Գիյոմ Ռոկետի՝ Le Figaro-ի սյունակագրի կարծիքով՝ անհրաժեշտ է արագ կառուցել միջազգային այնպիսի համագործակցություն, երբ պահպանվում են բոլոր ազգերի իրավունքները և կասեցվում են այս կամ այն ազգի էքսպանսիոնիստական մտադրությունները: Նրանք նունիսկ չէին փորձում ձևացնել՝ Հալեպի ողբերգությանը վերջ դնելու համար Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը ոչ մեկի ու ոչնչի կարիք չէին զգում: Ոչ ՄԱԿ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ ԱՄՆ-ի, ոչ որևէ միջնորդի: Այս երկուսն էին Սիրիայի երկրորդ քաղաքում պատերազմի ավարտի կարգադրիչները՝ բնավ չմտահոգվելով, թե ինչ կմտածեն նրանք, որ դեռ կոչվում են միջազգային հանրություն: Միայն Էրդողանի Թուրքիան, միանալով հաղթողների ճամբարին, ներառվեց գործընթացում: ՈՒժի հաղթանա՞կը իրավունքի նկատմամբ: Գուցե, բայց նախ և առաջ՝ չար կամքի հաղթանակը բարի զգացումների նկատմամբ:
«Պետությունները չունեն բարեկամներ, նրանք միայն շահեր ունեն»՝ ասում էր (կարծես թե) Շառլ դը Գոլը: Այս ասույթը մի քիչ մոռացվել էր Բեռլինի պատը քանդելուց հետո, սահմանների ընդհանրական բացման ու «պատմության ավարտի» թեզիսի, որ առաջադրեց էսսեիստ Ֆրենսիս Ֆուկույաման: Բայց ոչ, պատմությունը չավարտվեց, շարունակվում և գրում են ժողովուրդները, ինչ էլ ասեն նրանք, ովքեր երազում էին նոր աշխարհակարգ, որտեղ պետությունների բոլոր ղեկավարները ձեռք ձեռքի տված՝ երաշխավորում էին ամբողջ աշխարհի խաղաղությունը: Ամենուր ժողովուրդները անվստահություն են տածում ղեկավարների նկատմամբ, որ դեռ հետևում են այդ երազին: Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, դուռը շրխկացնելով, դուրս եկան Եվրամիությունից՝ հրաժարվելով ինքնիշխանության կորստից, որ նրանց էր պարտադրում Բրյուսելը: ԱՄՆ-ում քաղաքացիներն ընտրեցին Դոնալդ Թրամփին, որ իր ընտրարշավը կառուցեց պետությանն իր վեհությունը վերադարձնելու խոստումի վրա: Ռուսաստանցիներն աջակցում են Վլադիմիր Պուտինին՝ ընտրությունից ընտրություն: Այսպիսի ամրապնդումը պարտադիր չէ, որ մարտահրավերի հոմանիշ լինի, ինչպես ազգերի վերածնունդը բնավ էլ անխուսափելիորեն չի սպառնում ազգայնականության վերադարձով:
Պարզապես ժողովուրդները գիտակցել են, որ սահմանների անպատասխանատու բացումը հետևից բերում է բնակչության չվերահսկվող տեղաշարժ և ունիվերսալիզմը խլացնում է ժողովրդավարությունների նույնականությունը, հնարավորինս նրանց ներգրավելով այնպիսի չկշռադատված արկածախնդրությունների մեջ, ինչպես ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք: Իսլամական ահաբեկչությունը, իբրև խելագարված գլոբալացման սարսափազդու արտացոլում, վերջին դերը չի խաղում այդ գիտակցության մեջ: Մնում է անել ամենադժվարը՝ կառուցել միջազգային այնպիսի համագործակցություն, երբ պահպանվում են բոլոր ազգերի իրավունքները և կասեցվում են այս կամ այն ազգի էքսպանսիոնիստական մտադրությունները: Եվ վերականգնել Եվրոպան, որ մտահոգվում էր մշակույթի, պատմության ու իր համագործակցության անդամների արժեհամակարգով: Կհայտնվե՞ն ղեկավարներ, որ կարող են այդ խնդիրները լուծել:
Գիյոմ ՌՈԿԵՏ, Le Figaro
Հ.Գ. Իհարկե՝ կհայտնվեն, բայց մի կես դար հետ, առաջիկա տասնամյակներում Եվրոպան դեռ տենդի մեջ վերականգնելու է իր նույնականությունը և ջանալու է ազատվել իսլամական տարրից, որ աղճատում է իր արժեհամակարգը, դեռ իշխանության են գալու ու հեռանալու ազգայնականները, վերականգնվելու են սահմանները, որ հետո Եվրոպան հիշի համերաշխության երանելի ժամանակներն ու ևս մեկ անգամ քանդի «Բեռլինյան պատերը»: Գուցե այդ ժամանակներում մենք էլ կհասունանանք Եվրոպա վերադառնալու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ