Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր երկրի կարուսե՞լը, թե՞ երկրի նոր կարուսելը

Նոր երկրի կարուսե՞լը,  թե՞ երկրի նոր կարուսելը
14.10.2016 | 00:58

2017-ի ապրիլի 2-ը սկսում է թելադրող դառնալ՝ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են քաղաքական դաշտում ու կուլիսներում, միայն ընտրողներն են անհաղորդ: Նրանք կմիանան ընտրարշավում, ընտրությունների օրն ու հաջորդող օրերին: Դա մեր դարի ընտրությունների ոսկե կանոնն է: Ո՞րն է իշխանության, ընդդիմության և ժողովրդի real politic-ը:

Իշխանությունը գործում է երկու հարթություններում հրապարակային, մեկում գերադասում է աննկատ լինել: Հրապարակային առաջին հարթությունը տնտեսությունն է: Երկրորդը՝ քաղաքականությունը: Երրորդը փոխգործակցությունն է դաշտի հնարավորինս բոլոր անդամների հետ: Առաջին հարթության real politic-ը կառավարության կազմի փոփոխությունները չեն՝ իշխանական բուրգի վերակազմավորումը, կառուցվածքային փոփոխությունները, այլ՝ «Ո՞վ է տալու փողը» հարցի պատասխանը: Ակնհայտորեն՝ փողը տալու են Մոսկվայից, բայց ոչ Մոսկվան: Վարչապետ Կարեն Կարապետյանի ֆինանսական հենարանը պետական դատարկ գանձարանը, իր արդյունավետ մենեջմենտը և երազներ ունեցող նախարարները չեն: Նրանք չեն կարող այդ հարցերը լուծել, համենայն դեպս՝ պահանջվող արագությամբ: Ի սկզբանե որոշված է, որ կիսանոր կառավարության հաջողության ֆինանսական կողմը պիտի ապահովի Սամվել Կարապետյանը: Կասկածի տակ չառնենք ռուսաստանաբնակ հայ միլիարդատիրոջ հայրենասիրությունը, առավել ևս Հայաստանի տնտեսական կյանքին նրա մասնակցությունը նոր չի սկսվել, ոչ էլ ՀԷՑ-ի գնումով է սկսվել, հիմա նրա մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքին դառնում է համակարգված ու նպատակային: Նրանց հանձնարարված է տեսանելի փոփոխությունների հասնել մինչև խորհրդարանական ընտրությունները: Հանձնարարականը ռեալ արդյունքի հասնելու տեսակետից ուշացված է, բայց քաղաքական որոշում էր և ավելի շուտ չէր կարող կայացվել: Մոսկվայում որոշումները վերջին պահին են ընդունում: Քաղաքական հարթության real politic-ը դաշտում քաոս ստեղծելն է: Ո՞վ կարող է ասել՝ ո՞ր կուսակցություններն են իշխանական, ո՞ր կուսակցություններն են ընդդիմադիր իրականում:

Վանաձորի ՏԻՄ ընտրությունները ցուցադրական ելույթներ էին, որ ոչ մի ընդդիմություն real politic-ում ընդդիմություն չէ: Ոչ էլ ընտրողն է նրանց ընդդիմություն համարում, այլապես երկուշաբթի օրը՝ ավագանու նիստից հետո, վանաձորցիները պիտի փողոց դուրս գային ու պահանջեին նորընտիր քաղաքապետի հրաժարականը: Քանի՞սը դուրս եկավ, քանի՞սը մտածեց, որ ինքը ձայն չի տվել ՀՀԿ-ի թեկնածուին, իսկ նա քաղաքապետ դարձավ: Ինչո՞ւ մտածեր, եթե թատրոնի բոլոր մասնակիցները իր աչքի առաջ գնացին նշելու աղմկահարույց «հաջողությունը» ռեստորանում: Վանաձորցու համար ի՞նչ տարբերություն, թե ով է քաղաքապետը: Համարյա մի շաբաթ համագործակցության համաձայնագիր կնքած կուսակցությունները որոնում էին «հրաշալի քառյակին»՝ քվեարկության սեփական ձևերի տարբերակներով հիմնավորելով, որ իրենք ազնիվ են, բայց ո՞ւմ է դա պետք ի վերջո: Իրենք շատ լավ էլ գիտեն՝ ով ով է, ով ինչ է արել ու ինչու: ՀՀԿ-ն խաղը շահեց, բայց ոչ ոք էլ տանուլ չտվեց՝ այդպես էր մտածված:


Շաբաթվա կեսին՝ Վանաձորի աղմուկը խլացնելու ճիշտ պահին, պարզվեց, որ երկրի ամենահեղափոխական կետը նախագահականն է՝ շնորհիվ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի, որ աշխատանքից չազատված՝ պատրաստվում էր զոլավոր հագուստ հագցնել նախագահին: Տարիներ առաջ նախագահի աշխատակազմի ևս մեկ պաշտոնյա՝ աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր կուսակցություն ստեղծում, բայց նրա «Նոր երկիրը» դարձավ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»: Իսկ Արտաշես Թումանյանը մնաց կադրային ռեզերվում և տարիներ անց նշանակվեց Իրանում ՀՀ դեսպան: Ո՞ր երկրի դեսպան կդառնա Վիկտոր Դալլաքյանը՝ իր հավատարիմ ծառայության համար, կերևա ժամանակի մեջ, իսկ այսօր նրա քառամյա քնից ընդդիմադիր արթնացումը ոչ թե «Շրջադարձի», այլ իշխանության գործունեության երրորդ՝ ոչ հրապարակային տարածքում է տեղավորվում, որտեղ խնդիրը պարզ ու հստակ է՝ վարկաբեկել ընդդիմությունն իբրև գաղափար ու ընդդիմադիրներին` իբրև կերպար:

Հընթացս տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ինչն է շատ՝ ընդդիմադիրը, բոլորն ազատ գործում են՝ անգամ նախագահի աշխատակազմում: Հայաստանում չեն հավատա, հետո ինչ, դիտորդներ կան, դիտորդական առաքելություններ, ժողովրդավարության պահանջներ, գալու են, գնալու են՝ նրանց անուններ, դեպքեր, դեմքեր են պետք՝ հնարավորինս յուրային ու վստահելի: Միաժամանակ պետք է հասարակությանը ներշնչել, որ Հայաստանում իրական, գաղափարական ու հետևողական ընդդիմություն լինել չի կարող, նույնիսկ եթե կա: Լքված ՀՀԿ-ն ի՞նչ է անելու առանց Վիկտոր Դալլաքյանի: Կդիմանա՞ կորստին «հին հոգնածի», որ չորս տարի չի աշխատել, իսկ վճարվել է: Մեղավորը ո՞վ է՝ ՀՀԿ անդա՞մը, որ թռած է քաղաքական ու հասարակական որևէ տրամաբանությունից, թե՞ ՀՀԿ-ն, որ հանգիստ ընդունում է՝ ում երբ պետք է՝ դառնում է կուսակցության անդամ, երբ պետք չէ՝ դուրս է գալիս: ՈՒ պետք չէ կիսատ մեջբերել Նիկոլո Մաքիավելիին, թե «Քաղաքականությունը անբարոյականություն է», իտալացին նախադասությունն ավարտել է՝ «…երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյական մարդիկ» բառերով:
Նյու Յորքում վերջապես կայացավ ներդրողների հավաքը, որի համար ջանադիր աշխատում էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը: «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի առաջին լիագումար նիստը անվանվել էր «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ»: Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և քաղաքական առաջնահերթությունները, մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները, բարեփոխումները, բարենպաստ գործարար միջավայրը, տարածաշրջանային շուկաներ Հայաստանով մուտքի դյուրինությունն ու մակրոտնտեսական կայուն միջավայրը: Որքան էլ զարմանալի է՝ նրա հետ էր ոչ թե գործող, այլ նախկին վարչապետ, այժմ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը ներկայացնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և իր ելույթում ԱՄՆ ձեռներեցներին կոչ էր անում ներդրումներ անել Հայաստանում՝ օգտագործելով Հայաստանի հնարավորությունները մուտք գործելու ԵԱՏՄ շուկա՝ «մոռանալով», որ Նյու Յորքը ԱՄՆ-ում է, իսկ ԱՄՆ-ը չի վերացրել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ու հազիվ թե ԱՄՆ քաղաքացի գործարարների համար հրապուրիչ լինի պատժամիջոցների տակ հայտնվել՝ գործակցելով ռուսական ընկերությունների հետ՝ թեկուզ միջնորդավորված: Իսկ ՀՀ նախագահն ասում էր, որ Հայաստանի դեպի մեծ շուկաներ դարպասի դերը կանխորոշվել է վաղ անցյալում՝ պատմությամբ, աշխարհագրությամբ և ինքնությամբ, և թվարկում էր Հայաստանի մրցակցային առավելությունները, որ սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների ծնունդ են նաև։

Նա հրապուրում էր մարդկային կապիտալով ու Հայաստանի գիտելիքահենք հանրությամբ, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանին թույլ տվեց իր տեղն ունենալ տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում, ներկայացնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մրցանակների քանակը, շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը, «Թումոն», «Լույս» հիմնադրամը և այլն, և այլն: Նշվեցին հաջողությունները բժշկական զբոսաշրջության ոլորտում, հատկապես` ատամնաբուժական, օտարերկրացի ուսանողներին լիարժեք կրթություն տալը, Դիլիջանի միջազգային դպրոցը։ Որքանով ԱՄՆ-ում հավատացին Հայաստանի «շրջադարձային բարեփոխումներին», կերևա ընտրություններից հետո՝ թե ԱՄՆ-ի, թե Հայաստանի: Փողը սիրում է լռություն, կայունություն ու կանխատեսելիություն: Ազգային հերոս Քըրք Քըրքորյանն էլ չկա, որ հավաքված գումարները կրկնապատկի ու եռապատկի, ինչքան էլ նախագահի մակարդակով հնչում է՝ «Սիրով բոլորիդ սպասում ենք Հայաստանում»։ ԱՄՆ-ում ֆինանսական real politic-ը Հայաստանից բոլորովին այլ բովանդակություն ունի: Ներդրումային համաժողովն էլ կարող էր այլ բովանդակություն ունենալ, եթե անցկացվեր երեք տարի առաջ՝ ինչպես նախատեսված էր՝ նախքան Հայաստանի մաքսային միությանն անդամակցությունը: Իհարկե, ինչ-որ ծրագրեր կգործեն՝ իբրև խրախուսական մրցանակ Հայաստանի համարձակության, որ գտնվելով ԵԱՏՄ կազմում՝ համագործակցում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, ու՝ ԱՄՆ-ին էլ պետք է ներկայացվածություն տարածաշրջանում:


Չնվազեցնենք մեր դերն ու նշանակությունը: Ղազախստանի նախագահը, օրինակ, Հայաստանից «մրսում» է թե ապրիլին, թե հոկտեմբերին: Ինչպե՞ս ու ինչո՞ւ հիվանդացավ Նուրսուլթան Նազարբաևը և բեկանեց Ադրբեջան ու Հայաստան այցերը, կարևոր չէ, կարևորը արագ առողջանա՝ տարիքով մարդ է:
Այսօր Երևանում ՀԱՊԿ վեհաժողովն է սկսվել: Գլխավորը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է եկել, ի վերջո գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամներ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ներկայությունը Հայաստանում ձևական է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, հոկտեմբերի 6-ին ՈՒզբեկստանում էր, Սամարղանդում հանդիպեց նախագահի պաշտոնակատար Շավքատ Միրզիևին, հարգեց Իսլամ Քարիմովի հիշատակը, հանդիպեց նրա այրուն՝ Տատյանա Քարիմովային: Իսկ Շավքատ Միրզիևին ասաց, որ հետ են մնացել տնտեսական հարաբերություններում ու առաջիկա երկու-երեք տարում պարտադիր պիտի հաղթահարեն ծիծաղելի ապրանքաշրջանառությունը: «Մենք ձեր կարիքն ունենք, դուք՝ մեր տնտեսության», ասաց Բելառուսի նախագահը ՈՒզբեկստանի ապագա նախագահին ու լսեց ի պատասխան. «Բելառուսը մեր հուսալի, անկեղծ, վաղեմի գործընկերն է»: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Հայաստանի ճանապարհին Վրաստանում էր՝ պաշտոնական այցով, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ է հանդիպել, երկկողմ համաձայնագրեր ստորագրել:

Դե իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցն ու մասնակցությունը 23-րդ էներգետիկ կոնգրեսին, հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում էին: «Թուրքական հոսքն» էլ վերջապես ստորագրված համաձայնագրի տեսք ստացավ: «Թուրք-ռուսական հարաբերությունների նորմալացման գործընթացն ամբողջ թափով առաջ է շարժվում»,- ասուլիսում հայտարարեց Թուրքիայի նախագահը, իսկ ՌԴ նախագահը մանրամասնեց համագործակցության ուղղությունները: Հայաստանից էլ ՌԴ նախագահը մեկնում է Հնդկաստան, Օլանդի վատությունը իրեն մնա: Այնպես որ, այս շրջանակում ՀԱՊԿ գագաթնաժողովը բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, համար պարտադիր միջոցառում է, որ պիտի կատարվի՝ առանց էական պատճառների ու հետևանքների: Մնացածը կարևոր է այնքան, որքան կարևոր էր ՀԱՊԿ-ը Հայաստանի համար իր գոյության բոլոր տարիներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ Ադրբեջա՞նը: Առանց Ադրբեջանի ի՞նչ ՀԱՊԿ, հետո ի՞նչ՝ անդամ չէ: Իլհամ Ալիևը մի քիչ խառն է: Չզարմանաք, եթե մինչև տարեվերջ նա հրաժարական տա ու նախագահական արտահերթ ընտրություններ նշանակի: Ի՞նչ իմաստ ունի՝ հիմա էլ է նախագահ, հետո էլ է նախագահ լինելու: ՈՒնի՝ Ադրբեջանը գնում է իր «ուրույն ուղիով»: Ի՞նչ իմանաս հետո ինչ կլինի: Իսկ այսպես մինչև 2020-ը Իլհամ Ալիևը կլինի նախագահ, կնոջն էլ կնշանակի առաջին փոխնախագահ՝ առանց խորհրդարանի հետ համաձայնեցման, հետո արդեն որդին կմեծանա ու իրավունք կունենա նախագահ առաջադրվելու՝ նոր Սահմանադրությամբ նախագահը կարող է մի քանի փոխնախագահներ նշանակել, իսկ նախագահ դառնալու տարիքն իջեցվել է: Կարուսելն ի՞նչ կապ ուներ, իսկ ի՞նչ, եթե ոչ կարուսել է պտտվում տարածաշրջանում ու Հայաստանում: Խնդիրը՝ նո՞ր երկրի կարուսել է, թե՞ երկրի նոր կարուսել: Իսկ գուցե խնդիրը վերջապես հոգնածներին կարուսելից իջեցնե՞լն է:
Real politic-ը դեռ չի սկսել գործել իրական խորքով:

Դիտվել է՝ 2141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ