Իսկապես խիստ լարված սպասում Ատլանտյան օվկիանոսի այն ափից՝ ոչ այն, ինչ մտածեցիք: Այս սպասումը լրատվամիջոցներում քիչ է լուսաբանվում ու նրա ձայներն ավելի խուլ են, քան Քլինթոն-Թրամփ մենամարտի, այնուհանդերձ՝ այս սպասումը մոլորակային մասշտաբի է՝ գրում է Սիլվիա Կաուֆմանը Le Monde-ում:
Պաշտոնը, որ խլում են իրարից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինն է՝ համաշխարհային կառավարման կազմակերպություն, որի շտաբ բնակարանը Նյու Յորքում է: Գլխավոր քարտուղարի ամեն փոփոխություն (նրանք ութն են եղել 1945-ից) դառնում է անհավանական անդրկուլիսյան գործարքների առարկա, բայց հասարակությունը ոչինչ չի իմանում: Տարօրինակորեն ամեն ինչ ենթադրվածից այլ ուղղությամբ գնաց: Ամեն ինչ այնքան լավ էր սկսվել՝ ինը թեկնածու, բոլորը հարգարժան և բարձր որակավորմամբ, ապրիլից անցան զրույցի փուլը, ներկայացրին ինքնակենսագրությունները, շարադրեցին իրենց տեսակետները: Իննից չորսը կանայք էին, հիմա ոչ միայն հրապարակայնության, այլև բազմազանության ժամանակներ են: ՄԱԿ-ն արդեն գլխավորել են նորվեգացին, շվեդը, ավստրիացին, բայց չի եղել արևելաեվրոպացի: Բնականաբար, թեկնածուներից մեկը՝ Իրինա Բոկովան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և բուլղարուհի, ստացավ բոլորի «այո»-ն: Ոմանց համար տիկին Բոկովան Ռուսաստանի գաղտնի գործակալ է:
Անգելա Մերկելը, որ չափազանց հակված է կին թեկնածու ընտրել Արևելյան Եվրոպայից, նախընտրում է մեկ այլ բուլղարուհու՝ Կրիստալինա Գեորգիևային, հումանիտար հարցերով եվրահանձնակատար, որ շատ հանրաճանաչ է Բրյուսելում և, որ նույնպես վատ չէ, եվրոպական խորհրդարանական խմբից է, որին պատկանում է տիկին կանցլերի ՔԴԿ-ն: Ներկայացված չլինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Գերմանիան ակտիվ պայքարում է բուլղարական այլընտրանքի համար, որ նյարդայնացնում է Ռուսաստանին: Մոսկվան սեպտեմբերին արդեն ծանուցել է, որ այդ լոբբինգը համարում է ամբողջությամբ «անընդունելի»:
Այս ամբողջ ընթացքում շահեկան վիճակում է և առավել մեծ թվով ձայներ է հավաքում, ԱԽ-ի ձեռնպահ մնացած տասնհինգ անդամների առկայությամբ, պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը՝ փախստականների հարցով ՄԱԿ-ի նախկին գլխավոր հանձնակատարը: Բայց նա արևմտաեվրոպացի է, սոցիալիստ ու տղամարդ՝ երեք մինուսի միատեղում: Ասում են, որ նա ևս Մոսկվայի բարեհաճությունը չի վայելում, սակայն մինչև հիմա քվեարկությունը եղել է գաղտնի և ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Զուգահեռ ակտիվացել են սերբերն ու սլովակները և որոնում են Մոսկվայի համաձայնությունը՝ ամոթի զգացումը կորցրած: Հորիզոնը հնարավոր է պարզվի հոկտեմբերի 5-ին, երբ թեկնածուների ընտրության գործընթացում ԱԽ անդամները հարկադրված են լինելու նոր քվեարկությունից առաջ խաղաքարտերը բացել: Այս ճակատամարտը ի հայտ է բերում դաժան իրականությունը: ՄԱԿ-ը այն է, ինչ անդամ պետությունները ցանկանում են տեսնել, և ԱԽ անդամները գործում են մեծ տերությունների շրջագծում, ոչ թե ի սկզբանե հռչակված սկզբունքների ու գաղափարների:
Սիլվիա ԿԱՈՒՖՄԱՆ, Le Monde
Հ.Գ. Միայն ֆրանսուհին կարող էր այդքան մեծ ու բարձր քաղաքականության մեջ սկզբունքներ ու գաղափարներ որոնել՝ ի սկզբանե կատարվողն անվանելով «բազար»: Իսկ բազարում գործում է առևտրի օրենքը՝ ապրանքը ստանում է նա, ով պատրաստ է ավելի շատ վճարել: Գուցե աբսուրդ է, բայց շատ հաճախ ապրանքի գինը, որակը, քանակը գնի հետ կապ չունեն, գինը որոշվում է առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ, նաև վաճառողի ճարտասանությամբ: Մերկե՞լը կհաղթի, թե՞ Պուտինը, պորտուգալացո՞ւ բախտը կբերի, թե՞ «բազարի» մեջ կմտնի նոր կողմ, Պան Գի Մունը հանձնելու է ՄԱԿ-ի կառավարման ղեկը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ