Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրությունները Վրաստանում. Մրցակցություն ու նիհիլիզմ-3. Անորոշություն և մեղադրանքներ

Ընտրությունները Վրաստանում. Մրցակցություն ու նիհիլիզմ-3.  Անորոշություն և մեղադրանքներ
29.09.2016 | 09:31

(առաջին մասը՝ այստեղ)


Թբիլիսիի փողոցներում շատերն են ասում, որ դրական փոփոխությունների և սոցիալական վիճակի բարելավման հույս ունեն, բայց ոմանք հրաժարվում են մեկնաբանել առաջիկա ընտրությունները՝ անվստահություն հայտնելով ընտրարշավի բոլոր մասնակիցներին: «Оֆ, ինչ տարբերություն՝ ո՞ւմ կընտրեն: Նրանք բոլորն էլ մտածում են իրենց գրպանի մասին, ոչ թե ժողովրդի»,-նյարդայնացած ասաց ինձ անցորդներից մեկը, երբ հարցրի ընտրությունների մասին կարծիքը: 2013-ին հրաժարական տված Բիձինա Իվանիշվիլին չկա «Վրացական երազանքի» ընտրացուցակում, սակայն պարբերաբար հանդիպում է լրագրողներին ու իր աջակցությունը հայտնում «Վրացական երազանքին»: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հուլիսի վերջին հրապարակած հարցման արդյունքներով՝ Վրաստանում մեծ թիվ են կազմում չկողմնորոշվածները՝ հարցվածների 57%-ը «Եթե ընտրությունները վաղը լինեին, ո՞ւմ կընտրեիք» հարցին պատասխանել են, որ դեռ չեն վճռել:

Բնակչության նախընտրական տրամադրությունները նկատելիորեն տարբերվում են 2012-ի ընտրություններից, երբ երկու քաղաքական ուժերը՝ «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումը», ներկայացնում էին ընտրությունները երկրի գոյատևման հարց՝ ասում է Հասարակական գործերի վրացական ինստիտուտի Իրավունքի ու քաղաքականության դպրոցի դեկան Բակուր Կվաշիլավան. «Այսօր հասարակությունը զգում է, որ ով էլ գնա խորհրդարան ու կառավարություն, իրավիճակն ավելի չի վատանա: Չնայած հայտարարություններին, որ արվում էին 2012-ին, «Վրացական երազանքն» այդքան էլ ռուամետ չէր: Իրականում դա մեծ թվով ձայներ ստանալու հռետորաբանություն էր»՝ ասում է Կվաշիլավան: Նրա կարծիքով՝ այսօր բնակչությունը հնարավորություն ունի ավելի հանգիստ վիճակում և ռացիոնալ գնահատել թեկնածուներին ու կուսակցությունների առաջակած ծրագրերը: «Բնակչությունը արդեն տեսնում է խնդիրները, տեսնում է, որ ծրագրերն ու կուսակցության առաջարկած մարդիկ վստահություն չեն ներշնչում, դա է նիհիլիզմի պատճառը, որ ես համարում եմ ողջամիտ,-ասում է Կվաշիլավան:- Դա օգտակար ուղերձ է կուսակցություններին, որ հաջորդ չորս տարիներին ավելի մեծ ուշադրություն դարձնեն սեփական խոստումների կատարմանը, ոչ թե օլիգարխներից ֆինանսավորում ստանալու ճանապարհներին»: Անկախ վերլուծաբան Զալա Անջափարիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքական դաշտի, այդ թվում «Վրացական երազանքի» գլխավոր պրոբլեմը վստահություն վայելող առաջնորդների դեֆիցիտն է: Իշխող կուսակցությանն աջակցության գլխավոր ոգեշնչողը առաջվա պես մնում է Բիձինա Իվանիշվիլին՝ ասում է Անջափարիձեն: «Վրացական երազանքում» բացահայտ ու հանրաճանաչ լիդերներ չկան: Նույնիսկ նրանց բերած նոր մարդիկ ծանոթ չեն լայն հանրությանը, հասարակությունը նրանց չի ճանաչում: Մի խոսքով՝ ամբողջ կուսակցությունը հենվում է Իվանիշվիլիի վրա»,- ասում է Զալա Անջափարիձեն:


Նախկին վարչապետը միակը չէ, ում անունը կուսակցական ցուցակում չկա, բայց ում համար ընտրողների մի մասը գնում է ընտրության: Նախկին նախագահ, հիմա Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պարբերաբար տեսաելույթներով դիմում է Վրաստանի բնակչությանը: Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, երկրորդն է «Ազգային շարժման», ցուցակում, նաև իր թեկնածությունն է դրել Զուգդիդիի մեծամասնական ընտրատարածքում: Բայց նախկին նախագահի ազդեցությունը «Ազգային շարժման» հանրաճանաչության վրա Վրաստանում քաղաքագետները միանշանակ չեն գնահատում: «Դժվար է ասել՝ ինչ դեր է խաղում այսօր Միխայիլ Սահակաշվիլին «Ազգային շարժման» համար: Մի կողմից՝ Սահակաշվիլին պատասխանատվություն է կրում բոլոր դրական բարեփոխումների համար, որ եղել են Վրաստանում «Ազգային շարժման» կառավարման տարիներին, բայց նաև պատասխանատու է այն համակարգային խախտումների համար, որ կատարվել են այդ տարիներին,-ասում է Կվաշիլավան: -Այսօր «Ազգային շարժմանը» դժվար է ասել, որ ինքն անկախ է Սահակաշվիլիից, և դժվար է ասել, որ Սահակաշվիլին է իրենց ղեկավարում: Դա չորոշարկված հարց է»: Կուսակցության նման վերաբերմունքը Սահակաշվիլիի անձին, որ Վրաստանի քաղաքացի չէ և երկրում չէ, կարող է խոչընդոտել նոր կողմնակիցների ներգրավումը և «Ազգային շարժման» շարքերի համալրումը, բայց Սահակաշվիլիից «հրաժարումը» կարող է հանգեցնել կուսակցությանը հաստատուն աջակցության կորստին, որ մոտ 15% է՝ ասում է Բակուր Կվաշիլավան: Այս փուլում կուսակցությունը խաղադրույք է դրել հօգուտ կայուն ու ամուր 15 տոկոսի՝ գտնում է փորձագետը: «Դա երևում է նրանից, որ «Ազգային շարժումը» մինչև օրս գործնականում համապարփակ բացատրություններ չի տվել այն համակագային հանցագործություններին, որ կատարվել են Սահակաշվիլիի իշխանության տարիներին»,- ասում է Բակուր Կվաշիլավան:


Մեղադրանքներ
Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո նախկին նախագահին, ինչպես բազում նախկին իշխանավորների, մեղադրանքներ ներկայացվեցին, մի քանի բարձրաստիճան նախկիններ հայտնեցին ճաղերի հետևում: Վանո Մերաբիշվիլիին մեղադրանքներ ներկայացվեցին մի շարք գործերով՝ այդ թվում Թբիլիսիի դատարանը նրան մեղավոր ճանաչեց ծառայողական իրավասությունների գերազանցման մեջ 2011-ի մայիսի 26-ին բողոքի ցույցը բռնի ցրելու գործով: Մերաբիշվիլին, ինչպես և «Ազգային շարժումը», մեղադրանքը համարում են քաղաքական դրդապատճառներով: Այս շաբաթ դատախազությունը տարածեց մինչ այդ անհայտ տեսանկարահանում՝ 2011-ի մայիսի 26-ին բողոքի ցույցը ցրելու գործով՝ նոր մեղադրանքներ ներկայացնելով մի քանի նախկին ուժայինների: Դատախազությունը հայտարարեց, որ սահմանադրային անվտանգության դեպարտամենտի օպերատորի նկարահանած կադրերը գտնվել են հետո և առաջ հայտնի չէին հետաքննութանը, բայց նրանց հայտնությունը ընտրությունների նախօրեին կասկածներ հարուցեց, որ իշխանությունը ուզում է հասարակական կարծիքը կառավարել՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ոչկառավարական հատվածում: «Այդ ամենի հրապարակումը ընտրություններից առաջ, իհարկե, պրոբլեմ է, որովհետև միանշանակ նպատակ ունի ազդել ընտրողի ու նրա որոշման վրա»՝ հայտարարեց Էկա Գիգաուրին՝ Վրաստանում Transparency International-ի գործադիր տնօրենը: Մայիսի 26-ի գործով նոր մեղադրյալներից է Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար, իսկ հիմա Ուկրաինայում Օդեսայի ոստիկանության գլխավոր վարչության պետ Գեորգի Լորդկիպանիձեն: Դատախազությունը հայտարարեց, որ մեղադրանքը ներկայացվել է հեռակա, քանի որ նա խուսափում է հետաքննությունից: Հարցաքննության հրավիրված Լորդկիպանիձեն հայտարարել է, որ չի կարող ներկայանալ իր ծառայողական պարտականությունների պատճառով, նշելով, որ արդեն մի քանի անգամ այդ գործով հարցաքննվել է:
Նինա Ախմետելի, BBC


Հ.Գ. Նրանք գնացին դեպի ԵՄ, մենք՝ ԵՏՄ, բայց ներքաղաքական կյանքում նույն պատկերն է, Կովկասը մնում է Կովկաս, միայն թե մենք այլ երկրներ թռչելու համար գնում ենք Թբիլիսիի միջազգային օդանավակայան, դեղերն ու վիրահատությունները Վրաստանում ավելի էժան են, քան Հայաստանում: Բիզնես դնելն ու հաջողակ գործարար լինելը հայերի համար Վրաստանում ավելի հեշտ է, քան՝ Հայաստանում: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց վրացական ապրանքները Ռուսաստանում ավելի շատ են վաճառվում, քան՝ հայկական: Ու՝ շարքը երկար է: Իսկ գուցե պատճառը ընտրություններն են, որ նրանք կազմակերպում են ժողովրդավարական չափանիշներով, մենք՝ սովետական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ