«Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության նախագահ Մարին Lե Պենը կարող է հաղթել 2017-ի նախագահական ընտրություններում՝ կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: Նրան հարցրել են՝ կարո՞ղ է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի ալիքի վրա Ֆրանսիայում իշխանության գալ Մարին Lե Պենը: Վարչապետն ասել է. «Հնարավոր է: Ֆրանսիան վտանգված է»՝ հայտարարել է Մանուել Վալսը՝ Բեռլինի տնտեսական ֆորումում: Նույն ենթադրությունն արել էր և Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը: Վալսի կարծիքով՝ աջ ուժերի կողմնակիցների թիվը կարող է ավելանալ և Մարին Lե Պենին հասցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի: «Դա նշանակում է, որ քաղաքականության հավասարակշռությունը լիովին կփոխվի»՝ զգուշացրել է Ֆրանսիայի վարչապետը: «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լե Պենը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը մեծացրել է Ֆրանսիայի նախագահ դառնալու իր շանսերը՝ Թրամփը հնարավոր է դարձրել՝ ինչ առաջ համարվում էր անհնար: Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում 2017-ի ապրիլի 23-ին են:
BBC
Հ.Գ. Իսկ գուցե Դոնալդ Թրամփի հաղթանակը չէ, այլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությո՞ւնն է հավանական դարձնում Մարին Լե Պենի հաղթանակը: Համենայն դեպս՝ Նիկոլա Սարկոզիի հանրապետականները խորհրդարանում բարձրացրել են նրա հրաժարականի հարցը՝ լինելով փոքրամասնություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ