Իսկ մենք մտածում էինք, որ թուրքական բանակը Սիրիա է մտել, որ վերջ դնի ԻՊ-ի ահաբեկչության սպառնալիքներին մեր սահմանների մոտ: Որ Եփրատի մյուս ափը վտարենք «Ժողովրդավարական դաշինք»/Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ (PYD/YPG) ահաբեկչական կազմակերպությանը: Որ կտրենք PYD/YPG կապը Քրդստանի աշխատավորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության հետ, որին նրանք աջակցում են զենք-զինամթերքով:
Չէ, մենք սխալվեցինք:
Կամ գուցե, այդ ամենը կա, բայց իրականում Թուրքիան այլ նպատակ ունի:
Եվ այդ նպատակը նախագահ Էրդողանը շատ հստակ նշեց. «Մենք պետք է Սիրիա մտնեինք Սիրիայի Ազատ բանակի հետ: Ինչո՞ւ ենք մենք մտել: Ոչ այն պատճառով, որ աչք ենդ դրել սիրիական տարածքներին: Նրանք պետք է իսկական տերերին պատկանեն: Մենք այնտեղ ենք, որ դա ապահովենք, որ արդարություն հաստատենք: Մենք Սիրիա ենք մտել, որ վերջ դնենք բռնակալ Ասադի կառավարմանը, որ պետական ահաբեկչություն է կատարել, ոչ թե ուրիշ որևէ նպատակով»:
Լսելով նախագահին ուղիղ եթերում, ես չհավատացի ականջներիս:
Ես սպասեցի և գտա այդ նախադասությունը լրատվական գործակալությունների հաղորդումներում: «Մենք Սիրիա ենք մտել, որ վերջ դնենք բռնակալ Ասադի կառավարմանը, որ պետական ահաբեկչություն է կատարել, ոչ թե ուրիշ որևէ նպատակով»:
Առավոտյան ժամերին ես սպասում էի, որ ընդդիմությունը կարձագանքի նախագահի խոսքերին:
Ազգայնական շարժման և Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարները հերթով եկան խորհրդարանական խմբակցության նիստի: Բայց ոչ Բահչելին, ոչ Քիլիչդարօղլուն ոչ մի բառ չասացին Սիրիայում Թուրքիայի նոր քաղաքականության մասին: Մի՞թե նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Թող մեր մեջ մնա, Ասադին տապալելու Թուրքիայի մտադրությունը մի դարձրեք ներքաղաքական քննարկման թեմա»:
Ասենք, նրանք համաձայնել են, բայց ինչո՞ւ նա ինքը հայտարարեց այդ նպատակը: Չգիտեմ՝ այս խոսքերը սկիզբ չե՞ն դնի Թուրքիայի շուրջ նոր վեճերի:
Բայց Ասադը, ալլահն ազատի, կարող է պատերազմի հայտարարություն համարել: Ի՞նչ եք ասում: Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհո՞ւմ:
Օրհան ՈՒԳՈՒՐՕՂԼՈՒ, Yeni Çağ, Թուրքիա
Հ.Գ. Իսկ ո՞վ չգիտի, որ Էրդողանը Պանդորայի արկղ է, որ ինքն իրեն է բացվում: Եթե որևէ մեկին աշխարհում թվում է, որ նրան հնարավոր է շրջանակների մեջ պահել տնտեսական կամ քաղաքական պատճառներով, փաստացի սխալվում է: Ձախողվե՞ց Եվրամիությունում, եվրոպացիները արժեքները վեր դասեցին օգուտից, հիմար են, քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Սեպը սեպով են հանում՝ Էրդողանը տեղնուտեղը պատերազմ հայտարարեց… Սիրիային, որովհետև Եվրամիությանը չէր կարող: Հետո ինչ, որ դա նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին, մի՞թե նա եղբայր Վլադիմիրին խոստացել էր, որ Ասադն իր եղբայրն է: Ոչ, իհարկե, ոչ: Տապալել Ասադին և վերադարձնել Օսմանյան կայսրության տարածքները, հետո ինչ, որ ասում է՝ ուրիշի տարածքների վրա աչք չունենք: Երեկ չուներ, այսօր կունենա: Իսկ տուժողը Սերգեյ Լավրովն է՝ նա արդեն թռել է Անկարա՝ տեղվույն վրա պարզելու՝ պատերազմ է հայտարարվում միայն Սիրիայի՞ն, թե՞ նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հովանավոր Ռուսաստանին: Պատկերացնո՞ւմ եք՝ Սպիտակ տանը ինչքան է ծիծաղել Բարաք Օբաման: Իզուր, Էրդողանը կարող է պատերազմ հայտարարել և Փենսիլվանիա նահանգին, որտեղ ապրում է Ֆեթուլլահ Գյուլենը: Նա Թուրքիայի նախագահն է ու Թուրքիան կրակն է ընկել իր նախագահի ձեռքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ