Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ պահանջել է Եվրամիությունից հանել վիզային ռեժիմը: Հակառակ դեպքում՝ Թուրքիան դուրս կգա փախստականների մասին համաձայնագրից: Շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթին Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մեր համբերությունը հատնում է: Մենք պատասխան ենք սպասում արդեն առաջիկա օրերին: Եթե պատասխան չլինի, մենք կկասեցնենք համաձայնագիրը: Թող Բրյուսելը մեր քթից բռնած ման չգա»:
Նա նշել է, որ ԵՄ-ն «ուզում է, որ համաձայնագիրը շարունակի գործել իր օգտին: Բրյուսելն ուզում է որոշ փոփոխություններ մեր հակաահաբեկչական օրենսդրության մեջ: Վերջին 14 տարում մենք այնքան փոփոխություններ ենք արել ԵՄ-ի խնդրանքով»: «Բայց երբ եվրոպական որոշ պետություններ խստացնում են իրենց հակաահաբեկչական օրենքները, իսկ Թուրքիային, հակառակը, ստիպում են մեղմացնել, մեր ժողովուրդը դա գնահատում է իբրև ահաբեկչության դեմ պայքարի թուլացում»՝ վստահ է Չավուշօղլուն: Թուրքիան, նրա խոսքով, «պահպանում է համաձայնագիրը և նույնը սպասում է ԵՄ-ից: Եթե դա տեղի չունենա, Թուրքիան համաձայնագրից դուրս կգա»:
«Մենք չենք սպասի մինչև տարեվերջ: Առավել ևս, որ մենք արդեն ժամկետ ենք սահմանել՝ հոկտեմբերի վերջը»՝ ասել է նախարարը: Չավուշօղլուն բացառել է կոմպրոմիսը. «Մենք չենք կարող զիջումներ անել ԵՄ-ին: Եվրոպացիները հեղաշրջում չեն ունեցել: Ավիացիան նրանց չի հարվածել, տանկերի դեմ չեն կռվել, 241 սպանված չեն ունեցել»: Թուրքիայի ԱԳ նախարարը եվրոպացիներին կոչ է արել դադարեցնել Թուրքիային դաս տալը. «Եվրոպան պիտի ոչ թե մեզ սովորեցնի, այլ ինքը սկսի պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի ու իսլամաֆոբիայի դեմ: Դրանք բոլորը հանցագործություններ են մարդկության դեմ»՝ եզրափակել է թուրք դիվանագետը:
Մարկո Կաուֆման ԲՈՍԱՐՏ, Neue Zürcher Zeitung
Հ.Գ.
Թուրքիայի ԱԳ նախարարի այս խոսքերը ցինիզմի գագաթնակետն են: Մի կողմ դեռ Եվրոպային շանտաժ անելը, Թուրքիայի ինչի՞ն է պետք Եվրոպայի հետ վիզային ռեժիմը վերացնելը, եթե Եվրոպան այդքան վատն է՝ մարդկության դեմ հանցանքներ գործող, ի՞նչ պիտի «հանցագործ» Եվրոպան տա «քաղաքակիրթ» Թուրքիային, որ վերականգնում է մահապատիժը և իր բնակչության կեսին դավաճանության մեջ է կասկածում՝ ձերբակալելով ու բանտերը լցնելով, մյուս կեսին էլ պարզապես սպանում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Թուրքիայի ԱԳ նախարար. Թող Բրյուսելը մեր քթից բռնած՝ չպտտի