The Washington Post-ի մեկնաբան Ջեկսոն Դիլը Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության երկու կանխատեսում է արել: Կամ՝ հրաժարում ԱՄՆ-ի գլոբալ առաջատարությունից, որ գոյություն ունի 1918-ից, կամ աստիճանական վերափոխում «Օբամայի քաղաքականության նվազ նրբակիրթ տարբերակի»: Բայց հիմա ոչ ոք, նույնիսկ ինքը՝ Թրամփը, հաստատ չգիտի՝ ինչ է անելու Թրամփը արտաքին քաղաքականության հետ: Երկու մասշտաբային քննություն կա, որի արդյունքներով հնարավոր է հասկանալ՝ ո՞ր ուղղությամբ է շարժվում Դոնալդ Թրամփը: Առաջին՝ ո՞ւմ Թրամփը կնշանակի բարձր պաշտոնների ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտում: «Թրամփի հնարավոր վարժեցնողները» հույս ունեն, որ փորձառու մարդիկ կնշանակվեն՝ Բոբ Կորկերի, Սթիվեն Հեդլի կամ Դևիդ Պետրեուսի պես: Բայց Թրամփը հակված է առաջադրել իր էքսցենտրիկ բարեկամներին: Ճիշտ է, որոշ տեղեկություններով՝ Նյուտ Գինգրիչը հայտարարել է, որ չի ցանկանում պետքարտուղար լինել: Բայց Ռուդոլֆ Ջուլիանին, որ, ըստ լուրերի, ցանկանում է նշանակվել այդ պաշտոնում, ոչինչ չի հասկանում միջազգային գործերից: Իսկ պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինին կասկածում են, որ Ռուսաստանի դրածոն է (մի անգամ նա Պուտինի կողքին է նստել ընթրիքի ժամանակ Մոսկվայում):
Երկրորդ մեծ քննությունը կդառնան Պուտինի հետ հարաբերությունները: Ինչո՞ւ էր նախընտրական պայքարում Թրամփը պաշտպանում Պուտինին: Գուցե նա պարզապես գլուխ էր խոնարհում Պուտինի՝ իբրև նախագահի ուժի առաջ: Կամ՝ կարծում է, որ պարտական է նրան դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը կոտրելու համար, գուցե նրա բիզնեսում ռուսական ներդրումնե՞ր կան: Պուտինը կխնդրի պատժամիջոցները հանել և ռուս-ամերիկյան ալյանս կնքել՝ Ասադի վարչակարգին աջակցելու: Եթե Թրամփը համաձայնի, պարզ կդառնա, որ գլոբալ աշխարհակարգը փոխվում է: Եթե Թրամփը դավաճանի արևմտյան հաստատուն աջակցությանը ՈՒկրաինային, ՆԱՏՕ-ի երկրները, սկսած Մերկելից, թուլացած ու վիրավորված կզգան իրենց: Կենտրոնական Եվրոպայի փոքր երկրները կշտապեն իրենց գործարքները կնքել Պուտինի հետ: Եթե ՆԱՏՕ-ի ոչ վաղուցվա ընդարձակումը՝ բալթյան երկրներում ռուսական ագրեսիան կանխելու նպատակով, փոխվի, ալյանսը կփլվի:
Եթե ԱՄՆ-ը մերձենա Ռուսաստանի հետ սիրիական հարցում, նրանք կվանեն դաշնակից սուննիներին՝ Սաուդյան Արաբիային ու Հորդանանին, որ սիրիական քաղաքացիական պատերազմն ընկալում են իբրև միջնորդավորված պայքար Իրանի հետ:
Թրամփը քամահրանքով է վերաբերվել որոշ դաշնակիցների, բայց եթե նա ցանկանում է ջախջախել «Իսլամական պետությունը», նրանց օգնությունը պետք է: Իսրայելը նույնպես ցանկանում է, որ վերածնվի ԱՄՆ-ի ալյանսը սուննի երկրների հետ: Երբ Թրամփը սկսի մտածել այս խճճված հարցերի շուրջ, մենք կիմանանք՝ ինչ ճակատագիր է սպասում ԱՄՆ-ի գլոբալ առաջատարությանը՝ դանդաղ տրոհում, որ վերջին տարիներին տեղի էր ունենում, կամ կտրուկ կոլապս:
Ջեկսոն ԴԻԼ, The Washington Post
Հ.Գ.Առայժմ ԱՄՆ ընտրված նախագահը հաստատել է, որ պատը Մեքսիկայի հետ սահմանին կկառուցվի ու պատրաստվում է երկրից արտաքսել անօրինական միգրանտներին, նա նաև հրաժարվել է նախագահի աշխատավարձից ու ասել, որ իրեն ամիսը 1 դոլարն էլ բավական է: Ի՞նչ սպասել տարեկան 12 դոլար աշխատավարձ ստացող նախագահից, կերևա հունվարից հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ