Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ սպասել Ռոհանիի Երևան այցից

Ի՞նչ սպասել Ռոհանիի Երևան այցից
26.10.2016 | 12:19

Մոտ ժամանակներս Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան՝ հաղորդել է Իրանի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Բահրամ Կասեմին՝ հետաքրքիր քաղաքական շեշտադրում անելով: Մեկնաբանելով Թեհրանի ու Երևանի կապերը, նա ասել է. «Հյուսիսային հարևանների հետ Իրանը լավ հարաբերություններ ունի: Եթե չհաշվենք Ռուսաստանը, Հայաստանը Իսլամական Հանրապետության միակ քրիստոնյա հարևանն է»: Ռոհանիի այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Թեհրան այցի ժամանակ: Բայց այն ժամանակ ժամկետներ չսահմանվեցին:

Եվ հիմա Թեհրանը հայտարարում է «առաջիկայի» մասին՝ հստակ ազդանշաններ ուղարկելով Երևանին և ոչ միայն Երևանին: Այցի նախադրյալները ստեղծված են: Օգոստոսին Երևանը հայտարարեց, որ աշխատում է Իրանի հետ երկու երկրների միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի վրա: ՀՀ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «ծրագրվող գոտին կնպաստի Իրանի և ԵԱՏՄ-ի հարաբերությունների ընդլայնմանը՝ տարածաշրջանային տնտեսական միության՝ ՌԴ-ի գլխավորությամբ»: Այն ժամանակ էլ երկու երկրները հայտարարեցին վիզային ռեժիմի վերացման մասին, որ, իհարկե, նպաստում է բազմակողմ կապերի զարգացմանը: Նախապատրաստվում է Հայաստանի և Իրանի ֆինանսական համակարգերի մոդեռնացում, սպրանքաշրջանառության ծավալների մեծացում՝ կարևոր նախագծերի մշակման ու իրականացման արդյունքում, որ նախկինում հնարավոր չէր Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների պատճառով: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, դիմելով միջազգային EXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին, որ նվիրված էր Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության մեկ տարուն, արձանագրեց, որ ստեղծվում են նախադրյալներ Իրանում նոր տարածաշրջանային տնտեսական աճի նոր կետի ձևավորման համար, իսկ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու Հայաստանի առևտրական համագործակցության ընդլայնումը Իրանի հետ՝ «հարուստ բերք կբերի»:

Թեհրանը վարում է տարածաշրջանային տնտեսական գերտերություն ու տարածաշրջանային տնտեսական լոկոմոտիվ դառնալու քաղաքականություն: Ենթադրվում է, որ առաջիկա 10 տարիներին իրանյան տնտեսության աճի տեմպերը կկազմեն 3,5 %-ից ոչ պակաս: Արևմտյան փորձագետների գնահատականով՝ Իրանի տնտեսությունն արդեն առավել դիվերսիֆիկացվածն է Մերձավոր Արևելքում, որ բնական պաշարներով հարուստ երկրին տնտեսական գերտերութան կարգավիճակ կապահովի արդեն 2025-ին: Դրանից կշահի Հայաստանը, իբրև ԵԱՏՄ անդամ և յուրահատուկ կամուրջ Իրանի ու Ռուսաստանի միջև, եթե վաղ թե ուշ Իրանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում մոդեռնացվի: Տնտեսական աճը վերաբերում է ոչ միայն ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Հարևան Թուրքիայում այդ աճը արթնացրեց կայսերական անցյալի նոստալգիա: Պարսկաստանն էլ եղել է հզոր տարածաշրջանային կայսրություն և նրա դրեյֆը աշխարհաքաղաքական պատմության վերականգնման ողղությամբ բացառված չէ, որը մեծ մասամբ բացատրում է Անդրկովկասում իրանյան քաղաքականության ներկա որոշ առանձնահատկություններ, հատկապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ռազմավարական մտածողության գծի կառուցման առումով: Մեծ Մերձավոր Արևելքը ենթարկվում է բացահայտ տրանսֆորմացիայի, վերաֆորմատավորման մեջ առանցքային դերերից մեկը կարող է խաղալ Անդրկովկասը, որ մեծ հարցեր է դնում Ադրբեջանի առաջ: 2016-ի փետրվարին Ադրբեջանի նախագահը մեկնեց Թեհրան: Այդ ժամանակ Իրանն արդեն դուրս էր գալիս պատժամիջոցների ռեժիմից և ակնհայտ էր, որ աշխարհաքաղաքական առավելությունները, որ մինչ այդ տարածաշրջանում ուներ Ադրբեջանը, անհետանում են: Ավելի վաղ Բաքուն դժգոհություն էր հայտնել, որ Թեհրանը չի միացել Հայաստանի շրջափակմանը և նրա հետ ակտիվ առևտրատնտեսական ու քաղաքական կապեր է պահպանում: Նոր պայմաններում Իրանի դիրքորոշման փոփոխության հասնել առավել ևս հնարավոր չէ, իսկ Հայաստանի միացումը Իրանի մասնակցությամբ տնտեսական նախագծերին միայն ժամանակի հարց է: Բացի այդ՝ Իրանը միշտ զգուշավորություն է դրսևորել ադրբեջանաթուրքական ալյանսի նկատմամբ, բայց հենց Հայաստանի քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն են թուլացրել Բաքվի ու Անկարայի տարածաշրջանում ավելի շատ ծավալվելու հնարավորությունները: Այդ պատճառով նախագահ Ալիևին Թեհրանում հասկացրին, որ խաղի նոր կանոններ են հաստատվում տնտեսական ու քաղաքական համագործակցության ոլորտում, որտեղ առանձնանում է Թեհրանի գլխավոր դերը: Հենց այդ ենթատեքստում են ընկալվում Ադրբեջանի ու Իրանի նախագահների բազմաթիվ փոխայցերը, տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման համաձայնագրերի ստորագրումը:

Սակայն պետք չէ դրանք գերագնահատել: Երբ հայտնվեց Ադրբեջանի հարավը և Իրանի հյուսիսը կապող երկաթուղային նախագիծը (Աստարա-Իրան), Բաքվում առաջարկեցին անվանել «Պարսից ծոցի համար պայքարում Սարգսյանի պարտություն», որովհետև Երևանը գաղտնիք չէր դարձնում Իրանով Պարսից ծոց դուրս գալու ձգտումները: Բայց Թեհրանը զուգահեռ խոսում էր երկու նախագծերի մասին՝ ելնելով իր շահերից, արտաքուստ հավասարակշռություն պահելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Եվ ահա հիմա Իրանն այլևս չի ցանկանում ավարտել Ռեշտ-Աստարա երկաթգծի իր հատվածի շինարարությունը, իսկ թերթերը Բաքվում հարցնում են՝ ի՞նչն է Թեհրանին խանգարում ավարտել շինարարությունը և ենթադրում են, որ տարածաշրջանում «ինչ-որ փոփոխություններ» են սպասվում: Կարելի է հիշել՝ ինչպես էր Ադրբեջանն արգելակում Թուրքիայի խորհրդարանում 2009-ի հոկտեմբերի Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, որ նախատեսում էին Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում ու սահմանի բացում: Երևանի նկատմամբ Բաքվի այդ խաղից Թեհրանը հրաժարվեց: Երբ հայտնվեց Ռոհանիի Հայաստան այցի տեղեկությունը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը Իրանի նախագահին կոչ արեց այցը բեկանել «հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով»: Բաքվի Haggin. az պորտալը գրեց. «Եթե Ռոհանին գնա Հայաստան, Ալիևը պիտի գնա Իսրայել»: Պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը նախազգուշացրեց. «Եթե Իրանը հարգանք չդրսևորի այնտեղ ապրող 30 (՞) միլիոն ադրբեջանցիների ազգային պատկանելության նկատմամբ, կբախվի տխուր հետևանքների»:

Փաստորեն՝ Բաքուն իրեն համարում է Իրանի քաղաքական կայունության երաշխավոր, թեպետ ամեն ինչ գուցե հակառակն է: Պետք չէ մոռանալ, որ Իրանում, ոչ պաշտոնական տվյալներով, մոլլաների 50 %-ը և բարձրագույն պաշտոնյաների 40 %-ը ադրբեջանցիներ են, գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Ակբար Համենեին ևս ադրբեջանցի է: Բաքուն հայտնվում է էքզիստենցիալ ընտրության առաջ, երբ Թեհրանն ասում է, որ Իրանն ու Ադրբեջանը «նման են մեկ հոգու՝ երկու մարմնի մեջ»: Իրավիճակը պարադոքսալ է: Ստացվում է՝ Հյուսիսային Ադրբեջանը (Բաքվի տերմինաբանությամբ) Հայաստանի հետ պատերազմի վիճակում է, իսկ Հարավային Ադրբեջանը՝ իրանականը, ընդլայնում է համագործակցությունը և հասցնում ռազմավարականի մակարդակի: Պատահական չէ, որ Հայաստանը Ռոհանիի այցի հետ մեծ հույսեր է կապում: Երևանում դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց հերթին առաջիկա այցն անվանում են «շրջադարձային» երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ: Հիմա գլխավորը հասկանալն է՝ ինչի՞ վրա են շեշտը դնելու երկու երկրները իրենց հարաբերություններում քաղաքականության, տնտեսության ու աշխարհագրության մեջ, ի՞նչ նոր քայլեր է սկսում իրականացնել Իրանը Անդրկովկասում մի իրավիճակում, երբ ինքը գտնվում է անհանգիստ Աֆղանստանի ու քանդվող Իրաքի շրջապատում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ փակագծերում կարդացեք՝ Ռոհանիի այցը Հայաստան Մոսկվան այլևս չի կարողանում կասեցնել, ինչպես փակում էր Երևանից Թեհրան նախագահի ճանապարհը: Որքան ակտիվանում է Մոսկվա-Անկարա համագործակցությունը, այնքան թուլանում է Մոսկվա-Թեհրան կապը՝ ռազմական ու առևտրատնտեսական: Երբ Էրդողանը Էրբիլում հայտարարում է, որ Մոսուլը թուրքական տարածք է եղել, իսկ Մոսկվան չի լսում, երբ Ռոհանին հայտարարում է, որ Իրաքի տարածք իր մտելը Թուրքիան պիտի համաձայնեցնի Իրաքի իշխանությունների հետ, ստացվում է, որ Սիրիայի հարցում ՌԴ-Իրան համագործակցությունը չի գործում Իրաքի հարցում: ՈՒ այս իրավիճակում Ռուսաստանին ամենից շատ հետաքրքրում է, թե Իրանը ինչ է մտադիր անել Հարավային Կովկասում, որը Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի: Պատահական չէ հիշեցումը Պարսկաստանի կայսերական անցյալի մասին: Մոսկվան փորձելու է խաղարկել Օսմանյան կայսրության վերականգնման Էրդողանի հավակնությունների վրա՝ կանխելու Իրանի ազդեցության ընդլայնման որևէ քայլ: Առավել ևս պատահական չեն Իրանի տարածքում բնակվող ադրբեջանցիների մասին Բաքվի հիշեցումները, բայց որքան Բաքուն, նույնքան Թեհրանը կարող է հարևան երկրում իրավիճակն ապակայունացնել: Ադրբեջանում էլ քիչ չեն իրանցիները: ՈՒ ընդհանրապես Իլհամ Ալիևը պիտի հասկանա, ո՞րն է ավելի կարևոր՝ «Մեկ ազգ, երկու պետությո՞ւնը», թե՞ «մեկ հոգին՝ երկու մարմնի մեջ»: Իսկ Երևանին տրվում է վերջին շանսը՝ կամ լինել ինքնիշխան պետություն ու իր շահերը պաշտպանել, կամ՝ մնալ ԵԱՏՄ անդամ, որտեղ բոլոր պետությունները վաղուց արդեն վարում են բազմավեկտոր քաղաքականություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ