Կատուն որոշեց գնալ անտառ ու գազանների մոտ գոռոզանալ, թե ինքը Առյուծ է ի ծնե։
Նա նախ՝ իրենց բակի շան մոտ է գոռոզանում։ Շունն ասում է․
- Լսի՛ր, փիսո՛, անտառը բակ չէ, որ սրա-նրա վրա մլավես, թռչես վրան ու ճանկռես, կամ մի երկու մուկ բռնես ու հպարտանաս, թե որս ես արել։ Ես քեզ խղճում եմ, թե չէ պատիժդ կտամ։ Անտառն ունի իր օրենքները, դու չես կարող ապացուցել, որ ի ծնե Առյուծ ես եղել։ Քեզ գազանները կհոշոտեն։
- Ես գազանների հետ ի՞նչ գործ ունեմ, ես կգնամ ուղիղ Առյուծի մոտ, կպատմեմ նրան իմ պապերի մասին, կպատմեմ իմ կենսագրությունը, Առյուծը իմաստուն կենդանի է, նա ինձ կհասկանա և իր կողքին մի պաշտոն կտա։
Էդպես կատուն գնում է անտառ՝ Առյուծի հետ հանդիպելու։ Գնում է ուղիղ դեպի Առյուծի որջը, որի մուտքի մոտ Առյուծի հանգիստը պահպանող կենդանիները կատվին թույլ չեն տալիս մտնել Առյուծի որջը։ Կատուն զայրանում է և սպառնում է նրանց պատժել․
- Հեռացե՛ք իմ ճանապարհից,- ասում է կատուն,- ես Առյուծ եմ, Առյուծ Արքայի զարմիկն եմ:
Բոլորը քահ-քահ ծիծաղում են և սկսում են ծաղրել նրան՝ ամենքն իրեն բնորոշ ձայնով կատվի պես մլավելով։ Այդ անսովոր ձայներից զարմացած՝ արթնանում է Առյուծը, դուրս է գալիս իր որջից և տեսնում է, թե ինչպես են զվարճանում գազանները՝ ծաղրելով կատվին։
Կատուն ընկճվել էր, բայց դեռ փորձում էր Առյուծ երևալ։
Տեսնելով Առյուծին՝ գազանները մի պահ լռեցին․ նրանք սպասում էին, որ Առյուծը կպաշտպանի կատվին, իսկ իրենց կպատժի՝ կատվին ծաղրելու համար։ Շուրջը անսովոր ու սարսափով լի լռություն տիրեց։
Առյուծը երբ տեսավ իր ազգակցին, շատ խղճաց նրան, ախր շատ անօգնական էր ու թույլ։ ՈՒզեց մի պահ զայրանալ գազանների վրա և պաշտպանել իր արյունակցին, բայց հպարտությունը նրան թույլ չտվեց պաշտպանելու կատվին, այլ ինքն էլ ծաղրեց նրան ու վտարեց անտարի։ Այդժամ կատուն հավաքեց իր մեջ եղած, բայց փափուկ կյանքից բթացած առյուծային ոգին ու մլավեց․
- Լսի՛ր, Առյո՛ւծ արքա, քեզ պատիվ չի բերում արհամարհել քո արյունակցին․ իմ պապերն էլ քեզ պես առյուծ էին, բայց գայթակղվեցին մարդու տված համեղ ու յուղոտ պատառներով, մարդու տաք ու փափուկ գոգին նստելով, ու երբեմն էլ՝ սուտի-մուտի մուկ որսալով, որ մարդիկ կարծեն, թե ինքը առյուծ է դեռ։ Բայց, Առյուծ եղբա՛յր, լա՛վ իմացիր, եթե դու էլ ընկնես մարդու ձեռքը և գայթակղվես փափուկ կյանքով, հաստատ դու էլ կատու կդառնաս։
Գազանները, որ ուշադիր լսում էին երկու զարմիկների երկխոսությունը, համոզված էին, որ Առյուծը կհոշոտի կատվին, և սպաում էին դրա վկան լինել։ Բայց երբ տեսան, որ Առյուծը չի կատաղում, մտածեցին, թե անտառի Արքան կպաշտպանի իր զարմիկ Կատվին։ Գազանների մի մասը մտքում արդեն փորձում էր Կատվին հաճոյանալու խոսքեր գտնել։ Բայց Առյուծը արհամարհանքով նայեց կատվին ու ասաց․
- Սխալվում ես, կատո՛ւ, ես երբե՛ք չեմ գայթակղվի մարդու տված փափուկ ու յուղոտ պատառով, և չեմ վիրավորի իմ Առյուծ պապերի հզոր հիշատակը ու անտառից չեմ հեռանա։ Անտառն իմ թագավորությունն է։ Գնա՛, դու անտառում տեղ չունես։ Գնա՛ ու էլ անտառ չգաս, թե չէ քեզ կհոշոտեն ազնիվ գազանները։
Կատուն պոչը քաշեց ոտքերի տակ ու վախեցած ճողոպրեց իր անվտանգ բակը՝ ճանապարհին հիշելով բակի շան խոսքերը․
«Անտառը բակ չէ, որ սրա-նրա վրա մլավես, թռչես վրան ու ճանկռես։ Անտառն իր ազնիվ օրենքներն ունի․․․»։
2008 թ․
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ․Գ․
Այս առակը շատ բան է հիշեցնում բոլոր ժամանակներում, հատկապես մեր օրերում, առյուծի դեր կատարողների մասին։