Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Գունավոր մեկնաբանություն» Ռուսաստանի վերաբերյալ

«Գունավոր մեկնաբանություն» Ռուսաստանի վերաբերյալ
04.10.2016 | 09:45

Ամերիկյան ֆուտբոլում «գունավոր մեկնաբանություն» հնարավոր չէ, եթե երկրորդ մեկնաբանը մանրամասն չի նկարագրում դաշտում կատարվողը՝ ճշգրիտ եզրույթներով ու թվերով: Ճիշտ նույն կերպ, մենք Global Affairs-ի հեղինակներս, միաժամանակ հենվում ենք անկողմնակալ, օբյեկտիվ վերլուծության վրա, որ ընթերցողները սովոր են ստանալ Stratfor-ի մյուս նախագծերից, և ելնում ենք դրանից: Ինչպես վերջերս գրել էր Stratfor-ի գլխավոր խմբագիր Դևիդ Ջադսոնը, առաջիկայում մենք ուզում ենք Global Affairs-ը ընդլայնել՝ արտաքին հեղինակների մեր վահանակը դարձնել ավելի բազմազան ու անսովոր: Հավելեմ, որ թեպետ մենք չենք սահմանափակվում լիբերալ-պահպանողական սպեկտրով, հեղինակների հայացքները նշանակություն ունենալու են: Մենք որոշակի հավասարակշռություն պահելու ենք: Դա, հասկանալի է, չի նշանակում աջերի ու ձախերի միջև խիստ միջինի որոնում (առավել ևս, որ շատերը դրան չեն հավատում պարզապես): Դրա փոխարեն մենք ծանրությունը մեկ՝ մի, մեկ՝ մյուս ոտքին ենք գցելու, և այդպես աջ, ձախ, աջ, ձախ քայլելու ենք դեպի հավասարակշռված ու ազնիվ մեկնակետ:


Այս սյունակում ես ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել իմ տպավորությունները Ռուսաստան կատարած վերջին այցից: Անմիջապես նախազգուշացնեմ, որ տպավորություններս մեծ մասամբ հակասում են այն ամենին, ինչ դուք հավանաբար կարդացել եք մամուլում:


Ես Ռուսաստանի մասնագետ չեմ: Չեմ խոսում ու չեմ կարդում ռուսերեն: 1980-ից ես այն փոքրաթիվ մարդանցից մեկն եմ, որ զբաղվում է քաղաքացիական դիվանագիտությամբ: Մեզնից մեկը, որ այդ ժամանակ աշխատում էր պետդեպարտամենտում, առաջարկեց «դիվանագիտության երկրորդ ճանապարհը» արտահայտությունը: Երբ առաջին ճանապարհին, այսինքն` բարձր մակարդակի պրոֆեսիոնալ դիվանագիտության մեջ, գործերը փակուղի են մտնում, իմաստ ունի կազմակերպել բանկիրների հանդիպում բանկիրների հետ, ուսուցիչների՝ ուսուցիչների հետ, հոգեբանների՝ հոգեբանների հետ: Դա օգնում է մարդկանց ճեղքել թշնամությունն ու նախատրամադրվածությունը և միմյանց հասկանալ: Սովորական քաղաքացիների զրույցները ենթադրյալ հակառակորդ երկրի սովորական քաղաքացիների հետ թույլ են տալիս հասկանալ, որ մենք բոլորս տաբատը հագնում ենք նախ մեկ ոտքին, հետո՝ մյուսին, և միջուկային զենքը լավագույն հաշվարկային միջոցը չէ:


Երկրորդ ճանապարհ՝ քաղաքացիական դիվանագիտության ինստիտուտ


Այդ պատճառով մենք ստեղծեցինք կազմակերպություն «Երկրորդ ճանապարհ՝ քաղաքացիական դիվանագիտության ինստիտուտ» անունով: Մեր նախաձեռնություններից են Մոսկվայում հոգեբանական գրադարանը, գեղարվեստական մրցույթը՝ ցուցահանդեսներով Սան Ֆրանցիսկոյում ու Վլադիվոստոկում, Տիեզերքի ուսումնասիրության միջազգային ընկերության ստեղծումը, որտեղ ռուս տիեզերագնացներն ու ամերիկացի աստղագնացները առաջին անգամ կարողացան հանդիպել և սկիզբ դնել արդյունավետ համագործակցության, որ շարունակվում է մինչ օրս: Ժամանակին մեր փոքրիկ կազմակերպությունը հովանավորեց Բորիս Ելցինի առաջին այցը ԱՄՆ: Հյուստոնի սուպերմարկետում՝ մանանեխի բազում տեսակների դարակների առաջ մեր հյուրը հանկարծ հասկացավ՝ ինչից է զրկվել իր ժողովուրդը կոմունիստների 70-ամյա կառավարման պատճառով: «Ամբողջ կյանքում ինձ ստել են»՝ ասաց նա: Ռուսաստան վերադառնալով՝ Ելցինը դուրս եկավ կոմունիստական կուսակցությունից: 1991-ի օգոստոսին, անհաջող պուտչի օրերին նա բարձրացավ տանկի վրա, հետոն լավ հայտնի է: Ի հետևանս՝ ինձ և մեր խմբից ևս հինգ հոգու վերջերս հրավիրեցին Բորիս Ելցինի նախագահական կենտրոն ու թանգարան, մենք անցած շաբաթ ենք վերադարձել:


Նախորդ այցերը Ռուսաստան


Առաջին անգամ Ռուսաստանում եղել եմ 1983-ին՝ սառը պատերազմի ավարտից շատ առաջ: Երկրորդ անգամ՝ 1986-ին, երրորդ՝ 1991-ին, ձախողված հեղաշրջումից ընդամենը մեկ շաբաթ առաջ, չորրորդ անգամ՝ 2005-ին, երբ ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ 10 օրում 28 հարցազրույց եմ արել ազդեցիկ ռուսների հետ: Առաջին այցից՝ Մոսկվա ու Թբիլիսի, հիշում եմ հյուրընկալության և խեղճության համադրումը: Հակառակ քաղաքում տիրող ամայությանը, հատկապես տպավորիչ էր մոսկովյան մետրոպոլիտենի կայարանների գեղեցկությունը: Ես նույնիսկ ռուս ծանոթներիս ասացի, որ հասկանում եմ կապիտալիզմի ու կոմունիզմի տարբերությունը՝ մենք կապիտալիստական երկրներում մարմարից բանկեր ենք կառուցում, դուք՝ հասարակական գետնուղի:
Թեպետ ես շատ էի լսել անաստված կոմունիզմի մասին, ինձ ցնցեց ու հուզեց Թբիլիսիի տաճարում ուղղափառ պատարագը: Տենորները վեր էին խոյանում, բասերը վար էին բերում, անուշահոտությունը լցնում էր տարածքը: Անսպասելի էր: Շուրջբոլորս մարդիկ էին, ոչպաշտոնական մթնոլորտը կտրուկ տարբերվում էր եպիսկոպոսական եկեղեցու չոր կարգուկանոնից: Ես չէի կարող չնկատել այդ իբրև թե անդասակարգ հասարակության հիերախիան: Եկեղեցական երգեցողությունից բացի, ես հիշեցի զիլ ազդանշանները, որ վկայում էին՝ երկար «Լադաները» Մոսկվայի դատարկ փողոցներում տեղափոխում են քաղբյուրոյի անդամներին: «Մեր կոնգրեսականներն ու սենատորները ավելի համեստ են»՝ նկատեցի ես: 1986-ին երկրորդ այցի ժամանակ ես առաջին անգամ տեսա բացախոսության ու վերակառուցման փայլատակումները: Ես ուզում էի հոդված գրել «Ռուսաստանից՝ հույսով» վերնագրով, բայց ինձ հետ պահեց հանգուցյալ Պավել Պոզները՝ Վլադիմիր Պոզների եղբայրը, որ հետո ԱՄՆ-ում հեռուստահաղորդում էր վարում Ֆիլ Դոնահյուի հետ, ապա դարձավ գլխավոր մեկնաբաններից մեկը ռուսական Առաջին ալիքում: Երբ մենք Պավելի հետ թռչում էինք Փարիզ, նա համոզեց ինձ, որ իմ հույսերը վաղաժամ են, բայց նա ճիշտ չէր:


1989-ին փլուզվեց Բեռլինյան պատը, և իմ երրորդ այցի ժամանակ՝ 1991-ին Ռուսաստանում ինձ տպավորեցին նոր սուպերմարկետները: Անցյալ էին երկար հերթերը, որ մարդիկ կանգնում էին պարեն գնելու համար: Անհետացել էր, թեպետ ոչ լրիվ, ամայությունը: Սեփականաշնորհումը լցրել էր ինչ-որ ժամանակ դատարկ դարակները սպառման ապրանքներով: Սակայն ազնիվ լինենք՝ ամբողջության մեջ այդ սեփականաշնորհումը Ջեֆրի Սակսի ոճով՝ ավելի ճշգրիտ՝ նույն կոշտ մոդելով, որ կարծես հաջող աշխատել էր Լեհաստանում, Ռուսաստանի համար աղետալից էր: Սակավաթիվ ընտրյալները, հետո նրանց կանվանեն օլիգարխներ, ստացան վիթխարի հարստություն, իսկ գյուղացիների թոշակները խժռեց ինֆլյացիան:


2005-ին, իմ չորրորդ այցելության ընթացքում իմ վարած 28 հարցազրույցների գլխավոր գաղափարն էր. «Անցյալին մենք այլևս չենք վերադառնա: Մեզ պետք չէ համակարգը, որտեղ մենք ձևացնում ենք, թե աշխատում ենք, իսկ նրանք ձևացնում են, թե մեզ վճարում են, որտեղ բոլորը հավասար են, այսինքն՝ աղքատ են միանման: Մենք գնահատում ենք ազատությունը, կապիտալիզմը և ժողովրդավարությունը, բայց մենք ուզում ենք գնալ մեր ճանապարհով: Դուք՝ ամերիկացիներդ, չափազանց մեծամիտ եք: Մի խանգարեք մեզ»: Լսեցի՞նք մենք նրանց: Չնայած բանավոր երաշխիքներին, որ ՆԱՏՕ-ն չի մոտենա Ռուսաստանի սահմաններին, որ Ռոնալդ Ռեյգանը տվեց Միխայիլ Գորբաչովին Ռեյկյավիկի բանակցություններում, դաշինքը հենց դա էլ արեց: Բավական է հիշել Վիկտորյա Նուլանդի գործունեության մասին արտահոսքը 2014-ի ուկրաինական հեղաշրջումից առաջ:
Երկրորդ կարևոր գործոնը, որի մասին շատերն էին ինձ ասում 2005-ին, ռուսական տնտեսության բաժանումն էր երկու հատվածի: Առաջինը արդյունահանող ճյուղերն են՝ առաջին հերթին նավթի: Նավթի արտահանումը վիթխարի շահույթ է բերում, որ հարստացնում է իշխանություններին ու զինվորականներին, բայց ոչ ժողովրդին: Երկրորդ հատվածը՝ սպառման ապրանքների, կտրականապես անբավարար է կապիտալացված: Թեպետ իմ զրուցակիցները ցանկանում էին, որ երկրորդ հատվածը սուբսիդավորվի առաջինի եկամուտներով, նրանք հոռետես էին: Կառավարական ու ռազմական շրջանակներին ռուսական սպառման ապրանքների էկոնոմիկան չափազանց քիչ էր հետաքրքրում:


Թարմ տպավորություններ


Ի՞նչ տպավորություններ են մնացել վերջին այցից: Նմա՞ն է Ռուսաստանը երկրի, որ տուժել է պատժամիջոցներից: Ինչ-որ չափով, բայց ոչ շատ: Իսկ երկրի՞, որ պատրաստվում է Արևմուտքի հետ պատերազմելու: Բացարձակապես ոչ: Ես տեսա տոներ: Ես տեսա բարեկեցություն: Ես տեսա փողոցներ՝ ազատ, իրենց անկաշկանդ պահող մարդկանցով: Դա վկայում էին նրանց քայլվածքը, հագուստը, հայացքը: «Այո, բայց դա Մոսկվան է, որտեղ ամբողջ հարստությունն է կուտակված, իսկ մնացած Ռուսաստանը ապրում է XII դարում»՝ կարող են ինձ առարկել: Ես մի շաբաթ եղա Եկատերինբուրգում՝ մեծությամբ չորրորդ քաղաքում, որ ժամային երկու գոտով է Մոսկվայից հեռու, Սիբիրի ծայրին, ամբողջ կյանքումս հազվադեպ եմ տեսել այդքան շինարարական կռունկներ, որքան այնտեղ: Եկատերինբուրգի «Ելցինի կենտրոնը» ճարտարապետական հրաշք է: Քաղաքապետը կարծես կինոէկրանից էր իջել՝ բարձրահասակ (6 ֆունտ 5 դյույմ), 54-ամյա վազքասեր, հմայիչ ու տպավորիչ, որ կարիերան սկսել է իբրև պոետ:
Եթե մի կողմ թողնենք բազում մանր ու հաճելի մանրամասներ, հին ու նոր ճարտարապետությամբ հիացմունքը, հետաքրքրությունը տեղական էկզոտիկայով, մնում է երկու ընդհանուր պահ: Առաջինը կապված է տնտեսության երկու հատվածներին, որի մասին ինձ ասում էին 2005-ին: Պատժամիջոցները Ռուսաստանին մղեցին կապիտալացնել իր սպառողական էկոնոմիկան արտասահմանյան ապրանքների փոխարինման միջոցով: Դա վաղուց պիտի արվեր, բայց մինչև պատժամիջոցները չէր ստացվում: Սպառողական ապրանքների ներմուծման դժվարությունների պատճառով ռուսները սովորում են ինքնուրույն արտադրել այդ ապրանքները և արդեն ունեն հաջողություններ: Բնական պաշարների առատությունը, գյուտարարությունը և կրթված աշխատուժը նպաստում են հաջողությանը: Երկրորդը վերաբերում է հաճախ հանդիպող համեմատությանը՝ ռուսական ճանապարհի և չինական մոդեռնացման: Չինաստանը տնտեսական բարեփոխումներ է արել մինչև քաղաքականը, իսկ Ռուսաստանը՝ քաղաքական բարեփոխումներ մինչև տնտեսականը: Մինչև հիմա, հատկապես 1990-ականներին, ռուսական անշնորհք սեփականաշնորհման տարիներին, որ անցկացրին ամերիկացիները, չինական ճանապարհը շատերին ավելի հաջող էր թվում: Սակայն հիմա, երբ տարաձայնությունները Արևմուտքի հետ Ղրիմի անեքսիայի պատճառով, ամրացրին ավտորիտար ղեկավար Վլադիմիր Պուտինի դիրքերը, Ռուսաստանում ծագեց ավտոկրատ կապիտալիզմի նոր տեսակ, որ կարող է մրցակցել Չինաստանի ավտոկրատիկ կապիտալիզմի հետ: Ռուսները գնում են իրենց ճանապարհով և իմ տպավորությամբ՝ ունեն տպավորիչ արդյունքներ: Իհարկե, Ռուսաստանում ամեն ինչ հրաշալի չէ: Բավական է հիշել դոպինգային սկանդալը, որ թույլ չտվեց օլիմպիական հավաքականի կեսին մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին և ամրապնդեց ռուս նենգ չարագործների հոլիվուդյան ստանդարտ կերպարը: Չի կարելի մոռանալ մամուլի ազատությունների պուտինյան սահմանափակումները: Վերջերս իշխանությունները վերջին անկախ սոցիոլոգիական ծառայությունը՝ «Լևադա կենտրոնը», հայտարարեցին պետության թշնամի: «Ցուցակում» հայտնվելը հավանաբար կկործանի կենտրոնը: Որոշ ձեռներեցների ու մտավորականների Մոսկվայի բարեկեցությունը առանձնապես չի ուրախացնում: Նրանց կարծիքով՝ «հացի ու զվարճանքի» փոխարեն երկիրը ստիպված է հաշտվել խնամիական կապիտալիզմի ու անազատ մամուլի հետ, իսկ դա չափազանց բարձր գին է: Միաժամանակ՝ իմ բոլոր զրուցակիցները, առանց բացառության, դժգոհ էին ամերիկյան լրագրության հակառուսական թեքումից: Եվ վերջինը՝ բախվեցի՞նք ես և իմ ուղեկիցները հակաամերիկականության թեկուզ ստվերի հետ: Ոչ: Բացարձակապես:
Ջեյ ՕԳԻԼՎԻ, Stratfor, ԱՄՆ


Հ.Գ. Ի՞նչ էր Ջեյ Օգիլվին տեսնելու, եթե Հայաստան գար: Ի՞նչ է մեզ պետք տնտեսության դիվերսիֆիկացման համար, այն պարագայում, երբ մենք չունենք հանքահումքային ռեսուրսներ և շեշտը էժան արտաուժի արտահանման վրա ենք դրել: Ներմուծվող ապրանքների սեփականով փոխարինման, այսինքն՝ արդյունաբերության վերականգնման համար միայն փո՞ղն է պակասում, թե՞ կա նաև ներմուծողների գործին խփելու հանգամանքը: Եվ՝ մեզ պետք չէ՞ «դիվանագիտության երկրորդ ճանապարհը», երբ առաջին ճանապարհին՝ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ դիվանագիտության մեջ, գործերը փակուղի են մտել, հնարավո՞ր է կազմակերպել բանկիրների հանդիպում բանկիրների հետ, ուսուցիչների՝ ուսուցիչների հետ, հոգեբանների՝ հոգեբանների հետ: Թե՞ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունները ևս մեկ տասնամյակ լինելու են միայն միջնորդների առկայությամբ կամ՝ ռազմական հողի վրա: Ի՞նչը մեզ կօգնի ճեղքել թշնամությունն ու նախատրամադրվածությունը և միմյանց հասկանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ