Ասիայում են, բայց նրանց փոքր մասը գտնվում է Մեծ Կովկասի ջրբաժանից հյուսիս Եվրոպայում: Ստամբուլը Բոսֆորի նեղուցի երկու կողմերում է, որ քաղաքը դարձնում է տրանսմայրցամաքային, ինչպիսին են Ռուսաստանն ու Թուրքիան: Բայց Ռուսաստանը պատմականորեն եվրոպական երկիր է՝ Ասիայում նվաճումներով, իսկ Թուրքիան՝ ասիական երկիր՝ Եվրոպայում նվաճումներով:


Վերջին ժամանակներս՝ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումների առնչությամբ, ակտիվացել են բանավեճերը՝ կարելի՞ է եվրոպացիներ համարել թուրքերին: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ասում է. «Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում: Թուրքիան մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն ունի, բայց կամուրջ է Ասիայի ու Եվրոպայի միջև: Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, ես միշտ եմ այդ կարծիքին եղել, որ ողջամտության վրա է խարսխված: Դա բնավ չի նշանակում, որ ես դեմ եմ թուրքերին, նրանք մեզ պետք են, մեր դաշնակիցներն են ՆԱՏՕ-ում: Բայց երբ մենք սկսենք բացատրել, որ Թուրքիան Եվրոպա է, դպրոցականներին պիտի ասենք, որ եվրոպական սահմանն անցնում է Սիրիայով: Դա ողջամտությունից դուրս է: Խնդիրը միայն այդքանը չէ: Ի՞նչ խնդիր ենք մենք դնում Եվրոպայում: Եվրամիությունը եվրոպական երկրների միություն է: Նույնիսկ աշխարհագրական իմաստով Թուրքիան միայն Բոսֆորի մի ափ ունի Եվրոպայում: Հարց է ծագում՝ որքանո՞վ կարող է Թուրքիան պատմականորեն, մշակույթով, տնտեսապես համարվել եվրոպական երկիր: Եթե մենք ասում ենք՝ այո, մենք Եվրամիության մահն ենք ուզում: Եթե խոսենք Թուրքիայի անդամակցության մասին, թույլ տվեք ասել, որ Ռուսաստանը շատ ավելի շատ եվրոպական երկիր է, քան՝ Թուրքիան»:

Փաստորեն՝ նորից իր մասին հիշեցնում է եվրոպական նույնականության քրիստոնեական ծագումնաբանության քաղաքականությունը: Այդ առումով՝ ուկրաինացի դիվանագետ Վլադիմիր Օգրիզկոյի հայտարարությունը տրամաբանական է՝ ՈՒկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կարելի է ներկայացնել ԵՄ-ի «քրիստոնեական» կազմում, քան թե Իսլամական Համագործակցության կազմակերպության: Եվ դժվար է տեսնել Ադրբեջանը միաժամանակ երկու ընկերակցությունների անդամ: Ինչ էլ հնարես, փաստ է, որ Եվրոպայի նույնականացումը Ատլանտյան ափերից մինչև Արևելյան Եվրոպա կատարվել է երեք ունիվերսալ հիմքերի վրա՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Մերովինգների ու Կարոլինգների արքայական դինաստիայի ու Հռոմի սրբազան կայսրության, որոնց իրական այլընտրանք չի եղել:


Այլ հարց է, որ ԵՄ-ում ակտիվորեն ծավալվում է նոր ինքնազգացողության ձևավորման գործընթաց, որի հիմքում քրիստոնեական Եվրոպայի պատմական իրադարձությունների վերականգնումն է: Իսկ Բրյուսելը, սահմանելով այս կամ այն պետության անդամակցությունը այս կամ այն պայմաններով, փաստացի հաստատում է իր գերազանցության բարդույթը այլ տարածաշրջանների ու ժողովուրդների վրա: Թուրքիան այդ ֆենոմենը ծանր է տանում: Ռուսաստանը, իբրև նախկին կայսրություն, ունի ինքնուրույն քաղաքակրթական ինքնաբավություն: Իսկ Ադրբեջա՞նը: Կամ՝ Ադրբեջանը թույլ է տալիս իրեն կուլ գնալ թուրքական քաղաքակրթոթյանը, կամ՝ ինքնուրույն է որոշում իր պատմական զարգացման ճանապարհներն ու հեռանկարները: Իսկ ՈՒկրաինան իր ԱԳ նախկին նախարարով բացարձակապես կապ չունեն այդ ընտրության հետ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ որտե՞ղ է Հայաստանը: Ոչ աշխարհագրորեն: Ոչ քրիստոնեաբար: Որտե՞ղ է իր նույնականացումը գտնում Հայաստանը՝ Ասիայո՞ւմ, թե՞ Եվրոպայում: Ո՞ր միջավայրում ենք մենք առավել ունակ ինքնարտահայտման: Ի՞նչ է մեզ տալիս խաչմերուկի կարգավիճակը՝ ոչ մի տեղ յուրային չե՞նք, թե՞ մերան ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ