ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Այսօր Հայաստանում երկիշխանություն է»

«Այսօր Հայաստանում երկիշխանություն է»
25.09.2018 | 00:35

Քաղաքագետ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ արդեն 10 տարի քաղհալածյալ է և շարունակում է դեռ այդ կարգավիճակում մնալ։ Այժմ սպասում է, որ նոր իշխանությունները ստեղծեն անցումային արդարադատություն, որպեսզի իր «կարգավիճակը» փոխվի։

-Այսօ՞ր էլ շարունակում եք քաղհալածյալ լինել, պարոն Հովհաննիսյան։
-Այո, իհարկե, քանի որ համակարգը չի փոխվել։ Սպասում եմ անցումային արդարադատությանը, որպեսզի դիմեմ նրանց։ Ոչ միայն ես, տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են, որոնց հանդեպ անարդար են վարվել, ում իրավունքները ոտնահարվել են։ Հիմա չենք կարող դիմել, քանի որ ասում են, թե վաղեմության ժամկետը լրացել է։ Մեզնից տասնյակ տարիներ եք խլել, ինչպե՞ս թե վաղեմության ժամկետը լրացել է։
-Անցումային արդարադատության մասին վարչապետի հայտարարությունից հետո որևէ քայլ այդ ուղղությամբ արվե՞լ է։
-Ցավոք, դեռ ոչ։ Մենք պաշտպանում ենք այս իշխանությանը` հուսալով, որ երկու հարց կլուծեն` անցումային արդարադատություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երկուսն էլ շատ կարևոր են, որպեսզի երկիշխանությունը վերանա։ Այսօր Հայաստանում երկիշխանություն է։
-Մի քանի գումարումների ԱԺ-ում նախկին պատգամավոր եք։ Ինչպիսի՞ որակական փոփոխություններ է կրել խորհրդարանն այդ ընթացքում։
-Հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցան անդառնալի մուտացիոն փոփոխություններ։ Միշտ, երբ ժողովուրդը մեծ հույսեր է ունենում և դրանք ինչ-ինչ պատճառներով չեն իրականանում, կանգնում ենք թերմիդորի (հակահեղափոխություն) առաջ։ Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր հեղափոխություններն ավարտվում են թերմիդորով։ Այսօր էլ այդ վտանգը կա։ Քանի դեռ այդ իրավիճակի առաջ չենք կանգնել, հեղափոխությունը պետք է տանել իրական խնդիրների լուծման ճանապարհով։ Որքան շատ խնդիրներ լուծվեն, նույնիսկ թերմիդորի դեպքում, իրավիճակն անշրջելի կլինի։
-Հիմա Դուք սպասում եք իշխանության քայլերի՞ն։
-Ես սպասողական վիճակում չեմ, իմ տարերքը Ֆեյսբուքն է, որտեղ ոչ ոք ինձ չի խմբագրում։
-Իսկ քաղաքական իրավիճակի անորոշություն չկա՞։
-Կա որոշակի անորոշություն, որը կարող է վերանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ