Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սենատը «սպանեց» Մատեո Ռենցիին

Սենատը «սպանեց» Մատեո Ռենցիին
06.12.2016 | 09:19

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի պարտությունը Եվրոպայի երրորդ շոկն է Բրեկզիտից ու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո՝ գրում է Կլաուս Գայգերը Die Welt-ում: Ռենցիի պարտությունը կարելի է գնահատել իբրև երրորդ մեծ ժողովրդական ապստամբություն քաղաքական իստեբլիշմենտի դեմ և երրորդ հարվածը եվրոպական գաղափարին: Իտալացիներն իրենք նավից ցած նետեցին «լավագույն ապագայի իրենց շանսը»: Այդպես էին իստեբլիշմենտի հակառակորդ Մատեո Ռենցիին անվանում: Մի քանի տարի առաջ Ռենցին իշխանության եկավ իբրև քաղաքական իստեբլիշմենտի դեմ պայքարի մարտիկ:

Այն ժամանակ վարչապետը իտալացիներին խոստացավ վերջ տալ քաղաքական կաստաներին Իտալիայում: Հիմա իտալացիները հրաժարվեցին Ռենցիից և շրջվեցին այն ուժերի կողմը, որ խոստանում են «վերջ տալ» Ռենցիին, նախ և առաջ «Հինգ աստղերի» շարժմանը: Բայց այդ կուսակցությունը չափազանց անկանխատեսելի է և ինչ կլինի նրա իշխանության գալու դեպքում, հայտնի չէ: Այդ թվում՝ հնարավոր է եվրագոտուց դուրս գալը: Ռենցիին դավաճանեց և Եվրոպան: Գերմանիան ու Ֆրանսիան փակում են իրենց սահմանները և Իտալիային մենակ են թողնում միգրացիոն ճգնաժամի հետ: Ռենցին մնաց մենակ և շանս չուներ, երբ իտալացիները տրվեցին իրենց մշտական ցանկությանը՝ տապալել իշխանությանը:
Կլաուս ԳԱՅԳԵՐ, Die Welt

Հ.Գ. ՈՒ ի՞նչ է լինելու Իտալիայում: Մատեո Ռենցին գիշերը հայտարարեց, որ հանրաքվեում պարտությանը պատասխանատուն ինքն է և ասաց, որ հակառակորդ ճամբարը պետք է հստակ առաջարկություններ ներկայացնի: Վարչապետի պարտությունը լուրջ է՝ նրա առաջարկին դեմ էր ընտրողների 60 %-ը, միայն 40 %-ն է նրա օգտին քվեարկել: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 70 %-ը, որ փորձագետների կարծիքով՝ արտացոլում է վարչապետից իրենց դժգոհությունը հայտնելու ցանկությունը: Մատեո Ռենցին Եվրոպայում մնացած միակ վարչապետն էր, որ սեփական պատկերացումներն ուներ ԵՄ-ի ապագայի մասին: Անգելա Մերկելը չափազանց զբաղված է ներքաղաքական ճգնաժամով ու միգրանտներով, Ֆրանսիայում շատ ուժեղ են եվրասկեպտիկների և Ազգային ճակատի դիրքերը: Եվ Մատեո Ռենցին հեռանում է՝ նա խոստանում էր քաղաքական բարեփոխումներ և Իտալիայի տնտեսության ռեստարտ, իսկ արեց հակառակը:

Երկուշաբթի Իտալիան արթնացավ բանկային ճգնաժամի, քաղաքական խառնաշփոթի և ակտիվացած պոպուլիստների հետ: Իտալիան եվրագոտու երրորդ տնտեսությունն է, որ բարդ ժամանակների առաջ է: Անկանխատեսելի ընտրություններ են 2017-ին սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, չի բացառվում՝ նաև Իտալիայում:
Մատեո Ռենցին իր քաղաքական ապագան կապեց Իտալիայի քաղաքական համակարգի պարզեցման հանդուգն փորձի հետ: Նա առաջարկում էր նվազեցել Սենատի դերը՝ ուժեղացնելով կենտրոնական կառավարությանը: Նրա հակառակորդները, որոնց մեջ նաև իր կուսակիցներն էին, պնդում էին, որ փոփոխությունները չափազանց շատ իշխանություն են տալիս վարչապետին: Ժողովուրդը նրանց հետ համաձայնեց: Շատերը հանրաքվեն համարում էին քաղաքական էլիտայի հետ անհամաձայնություն դրսևորելու շանս: Հավարտ՝ հաղթեցին սահմանադրական փոփոխության հակառակորդները, որոնց թվում պոպուլիստական մի քանի կուսակցություններ են «Հինգ աստղ» շարժման գլխավորությամբ, որ օգտագործեցին ընտրողների դժգոհությունը տնտեսական վիճակից և միգրանտների հոսքից: «Հինգ աստղ» շարժումը հայտարարեց, որ պատրաստ է կառավարություն ձևավորել, իսկ նրա նախագահ Բեպե Գրիլոն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչ արեց: «Վաղվանից մենք սկսում ենք «Հինգ աստղի» կառավարության ձևավորումը»՝ հայտարարեց Լուիջի Դի Մայոն՝ կուսակցության ղեկավարներից մեկը:


Մատեո Ռենցին անցկացրեց կառավարության վերջին նիստը և նախագահ Սերջիո Մատարելային ներկայացրեց հրաժարականը: Նախագահը կարող է նրանց առաջարկել պաշտոնավարել մինչև տարեվերջ՝ բյուջեի ընդունումը: Հազիվ թե ընդդիմության ճնշմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն: Մատարելան կարող է անցումային կառավարություն նշանակել Ռենցիի դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, որ մինչև 2018-ի գարուն կմնար իշխանության, եթե հանրաքվեն չլիներ: Այդ կառավարության առավել հավանական վարչապետը ֆինանսների նախարար Պիեռ Կարլո Պադոանն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ