Տարիների ընթացքում փոխվում են գործող անձինք ու կուսակցությունները, գալիս են նոր դեմքեր, վերադառնում են հները, բայց Հայաստանի ընդդիմության գործելաոճն ու հռետորաբանությունը մնում են նույնը: Միասնական ընդդիմության ու իշխանափոխության փոխկապակցվածության կեղծ օրակարգը մեր ընդդիմությանը բնորոշ է եղել 1995-ին, բնորոշ է նաև այսօր: Նույնիսկ տեսականում` ամբողջ ընդդիմությունը միասնական լինել չի կարող, ըստ այդմ, կեղծ միասնականությամբ պայմանավորված հաղթանակը վտանգվելու է: Իշխանությունները միշտ կարող են գտնել մեկ կամ երկու կուսակցություն, որոնք իրենց դուրս կդնեն միասնական ընդդիմության ֆորմատից: Օբյեյտիվորեն կգտնվեն ուրիշ մեկը կամ երկուսը, որոնք միասնականությանը չեն զոհաբերի իրենց արժեհամակարգն ու գաղափարախոսությունը:
Կառավարման խորհրդարանական համակարգն ու համամասնական ընտրակարգն ի չիք են դարձնում ընտրությունը «սևի» և «սպիտակի» սկզբունքով, և սա ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ քաղաքագիտության օրինաչափությունը, աքսիոմը: Առկա է նաև գաղափարական բաղկացուցիչ: Շատերին հուզում է ոչ միայն գործող իշխանության հեռացման, այլ նաև` նորի բովանդակության հարցը: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ միանգամայն տարբեր են «Ելք», «Օհանյան» և «Ծառուկյան» դաշինքների ընտրողների սոցիալական կազմը, աշխարհայացքը, ընտրության մոտիվացիան:
Եթե այս դաշինքները տեսականորեն միավորվեն, ապա էլեկտորալ կորուստ կունենան, որովհետև եվրոպական մոդելի կողմնակիցը չի կարող քվեարկել օլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի օգտին, անհամատեղելի են գործող համակարգին ինտեգրվելու և ռևանշի ձգտող մարդկանց էլեկտորալ շարժառիթները: Եվ վերջապես, մեր բոլոր ընդդիմադիրներին բնորոշ է մեթոդոլոգիական ֆունդամենտալ սխալ մտածողությունը: Բրգաձև իշխանությանը հնարավոր է հաղթել ոչ թե մեխանիկական միավորմամբ, այլ որակապես նոր մոտեցումներով, մինչդեռ 1995-ի կամ այսօրվա ընդդիմության մտայնությունը հանգեցրել է ռեսուրսային պայքարի, որում ցանկացած իշխանություն անպարտելի է:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ