Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի՞թե Իլհամ Ալիևը խորացող ամնեզիայով է տառապում

Մի՞թե Իլհամ Ալիևը խորացող ամնեզիայով է տառապում
25.10.2016 | 00:26

Մենք մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016-ի հոկտեմբերին կառավարության նիստում շատերին զարմացրեց, հայտարարելով, թե բանակցությունների շրջանակներում, փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում, նպատակ ունենալով հարկադրել համաձայնագիր ստորագրելու Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ: Հիշեցնենք Ապշերոնի ապագա «ցմահ խանի» խոսքերը. «Մենք շատ մանրամասներ չենք բացում, որովհետև կան դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»: Ալիևի ասելով, Ադրբեջանի դեմ այդ հարցում ակտիվ արշավ է ընթանում. «Արևմտյան մամուլի, ոչկառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ ձեռնարկվող արշավի հիմնական նպատակն է վարկաբեկել, զրպարտել ու վիրավորել, իսկ մեզանում գործող «հինգերորդ շարասյունը» ձգտում է ստիպել մեզ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Սակայն, կարծում է Ալիևը, վերջերս անցկացված հանրաքվեն ցույց տվեց, որ ինքը դեռ երկար կլինի իշխանության ղեկի մոտ, և, համապատասխանաբար, Ադրբեջանը երբեք համաձայնություն չի տա դրան. «Լեռնային Ղարաբաղը մեր անքակտելի պատմական հողն է, և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»:


Մենք արդեն գրել ենք, որ Արցախի հարցում ապշերոնցի «խանի» վրա եթե կա մեկը, որ ճնշում է գործադրել և գործադրում, Արևմուտքը չէ, այլ Ռուսաստանն ու Իրանը, և բավականաչափ անուղղակի հայտանշաններ կան, որոնք ուղղակի հնարավոր չէ հրապարակել, բայց դրանք վկայում են, որ առաջին հերթին հենց Թեհրանն է «նրբագույն մակարդակով» կտրականապես դեմ, որ «կարգավորման» պատրվակով Անդրկովկասում Թուրքիայի գերիշխանություն հաստատվի: Երկրորդ, որ «միջազգային ուժերի» տեղաբաշխման պատրվակով Իրանի հյուսիսային սահմանների մոտ գործունեություն ծավալեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և այլ երկրներ: Ես դիտմամբ չեմ գրում այն մասին, թե ապշերոնցիների վրա ինչ ճնշում կարող է գործադրել Ռուսաստանը (հետո հասկանալի կլինի, թե ինչու): Իմ կարծիքով, Հայաստանի համար շատ ավելի կարևոր է այն, թե ինչ և ինչպես են մտածում հենց Իրանում և՛ ընթացիկ իրավիճակի մասին, այդ թվում՝ հակամարտության գոտում, և՛ այն մասին, թե հետագայում ինչով է զբաղվելու Հայաստանը: Ընդ որում, պետք է հաշվի առնել երկու փաստ. նախ, հոկտեմբերի 18-ին արտակարգ այցով Երևան ժամանեց Իրանի պաշտպանության փոխնախարար Նասրոլլահ Քալանթարին: Մեր երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Վիգեն Սարգսյանն ու Ն. Քալանթարին շեշտեցին երկու երկրների ռազմաքաղաքական կապերի և համագործակցության ակտիվացման կարևորությունը. «Կողմերն ընդգծեցին ռազմաքաղաքական շփումների ինտենսիվացման կարևորությունը»: Նույն օրը տեղի ունեցավ ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը և փոխնախարար Դավիթ Փախչանյանը. քննարկվեցին երկկողմ շփումների շարունակման և ակտիվացման, կրթության, թիկունքի ապահովման ասպարեզում համագործակցության խորացման և այլ հարցեր: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին փոխանցեց Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանի շնորհավորական նամակը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու առիթով:


Այն հարցը, թե ինչու հենց իրանցի զինվորականները, ըստ էության, առաջինն էին աշխարհում, ովքեր անհրաժեշտ համարեցին գալ Երևան և պաշտոնական մակարդակով շնորհավորել Հայաստանի պաշտպանական գերատեսչության նորանշանակ ղեկավարին, ինչպես նաև ինչ-որ բան հիշեցնել նրան, պարապ զրույցի կամ քննարկման թեմա չէ: Սակայն հավաստիացնում եմ ընթերցողներին, որ իրանցիները գիտեն ինչ են անում և ինչու. նրանք նախընտրեցին Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման համարյա առաջին օրերից հիշեցնել, թե ում հետ է սահմանակից Հայաստանը, և ով է պատրաստ կրկնելու ապրիլյան նախազգուշացումները, որոնք վերաբերում էին ոչ միայն Բաքվին, այլև Երևանին: Վիգեն Սարգսյանը խելացի մարդ է և չի կարող իրեն թույլ տալ «չհասկանալ», թե ինչու է Իրանի պաշտպանության փոխնախարարը մեր պաշտպանության նախարարություն այցելում ճիշտ այն օրը, երբ Թեհրանում դատարանը ԱՄՆ-ի քաղաքացի Սիամաք Նամազիին և նրա 80-ամյա հորը՝ Բաքեր Նամազիին, 10-ական տարով ազատազրկման դատապարտեց ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցության համար: Սիամաք և Բաքեր Նամազիները, ովքեր ունեն Իրանի ու ԱՄՆ-ի քաղաքացիություն, մեղավոր են ճանաչվել «ամերիկյան թշնամական կառավարության հետ համագործակցելու» մեջ: Քանի որ Իրանը երկքաղաքացիության սահմանակարգ չի ընդունում, հայր և որդի Նամազիները հյուպատոսական օգնության մուտք ունեն՝ նշում է Reuters գործակալությունը: Սիամաք Նամազին կալանավորվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից 2015 թ. հոկտեմբերին, երբ Իրան էր եկել իբր «ազգականներին այցելության»: Նրա հայրը, ով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նախկին ներկայացուցիչ է, Իրանում շահի կառավարման օրոք Խուզիստանի նահանգապետը, ձերբակալվել էր այս տարվա փետրվարին: Իրանի Fars գործակալության հաղորդման համաձայն, այդ գործի շրջանակներում լրտեսության մեղադրանքով Իրանում դատապարտվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ Նիզար Զաքան՝ մշտապես ԱՄՆ-ում բնակվող Լիբանանի քաղաքացի, որը ևս դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա Իրանի իշխանությունների կողմից ձերբակալվել էր 2015 թ. նոյեմբերին և մեղադրվել «ԱՄՆ-ի զինվորական հետախուզության հետ բազմաթիվ սերտ կապերի» մեջ: Այնպես որ, Վիգեն Սարգսյանը, գոնե որպես 2000 թվականից Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերյան դպրոցի իրավունքի ու դիվանագիտության մագիստրոս, պարզապես պարտավոր է «ընթերցել», թե ինչ էին կոչված «հիշեցնել» Իրանի պաշտպանության փոխնախարարի այցն ու նրա հետ անցկացված բանակցությունները, ինչպես նաև հիշել, թե որքան սերտորեն էին իրանցիները կապված Հայաստանի նախագահի աշխատակազմի և մեր երկրի կառավարության հետ՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք:
Իրանի պաշտպանության փոխնախարարի Երևան կատարած այցի խորքային պատճառների մասին խոսելուց հետո հարկ է վերադառնալ արցախյան խնդրին ու Ի. Ալիևի հայտարարություններին: Հոկտեմբերի 18-ին ապշերոնցի «խանը» հարցազրույց տվեց «РИА-Новости» գործակալությանը և հայտարարեց մի բան, ինչը հակասում է ավելի վաղ՝ հոկտեմբերին արած իր իսկ հայտարարությանը, որի մասին մենք հիշատակեցինք վերևում:

«Ինչպես ենք մենք պատկերացնում հակամարտության լուծումը. իհարկե, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանավեճի առարկա չի կարող լինել, մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն տալուն, և հայկական կողմը հիանալի գիտե այդ մասին: Բայց խելամիտ փոխհամաձայնությունը հնարավոր է, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսագործունեության, ինքնակառավարման, Ադրբեջանի կողմից տարատեսակ ներդրումային նախագծերի իրականացման ապահովում, և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող տարածքների ազատագրման պայմանով երկու ժողովուրդների խաղաղ գործակցություն. ահա այսպես ենք մենք պատկերացնում հակամարտության կարգավորումը»,- բարբաջեց Ալիևը: Նրա ասելով, «դա համահունչ է այն առաջարկություններին, որ միջնորդներն են առաջադրում»: Ո՞նց թե: Ապշերոնցի «խանը» հենց նոր չէ՞ր պնդում, թե միջնորդները ճնշում են գործադրում իր վրա, ստիպելով ճանաչել Արցախի անկախությունը: Հայաստանի ԱԳՆ-ն չհապաղեց անդրադառնալ այս հակասությանը: «Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում, որոնք վկայակոչում է Ալիևը, հստակորեն արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ԼՂ-ի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և «թոզ չփչեր» ադրբեջանական հասարակության աչքերին: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների ճշմարիտ բովանդակությունը, նշելով, որ Բաքվին կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ստեփանակերտում շատ ավելի կոշտ արձագանքեցին Ալիևի այդ խոսքերին:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «անհեթեթություն» անվանեց դեֆակտո անկախ հանրապետությանն արված առաջարկությունը՝ դառնալու ինքնավարություն և այն էլ՝ «խանության կազմում»: Նա հիշեցրեց, թե ադրբեջանական իշխանություններն ինչպես ժամանակին հայաթափ արեցին «ինքնավար» Նախիջևանը, և Ալիևին առաջարկեց ինքնավարություն տալ ներկայումս Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ ավարներին, լեզգիներին, թաթերին, թալիշներին՝ խուսափելու համար նրանց հետ գալիք խնդիրներից:


Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովի հոռետեսությունը՝ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման հնարավորության առնչությամբ, լիովին համապատասխանում է Երևանի ակնկալիքներին, որն առանձնապես չի էլ թաքցնում, որ իրեն լիովին բավարարում է ստատուս քվոն, և որ ինքը մտադիր չէ որևէ տարածքային զիջում անելու, հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո: Բայց անգամ այն բանից հետո, եթե միջնորդները կողմերին հաշտության համաձայնագիր պարտադրեն, ապա այն, ամեն դեպքում, ԼՂՀ-ի անկախություն կենթադրի (դատելով Ալիևի խոստովանությունից՝ համանախագահող երկրներն ապագայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չեն տեսնում): Փաստորեն, հսկայական կորուստների գնով հասնելով մարտավարական հաջողության՝ բանակցային գործընթացի ժամանակավոր ակտիվացման և պաշտպանության առաջնագծում մի քանի պահակակետի գրավման, գլխավորապես հենց իրանական ուղղությունում (մեկ անգամ ևս հիշենք գեներալ-մայոր Ն. Քալանթարիի Հայաստան կատարած այցը), պաշտոնական Բաքուն տանուլ տվեց ռազմավարական առումով: Նախ, Երևանն ու Ստեփանակերտը ավելի կոշտ դիրք բռնեցին բանակցություններում, և միջնորդները հաշվի են նստում այն բանի հետ, որ Հայաստանի և Արցախի հրաժարումը զիջումների գնալուց, հատկապես տարածքների հարցում, ինչպես նաև հակընդդեմ կողմի հանդեպ անվստահությունը, հիմնավոր են:


Երկրորդ՝ միջնորդներն այլևս չեն վստահում ադրբեջանական կողմին, որն իր անմիտ գործողություններով ապրիլին քիչ էր մնացել լայնածավալ պատերազմի պատճառ դառնար, մի բան, որ ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, որը շահագրգռված է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կայուն հարաբերություններով, ո՛չ էլ Իրանին, որը մտահոգված է կայունության խնդրով իր «խոր թիկունքում»՝ Անդրկովկասում: Դատելով առաջնագծում տիրող հարաբերական անդորրից, Բաքուն ապրիլյան իրադարձությունների կրկնության անթույլատրելիության մասին ավելի քան կոշտ նախազգուշացում է ստացել թե՛ Թեհրանից, թե՛ Մոսկվայից: Բացի այդ, ռուսական կողմը էապես փոխել է ուժերի հաշվեկշիռը հօգուտ Հայաստանի՝ մատակարարելով բավական լուրջ զինահամակարգեր, մասնավորապես, «Իսկանդեր» ՕՄՀՀ-ներ: Լուրեր են տարածվում, թե մոտ ժամանակներս Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է գերճշգրիտ հեռահար սպառազինության նոր քանակություն: Այդ մասին Մոսկվայի ու Երևանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում, ճիշտ է, չի կոնկրետացվում, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը, բայց հայտնի է դարձել, որ նորագույն T-90 տանկերը, որոնք Ադրբեջանը նոր է սկսել ստանալ ՌԴ-ից, Հայաստանում զորավարժությունների ժամանակ գործի են դրվել դեռ 2012-2013 թվականներից:


ՈՒրեմն ինչպե՞ս եղավ, որ Իլհամ Ալիևը համարձակվեց ասել մի բան, որը հակասում է ավելի վաղ՝ հոկտեմբերին հնչեցրած իր իսկ խոստովանությանը: Հավանաբար, նրան ոգեշնչել է հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարած այցը, և այն, թե ինչպես են ինքն ու Էրդողանը միասին փորձել «հարբեցնել» Ռուսաստանի առաջնորդին (այդ լուսանկարը Հայաստանի շատ քաղաքացիներ են տեսել): Ի հավելումն դրա, Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին հայացքից տարօրինակ հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող էր դրական դեր խաղալ արցախյան հարցում, և որ հակամարտության լուծումը կարող էր խթանել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Մեր վայ-հայրենասերների և արևմտամետ շրջանակների պարզունակ մեկնաբանություն, այսինքն, միտումնավոր անտեսում այն բանի, որ ապրիլին հենց Լավրովն էր Թուրքիային բացահայտորեն մեղադրում Ադրբեջանին հրահրելու և պատերազմական գործողությունների վերսկսմանը մասնակցելու մեջ: Բացի այդ, եթե շարունակենք պարզունակ դատել, ապա, երևի, կան մարդիկ, որ հայազգի Լավրովին (Քալանթարյանին) են համարում Ռուսաստանի նախագահ, ոչ թե Պուտինին: Իսկ եթե ոչ, ապա նախ պետք է հիշել Մոսկվայից արված հայտարարությունները թե՛ «ապրիլյան պատերազմի», թե՛ բոլոր կողմերի շահերի հաշվառմամբ կարգավորման հնարավոր ուղու (Սանկտ Պետերբուրգ), թե՛ «մոտ ժամանակներս» կարգավորման անհնարինության (նախագահի օգնական ՈՒշակով) առիթով և այլն, և այլն: Իսկ եթե այս ամենը ի մի բերենք, ապա, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի համար Թուրքիայի դերի դրական կողմն ընդամենը այն է, որ Անկարան հրաժարվում է արցախյան հարցում «ապշերոնյան խանությանը» աջակցելուց: Միայն այսքանը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ