Նոյեմբերի 10-ին Ազգայն ժողովը ընթացք տվեց նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականի գործընթացին՝ գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար: Փաստաթուղթը ստորագրել են 79 հանրապետական պատգամավորներ: Ազգային ժողովի նախագահ սոցիալիստ Կլոդ Բարտոլոնը ընթացակարգի համաձայն նախագահին ու վարչապետ Մանուել Վալսին ուղարկել է «բանաձևի նախագծի պատճենը Քրիստիան Ժակոբի ու Ազգային ժողովի 78 պատգամավորների ստորագրությամբ՝ դատարանում քննարկելու համար»՝ հաղորդել են AFP-ի աղբյուրները, որ ունեն նաև նամակի պատճենը: Հանրապետականների կուսակցությունը (193 պատգամավոր, ևս վեց անկախ պատգամավոր) իր կոմյունիկեում բացատրել է, որ «Պիեռ Լելյուշի նախաձեռնած բանաձևի նախագծի պատրվակը լուրջ խախտումներն են հանրապետության նախագահի պարտականությունների կատարման ժամանակ, մասնավորապես՝ ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունների հրապարակումը»:
«Նախագիծն արտահայտում է մեր խոր համոզմունքը, որ նախագահը չպետք է, չի կարող ու պարզապես որևէ իրավունք չունի հրապարակել տեղեկատվությունը, որ առնչվում է պետության ղեկավարի ու գերագույն հրամանատարի պարտականություններին»:
Խոսքը Le Monde-ում օգոստոսի 25-ին հրապարակված հոդվածի մասին է, որ վերնագրված էր «Օրը, երբ Օբաման հրաժարվեց Օլանդից»: Հոդվածը պատմում էր այն ժամերի մասին, երբ Ֆրանսիան պատրաստվում էր Սիրիայի վրա հարձակվել 2013-ի օգոստոսի վերջին: Ժերար Դավեի և Ֆաբրիս Լոմի՝ պետության ղեկավարի հետ 60 զրույցների վրա հիմնված «Նախագահը չպետք է դա ասեր …» գիրքը լույս տեսավ հոկտեմբերին: Իբրև ապացույց Le Monde-ը հրապարակել է գաղտնի ռազմական փաստաթուղթ, որում շարադրված է ներխուժման ընդհանուր ծրագիրը: Գործադիր կոմիտեին փոխանցված փաստաթուղթը ստորագրողներից է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ու Սարկոզիի կողմնակից Էրիկ Սիոտին: Հանրապետականների խմբի փոխանցած երկար ցանկում կան աջերի երևելի ներկայացուցիչներ Նատալի Կոստյուշկո-Մորիզը և Ժան Ֆրանսուա Կոպեն, կուսակցության նախագահի պաշտոնակատար Լորան Վոկեն, Ալեն Ժյուպեի կողմնակից Էդուար Ֆիլիպը: Այս գործընթացը, որին չափազանց հազվադեպ են դիմում, թույլատրվել է միայն 2014-ին: Նախաձեռնությունը կարող է կտրուկ փոփոխությունների հասնել կարճ ժամանակում: Հանրապետության նախագահը «կարող է պաշտոնից հանվել միայն պարտականությունները կատարելիս իր մանդատի հետ անհամատեղելի խախտումների դեպքում» Գերագույն դատարանի որոշմամբ՝ ըստ Սահմանադրության:
Ազգային ժողովի բյուրոն փաստաթուղթը «ձևով ու բովանդակությամբ» կուսումնասիրի՝ նոյեմբերի 9-ին ասաց Քրիստիան Ժակոբը: Եթե բանաձևը ընդունվի ուսումնասիրության, կփոխանցվի օրենսդիր հանձնաժողովին: Եթե հանձնաժողովը կողմ կամ դեմ քվեարկի, գործընթացը կշարունակվի: Եթե հանձնաժողովը բանաձևը շրջանառության մեջ չդնի, գործընթացին վերջ կտրվի:
Le Monde
Հ.Գ. Ահա այսպես, անակնկալներով տարին շարունակվում է և Ֆրանսիայում: Ամենայն հավանականությամբ՝ գործընթացը չի շարունակվի և այս ամենի բուն նպատակը ոչ թե Ֆրանսիայի նախագահի հրաժարականն է՝ ընտրություններից մեկ տարի առաջ, այլ՝ նրա երկրորդ ժամկետում առաջադրումը կամ կանխելը, կամ վերընտրության շանսերը նվազեցնելը: Նրա և նրա կուսակցության: Համենայն դեպս՝ ազգային անվտանգությանը վերաբերող պետական գաղտնիքների հրապարակումը չափազանց լուրջ մեղադրանք է, որի մասին ընտրողը չի կարող չմտածել ընտրություն անելիս: Սա լրջագույն հարված է Ֆրանսուա Օլանդի ու սոցիալիստական կուսակցության ապագային, իսկ ներկան նրանք կհասցնեն մինչև հերթական ընտրություններ: Առավել ևս, որ հանրապետականները Ազգային ժողովում փոքրամասնություն են: Ճիշտ է՝ Ֆրանսուա Օլանդի հրաժարականի բանաձևի նախագիծը ստորագրել են 79 պատգամավորներ, աջակցել են 152-ը, բայց նախագահի հրաժարականի համար խորհրդարանի երկու պալատների մեծամասնության ձայներն են պետք: Հանրապետականներն Ազգային ժողովում ունեն 199 ձայն 577-ից, սոցիալիստները՝ 289: Ի վերջո Ֆրանսուա Օլանդի իմպիչմենտի գործընթացը կդառնա հզոր գովազդ Ժերար Դավեի և Ֆաբրիս Լոմի «Նախագահը չպետք է դա ասեր …» գրքին, որ առանց այդ էլ սպառվել է մի քանի օրում: Իսկ Ֆրանսուա Օլանդը երևի իսկապես սովորի՝ ինչ պետք է և ինչ չպետք է ասեր: Առավել ևս լրագրողներին, որ նրան զգուշացրել էին՝ զրույցների հիման վրա գիրք են գրելու, իսկ Ֆրանսիայի նախագահը նախապես չէր պայմանավորվել, որ գրքի շարադրանքը պետք է իր հետ համաձայնեցվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ