Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ է անում Աննա Հակոբյանը

Ի՞նչ է անում Աննա Հակոբյանը
22.05.2025 | 12:08

Արդեն քանի օր է՝ քննարկում են Աննա Հակոբյանի գրառումները, որոնցում վերջինս ինքն իր մասին գրված և ասված նյութերն է տեղադրում և պիտակավորում իր մասին տարբեր խոսքեր հայտնած մարդկանց:

Շատերը, հերթական անգամ թերագնահատելով դիմացինին, սա գնահատում են որպես անմակարդակություն, առաջին տիկնոջը ոչ հարիր պահվածք և այլն, տալով նոր պիտակներ:

Իրականում, Աննա Հակոբյանն իրեն այս կերպ դարձնում է անխոցելի, ընտրություններից առաջ հնարավորություն է ընձեռում պարպել կուտակված ատելությունն իր և ընտանիքի նկատմամբ, ստեղծելով առիթ ասելու այն ամենը, ինչ դեռ չի ասվել կամ քիչ է ասվել:

Արդյունքում դաշտը հեղեղվում է իր մասին տարբեր որակումներով, մարդիկ սկսում են ավելի ինտենսիվորեն քննարկել ու քարկոծել իրեն այնքան, որ դա դառնում է արդեն սովորական և անհետաքրքիր միջին վիճակագրական ընտրողի համար:

Կարճ ասած` այն ամենը, ինչ պետք է ասվեր նախընտրական քարոզարշավի փուլում և կարող էր ունենալ ազդեցություն մարդկանց կարծիքի վրա, ասվում է շատ ավելի շուտ և դառնում այլևս ոչ ակտուալ ընտրական շրջանում:

Մյուս կողմից, այս կերպ Աննա Հակոբյանը նոր համակիրներ է ձեռք բերում: Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հասարակության մեջ կա մի զգալի շերտ, որը սիրում է ավելի էքստրեմալ արտահայտչաձևեր օգտագործող գործիչներին:

Ի վերջո, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը բոլորին ստիպում են լինել իրենց օրակարգի մեջ, որտեղ պայմանները թելադրում են հենց իրենք: Ընդդիմադիրներն էլ հաճույքով սկսում են բուռն արձագանքել, ներգրավվել, քննադատել, քարկոծել՝ չհասկանալով, որ իրենցից հենց դա էլ պահանջվում է անել, և եթե Աննա Հակոբյանը գիտի, թե ինչ է անում ու հաջորդ քայլն ինչ է անելու, իրենք ուղղակի անում են այն, ինչ իրենցից ակնկալվում էր:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

Շատ ընդդիմադիրների խնդիրը շարունակում է մնալ սեփական ուժերի, մտքի և «ես»-ի գերագնահատումը:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ