Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Առաջ՝ դեպի Աբու Դաբի

Առաջ՝ դեպի Աբու Դաբի
11.11.2016 | 01:20

Մինչ նոյեմբերի 9-ին Հայաստանը, ինչպես աշխարհը, փորձում էր հաղթահարել ԱՄՆ նորընտիր նախագահի հարուցած շոկը, ՀՀ նախագահը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էր: Նա հանդիպեց Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամադ բին Զայեդ ալ Նահյանին, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիին, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր Բին Զայեդ ալ Նահյանին: Եղավ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում ու շեյխ Զայեդ Մեծ մզկիթում: Հանդիպեց ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարներին: ԱՄԷ-ն ունի 17 նախարար, պատկերացնո՞ւմ եք՝ բոլորին հանդիպեր:

Բացի հայ օլիգարխների ու քաղաքական գործիչների հանգստավայր ու հարսանքատեղի լինելը՝ ինչո՞վ է ԱՄԷ-ն հայտնի: Դաշնային պետություն՝ յոթ էմիրաթներից, յուրաքանչյուրը բացարձակ միապետություն է՝ Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Ռաս էլ Հայմա, ՈՒմ էլ Քայվայն, Ֆուջերա և Շարժա: Անապատում, որտեղ ջերմաստիճանը հասնում է հիսունի, երբեմն ավելիի: Աբու Դաբին էմիրաթներից ամենամեծն ու ազդեցիկն է, այնտեղ են նավթի ամենամեծ պաշարները: Որտեղ նավթ՝ այնտեղ փող: Որտեղ փող՝ այնտեղ իշխանություն: Ալ Նահյանների կլանը Աբու Դաբիում իշխում է 250 տարի: Ի՞նչ էր որոնում ՀՀ նախագահը շոգ ու նավթոտ երկրում: Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին նա ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Էմիրությունների հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ, հույս է հայտնել, որ «պաշտոնական այցի շրջանակներում բանակցություններն ու ձեռքբերվելիք պայմանավորվածությունները զգալի ներդրում կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման գործում»: Ի՞նչ է ասել շեյխը՝ այնքան էլ պարզ չէ, երկուսն էլ համակարծիք են եղել, որ հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները, կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը որպես նպաստավոր հարթակ միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների, տնտեսության բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետևելու: Ամենակարևորը՝ «Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները և գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով»:

Փաստորեն, անհույս ու ժլատ Նյու Յորքից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ ֆինանսական երջանկությունը տեսավ էմիրաթներում, որտեղ կա փող, շատ փող և համարյա Հայաստանի նման կլանային կառավարում, որն այնտեղ օրինական ու իրավական է, իսկ այստեղ՝ իշխանական: Խոստացե՞լ են Աբու Դաբիի, Դուբայի, Շարժայի շեյխերը ներդրումներ անել: Իհարկե՝ այո, Արևելքում հյուրին ոչինչ չեն մերժում, բայց չեն տալիս, եթե շահ չունեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը ՀՀ նախագահի այցը որակեց պատմական: Սերժ Սարգսյանը ոչ պատմական այցեր չի ունենում, դեսպանը շրջադարձ տեսավ «տնտեսական ակտիվությունը նոր մակարդակի վրա բերելու գործում»՝ համոզված, որ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է, տնտեսական հարաբերությունները հասցվում են քաղաքականին: ԱՄԷ-ին հետաքրքրել են գյուղատնտեսությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: ՈՒրիշ ի՞նչ ունեինք: Մինչև տարեվերջ կհասցնի՞ Սերժ Սարգսյանը լուծել գանձարանը լցնելու հարցը: 2017-ին ուշ կլինի: Փողը պետք է հիմա և այստեղ:

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ