Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընտրությունները ԱՄՆ-ում. 2. Թրամփն ընդդեմ ամբողջ աշխարհի

Ընտրությունները ԱՄՆ-ում. 2.  Թրամփն ընդդեմ ամբողջ աշխարհի
18.10.2016 | 11:20

(սկիզբը՝ այստեղ)

Եկեք, անուամենայնիվ, ընդունենք, մի պահ մոռանալով վիճելի էլեկտրոնային ուղերձների մասին, որ այսօրվա աշխարհը Թրամփի աշխարհն է ու բոլորս այնտեղ ենք ապրում: Ցավոք, հանրապետականների թեկնածուի համար այս կոնկրետ աշխարհի ամեն անկյունում թշնամիներ են թաքնվում, որ մտադիր են խլել այն, ինչ նրան է պատկանում: Երեքշաբթի առավոտյան Թվիթերի իր էջում հայտարարելով, որ հիմա ինքն ազատ է «կապանքներից», Թրամփը շարունակում է մարտնչել իր կուսակցության ղեկավարության ներկայացուցիչների դեմ, խարանել, իր կարծիքով, անհուսալի կողմնակալ ԶԼՄ-ներին, և նախազգուշացնել միջազգային դավադրության մասին, որի նպատակը ամերիկյան ժողովրդավարությունը կործանելն է: Նա պարբերաբար հիշեցնում է իր կողմնակիցներին, որ նրանք պետք է ուշադիր հետևեն ընտրատեղամասերին «այլ շրջաններում»՝ կանխելու չար մտադրությունները: Նրա վեբկայքում բացվել է «ընտրությունների դիտորդներ» դառնալու կամավորների ստորագրահավաք:


«Այս ընտրությունները ցույց կտան՝ ազա՞տ ժողովուրդ ենք մենք, թե՞ միայն ժողովրդավարության պատրանք ունենք, իսկ իրականում մեզ վերահսկում է գլոբալ շահեր արտահայտողների խմբակը, որ քայքայում է համակարգը և մեր համակարգն արդեն խարխլվել է»՝ հայտարարեց Թրամփը հինգշաբթի օրը Ֆլորիդայի հանրահավաքում: Թրամփի խոսքով՝ նրա ընտրարշավը պատերազմ է «գլոբալ ուժային կառույցի հետ, որ պատասխանատու է տնտեսական որոշումների համար, որը թալանել է մեր բանվոր դասակարգին, զրկել երկիրը հարստություններից ու այդ գումարները դրել խոշոր կորպորացիաների ու քաղաքական կազմավորումների խմբակի գրպանը»: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփի վերջին հայտարարությունները վկայում են, որ հակասեմիտական սուլոցներից նա անցել է իսկական ազդանշանների: «Ինչ էլ մտածում կամ ասում է Թրամփը, սպիտակ ազգայնամոլներն ու նեոֆաշիստները, որոնց նա արթնացրել է, հաճույքով լսելու են նրա ելույթները, քանի որ նա առաջ է քաշում քրիստոմատիկ հակասեմիտական դավադրությունների տեսություններ՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ առանցքային բառերն ու հույզերը,-գրում է լիբերալ բլոգեր Ջոշ Մարշալը:- Այդպիսի գաղտնագրված ու ռևանշիստական ֆանտազիաները դրդում են բռնությունների և հարձակումների առօրյա ժողովրդավարության վրա»:


Երկու Օբամա՝ հարված աջից, հարված ձախից
Այս շաբաթ երկու ճշգրիտ կրակահերթ արձակեց դեմոկրատական կուսակցության գլխավոր հրետանին: Նախագահ Բարաք Օբամայի, ում վարկանիշը բարձրացել է համարյա չորս տարվա գագաթնակետին, ոչնչացնող բնորոշումները, կարծես, վերջացել են հանրապետականների թեկնածու համար: Չորեքշաբթի օրը Օբաման ենթադրեց, որ կանանց հասցեին այդպիսի մեկնաբանություններից հետո Թրամփին ի՞նչ նախագահություն, նույնիսկ սուպերմարկետում աշխատանք տալ չի կարելի: Բայց հանրապետականներին ավելի պետք է մտահոգի, որ Օբաման նրանց ամբողջ կուսակցությունը կապեց Թրամփի նախընտրական նավին, որը կարող է խորտակվել: «Նրանց համար անհետևանք չի անցնի, որ վերջին պահին հայտնվում է տեսագրություն, որտեղ տղամարդը, ում նրանք առաջադրել ու աջակցել են, այնպիսի բաներ է ասում, որ կարգին մարդիկ նույնիսկ հնարել չեն կարող, արդեն չեմ ասում բարձրաձայնելու մասին, առավել ևս պարծենալ, առավել ևս գործնականում անել»՝ հայտարարեց Բարաք Օբաման Օհայոյում: «Չպետք է սպասել, որ դա վերջապես տեղի ունենա ու հետո ասել, որ դա չափազանց է, ու դրանից հետո մտածել, որ նա կարող է առաջնորդ մնալ ու արժանի է ԱՄՆ Սենատ ընտրվելու իրավունքին»: Այդ դիտողությունը կտրուկ տարբերվում է հուլիսին դեմոկրատական կուսակցության համագումարում ասածից, երբ Օբաման պարզապես նշում էր, որ Թրամփը չի մարմնավորում հանրապետական կամ պահպանողական արժեքներ: Միաժամանակ Թրամփին գրոհեց Առաջին տիկին Միշել Օբաման, և այդ գրոհն առավել անձնավորված ու մահացու էր: Միշելի առավելությունն է, որ նա կարող է ամերիկացիների հետ խոսել ոչ իբրև քաղաքական գործիչ, այլ սովորական քաղաքացի (որ ապրում է Սպիտակ տանը): Այս դեպքում նա ժողովրդին դիմեց իբրև խիստ զայրացած կին: «Մենք չենք կարող սա պարզապես չտեսնելու տալ իբրև հերթական տհաճ առանձնահատկությունը այս տխուր ընտրությունների,- հայտարարեց նա Թրամփի մեկնաբանություններից հետո:- Դա իշխանությամբ օժտված մարդ էր, որ ազատ ու բաց խոսում էր իր գիշատիչ սեքսուալ վարքագծի մասին»: Փաստը, որ Միշել Օբամայի ելույթը նախորդեց Թրամփի դավադրության տեսությունների հրապարակմանը, ԶԼՄ-ները մեղադրեցին նրան, իսկ նախագահի թեկնածուն կտրականապես հերքեց իրեն ներկայացվող սեքսուալ հետապնդումների մեղադրանքը, Առաջին տիկնոջ հայտարարությունը դարձնում է առավել տպավորիչ:
Էնտոնի ԶՈՒՐԿԵՐ, BBC


Հ.Գ. Այս շաբաթ կայանալու է Թրամփ-Քլինթոն երրորդ ու վերջին հեռուստաբանավեճը, փորձագետները կարծում են, որ ընտրություններից առաջ ասպարեզ են նետվելու հաղթանակի համար պահված վերջին խաղաքարտերը և վերջին կոմպրոմատները: Թեպետ, թվում է՝ այլևս ի՞նչ է մնացել, որ իրար չեն ասել նախագահի թեկնածուները: Վերլուծաբանների գնահատականով՝ վարկաբեկելու և վիրավորելու հարցում Դոնալդ Թրամփը, միանշանակ, առաջատար է, այլ հարց է, թե ինչպես նրա այդ տաղանդը կգնահատեն ընտրողները, հետո էլ ընտրիչները: ԱՄՆ ընտրական համակարգով՝ նոյեմբերի ութին ընտրողներն ընտրում են ընտրիչներին, հետո նրանք ընտրում են նախագահին: Թեև Միշել Օբաման այս ընտրությունները համարում է տխուր, իրականում այս ընտրությունները ոչ թե տխուր, այլ հայելային արտացոլումն են հասարակության արժեքային համակարգի, որը մեկ հարթության մեջ է բերում ու միմյանց հետ բախման մեջ է դնում այն արժեքները, որոնցով ապրում է հասարակությունը: Եվ միշտ չէ, որ ընտրության արդյունքում մերժվում է մերժելին ու հաղթում արժեքավորը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ