2012-ին Վլադիմիր Պուտինի իշխանություն վերադառնալուց հետո ուժայինները՝ մարդիկ, որ իշխանական կառույցներում հայտնվում են անվտանգության ծառայությունից, հաջողության բոլոր շանսերն ունեն և սկսում են գերիշխել լիբերալներին՝ գրում է Le Figaro-ում Մոսկվայի թղթակից Պիեռ Ավրիլը: Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալությունը հաստատում է, որ Ռուսաստանում քաղաքական տարաձայնությունները հաճախ կարգավորվում են իրավաբանական վենդետայով: Այդ բարձրաստիճան պաշտոնյան, որ կառավարությունում պատասխանատու էր սեփականաշնորհման պետական ծրագրի իրականացման համար, քավության նոխազ դարձավ կլանների հավիտենական պայքարում, որտեղ ուժայինները դիմակայում են լիբերալներին: Ալեքսեյ ՈՒլյուկաևը լիբերալների խմբից է, ինչպես նախկին նախագահ, ներկա վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«ՈՒլյուկաևի ձերբակալությունը ազդանշան է նրանց, ովքեր որոշումներ են ընդունում, կառավարության բոլոր լիբերալներին, որ իրենց թույլ են տվել քննադատել Վլադիմիր Պուտինի տնտեսական քաղաքականությունը»՝ կարծում է տնտեսական վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը: Դա նրանց հստակ ուղերձ է՝ դուք վերահսկողության տակ եք, նույնիսկ մի փորձեք ընդհանուր շարքից դուրս ցցվել: Փորձագետի կարծիքով՝ ՈՒլյուկաևը կարող էր համաձայնել «ատկատին»՝ նավթային գործարքին իր լուռ համաձայնության դիմաց, դա սովորական է ռուսական էլիտայի ներսում և հարաբերությունները հարթելու խնդիր է լուծում: Լիբերալների հալածյալ կլանի անդամ է Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, որ արդեն դարձել է «ժողովրդական» ընդվզման զոհ, երբ ռուբլին խիստ արժեզրկվեց: Վերջերս ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկին ՈՒլյուկաևին մեղադրեց, որ նա «ատում է Ռուսաստանը»՝ նախարարն իր բանաստեղծություններում գրել էր ստի ուժի մասին: 2012-ին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը մեղադրվեց հովանավորչության մեջ և հեռացվեց պաշտոնից, բայց հետո արդարացվեց: Վերջերս հակակոռուպցիոն պայքարի պաշտոնական աղացում հայտնվեցին երեք նահանգապետեր:
Վերահսկելով անազնիվ պաշտոնյաների զտումը՝ Վլադիմիր Պուտինը գնում է Յուրի Անդրոպովի ոտնահետքերով: «Սխալ պաշտոնյաներին ճիշտ պաշտոնյաներով փոխարինելու ճանապարհը՝ առանց բուն համակարգը փոխելու, վաղուց արդեն հայտնի փակուղի է»՝ զգուշացնում է քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը: Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի նկատմամբ սկսված հետաքննությունը չի ազդի Ռուսաստանի ներդրումային մթնոլորտի վրա, հակառակը՝ դրական լիցքեր կհաղորդի»:
Պիեռ ԱՎՐԻԼ, Le Figaro
Հ.Գ. ВВС-ին փոխանցել է՝ Հենրի Ջեկսոնի անվան ընկերության վերլուծական կենտրոնի ղեկավար Էնդրյու Ֆոկսոլը Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալությունը համարում է ռուսական իշխանության վերին էշելոններում բեկման գիծ: Նա ոչ միայն ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ ձերբակալվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այլև քչերից մեկը, որ իշխանության մեջ պաշտպանում էր տնտեսության զարգացման ազատական մոդելը: Ակնհայտ է բախումը նրանց միջև, ովքեր կարծում են, որ պետությունը պետք է առավել նշանակալից դեր խաղա ռուսական տնտեսության կարգավորման մեջ և նրանց միջև, որ այլ կերպ են մտածում: Տնտեսության կրճատման պայմաններում ռուսական էլիտան հարկադրված է զսպել ախորժակը և քչով բավարարվել: ՈՒլյուկաևը կարող է զոհ լինել ավելի մեծ պայքարի, որը ծավալվում է Կրեմլում: Անկախ նրանից, թե որոնք են ՈՒլյուկաևի ձերբակալության իրական պատճառները, ռուսաստանցիների մեծ մասն այդ քայլը դրական է գնահատելու: Վերջին երկու տարում Վլադիմիր Պուտինը բարձրագույն վարպետություն է դրսևորել հասարակական կարծիքը վերահսկելու գործում՝ շնորհիվ իրեն ենթակա պետական ԶԼՄ-ների: ՈՒլյուկաևի ձերբակալությունը այդ լրատվամիջոցները ներկայացնում են մեծ հաղթանակ՝ լայնորեն գովազդվող, իրականում ոչ այնքան հաջող պայքարում կոռուպցիայի դեմ: ՈՒղերձը շատ հստակ է՝ ոչ ոք չի կարող իրեն օրենքից դուրս դնել, անգամ բարձրաստիճան պաշտոնյան: Կհասնի՞ ալիքը վարչապետին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ