Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Դոնալդ Թրամփի թվիթները՝ շատ խոսել, ոչինչ չասել

Դոնալդ Թրամփի թվիթները՝ շատ խոսել, ոչինչ չասել
08.01.2017 | 12:01

Թվում է՝ նախընտրական արշավը ԱՄՆ-ում շարունակվում է: Պաշտոնակալությունից երկու շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը, կարծես, դեռ նախապատվությունը տալիս է «թեկնածուի» դերին՝ անխնա քննադատում է ընդդիմախոսներին ու թշնամական ճամբարի դաշնային կառավարությանը: Նա կարծես չի ցանկանում գիտակցել, որ ինքը հիմա գլխավոր ղեկավարն է, որ գործ է ունենալու Վաշինգտոնի հետ, երբ հունվարի 20-ին Կապիտոլիումից դուրս գա իբրև նախագահ: Նրա սիրած զենքը, որ կոփվել է նոր տեխնոլոգիաների վառարանում, թվիթներն են: Ընտրված նախագահներից ոչ մեկը դեռ այդպես չի մարտնչել: Նրանց մեծամասնությունը աչքից հեռացել է Սպիտակ տան արևմտյան հատված և իր աշխատակիցների հետ սկսել ապագայի ծրագրեր կառուցել:

Ընտրված նախագահները պահպանել են ոսկե կանոնը՝ չափազանց շատ մի բացիր փակագծերը, երդմնակալությունից հետո դա քո կյանքը բարդացնելու է: Թվիթերում Թրամփի ակաունտը ոչ միայն կոտրում է այդ կարծրատիպը, այլև մարտահրավեր է նետում բուն գաղափարին: Ամանորի իր թվիթում (պետք է ճշտել՝ միայն մեկում) Թրամփը սեր մաղթեց բոլորին՝ «ներառյալ իմ բազմաթիվ թշնամիներին և նրանց, որ պայքարեցին իմ դեմ ու պարտվեցին այնքան ցավոտ, որ չգիտեն ինչ անել»: Ենթադրվում է, որ ինքը՝ Թրամփը գիտի ինչ անել, բայց Թվիթերում նրա ակտիվության խնդիրը հենց դա է՝ դուք զարմացած մտածում եք, իսկ հետո՞:
34 հազար թվիթ 19 միլիոն օգտատերերի համար (նրանց շարքում, անկասկած, շատ են թշնամիները), տեքստեր, որ վերածվել են գիտակցության հոսքի: Թվիթները նման են չխմբագրված, անկապ մտքերի մեկի, որ արհամարհում է «համբերություն» բառը: Դուք պարտադիր պիտի խոսեք, նույնիսկ եթե հաջորդ օրը հակառակն եք ասելու:

Ո՞Ւմ գործն է դա Թվիթերում: Այնուամենայնիվ, Թրամպի պոստերը հզոր ռեսուրս են: Մեկ քամահրական թվիթը, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական նոր մեծամասնությունը ուզում է Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը զրկել անկախությունից, հանգեցրեց հանրապետականների ստորացուցիչ նահանջին ու ծրագրերը փոխելուն: Թրամփը Սպիտակ տան մամլո քարտուղար է նշանակել Շոն Սպասյսերին, որ վերջերս ասաց. «Թվիթերուն նա ինչ պոստ էլ գրի, նորություն է դառնալու»:


Որքան էլ տարօրինակ թվա, Հարավային Կորեայի կառավարությունը այդ հարցով լուրջ անհանգստանում է: JoongAng Daily-ն հաղորդեց, որ Սեուլի արտաքին գործերի նախարարությունում նոր պաշտոն է հաստատվել՝ թվիթներին հետևող. «Որովհետև մինչև այսօր մենք պատկերացում չունենք նրա արտաքին քաղաքականության մասին»: Ի՞նչ պատկերացում պիտի կազմեն նրանք Թրամփի թվիթներից, որ քննադատեց ԿՀՎ-ն, դրվատեց Ջուլիան Ասանժը՝ WikiLeaks-ի հիմնադիրը և հանրապետականների մեծամասնության համար ատելի մարդ: Նաև՝ ջերմությամբ արձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, որ կարող է հպարտանալ Թրամփի այդ վերաբերմունքով, որին չեն արժանացել բոլոր դեմոկրատները և որոշ հանրապետականներ իրենց հայրենիքում: Պետք չէ մոռանալ, որ թվիթները քննադատում են Վաշինգտոնի բոլոր հետախուզական ընկերակցություններին: Ի՞նչ են հարավկորեացիները այդ ամենից քաղելու:

Քիչ, կարող եք մտածել դուք, որովհետև՝ ո՞վ կարող է ասել, թե ինչ նախագահ կդառնա այդ էքսցենտրիկ թեկնածուն: Մենք մինչև հիմա դա չգիտենք և Թրամփի Թվիթերը՝ երբեմն զվարճալի, երբեմն հյութեղ, հաղորդում է, որ չենք էլ կարող իմանալ: Նրա թվիթները բոլորովին չեն բացահայտում, թե ինչպիսին կլինի Թրամփը իբրև նախագահ, չնայած, իր խոսքով, պոստերը հենց դա էլ անում են՝ խիտ մշուշով են պատում ապագա նախագահին: Այո, մենք գիտենք, որ նա «նորից Ամերիկան մեծ կդարձնի», կկրճատի ներգաղթը, պատ կկառուցի, կիջեցնի հարկերը, կդառնա Իսրայելի ամենամեծ դաշնակիցը և այլն: Բայց ինչպե՞ս է նա ձևավորելու իր թիմը Սպիտակ տանը արտաքին քաղաքականության և անվտանգության գծով, ինչպե՞ս է հարաբերությունները կառուցելու Կոնգրեսի հետ, ինչպե՞ս է վարելու գործերը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ի՞նչ է անելու Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետ: Մենք շատ աղոտ պատկերացումներ ունենք: Եվ երբ առաջին ճգնաժամը լինի, իսկ դա կարող է չուշանալ, կարո՞ղ է նա սառնասիրտ մնալ, որ այդքան անհրաժեշտ է: Ժամանակակից պատմության մեջ ոչ մի ընտրված նախագահ այդքան շատ չի խոսել՝ չասելով համարյա ոչինչ:


Մենք գիտենք՝ ինչպես է Թրամփը վերաբերվում աշխարհում գրեթե ամեն ինչի, սակայն չգիտենք նրա, իբրև նախագահի, գերակայությունների, փոխզիջումներին վերաբերմունքի, բյուրոկրատիայի հետ հարցերը լուծելու ծրագրերի մասին: Նոյեմբերին ընտրություններից մեկ կամ երկու շաբաթ առաջ նրա մերձավոր աջակիցներից մեկը ասաց ինձ, որ եթե Թրամփը հաղթի, իր Թվիթերի վերահսկողությունը կհանձնի ուրիշին: Երգիծաբանների համար, իհարկե, մեծ կորուստ է, սակայն եթե դա կատարվի, նվազագույնը կդառնա քայլ դեպի իրականություն: Մի օր Թրամփը կդադարի թեկնածու լինել և կթողնի խաղը, որ նրան այդքան դուր է գալիս: Ստեղնաշարը Թրամփի ձեռքից վերցնելը նրա թիմի լուրջ փորձությունն է դառնալու Սպիտակ տանը:
Ջեյմս ՆՈՏԻ, BBC


Հ.Գ. Խաղը կավարտվի 12 օր հետո, առայժմ Դոնալդ Թրամփը լողում է անակնկալ քաղաքական փառքի շողերի մեջ, երդմնակալությունից հետո պատասխանատվության բեռը նրան արագ կկանգնեցնի ռեալ գետնի վրա ու մի քանի սառը ցնցուղից հետո կհասկանա, որ Սպիտակ տունը աշխարհի ամենաերջանիկ ու ամենահզոր մարդկանց բնակատեղին չէ: Նա արդեն իսկ սկսել է սթափվել՝ ընտրությունների ժամանակ կիբեռհարձակումների մասին գաղտնի զեկույցին ծանոթանալուց հետո Դոնալդ Թրամփը խոստացել է երեք ամսում հարցը լուծել: Կարծես՝ թեկնածուն սկսում է նախագահ լինելը գիտակցել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ