Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Միասնական ապաշխարության խորհրդի կայացման հրատապության և «Ապաշխարության աղոթք Հայոց»-ի մասին

Միասնական ապաշխարության խորհրդի կայացման հրատապության և «Ապաշխարության աղոթք Հայոց»-ի մասին
19.12.2025 | 12:19

Բայց ասում եմ ձեզ՝ ԻՄ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք ՆՐԱՆԻՑ, ՈՎ սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք ՆՐԱՆԻՑ» (Ավետարան ըստ Ղուկասի, 12:4-5)։

Հեշտ է անհավատ ու անաստված ազգին գայթակղության մեջ գցելով կործանել, իսկ նրա փրկության համար ողջ Աստվածաշունչը՝ Ծննդոց գրքից սկսած մինչև Հայտնության վերջին տողերը մեզ հուշում են, որ նախ հարկավոր է այդ ազգին, ժողովրդին դարձի բերել։ Համազգային ապաշխարության խորհուրդն էլ դարձի գալու առաջին և անհրաժեշտ գործողությունն է, որը բաղկացած է մեղքի գիտակցումից, զղջումից, խոստովանությունից, քավությունից և թողությունից։ Իսկ որպեսզի ժողովուրդը գիտակցի ու գնա ապաշխարության ուղիով, պետք է նրան դրա մասին բացատրողներ, հասկացնողներ ու կոչ անողներ լինեն, ինչպես եղավ Հովնան մարգարեն նինվեացիների համար։

Հայ Առաքելական Եկեղեցու հովիվները պետք է գիտակցեն, որ իրենք ԱՍՏԾՈՒ կողմից ՆՐԱ ժողովրդի վրա կարգված են որպես դետ և, եթե ծուլանալով կամ անհավատությամբ հրաժարվեն այդ գործն իրականացնելուց, ապա գործելու է ՏԻՐՈՋ Խոսքը, ինչպես ասված է Եզեկիելի մարգարեությունում.

«Մարդո՛ւ որդի, ԵՍ քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ԻՆՁՆԻՑ պատգամներ ես լսելու եւ ԻՄ Անունից սպառնալու ես նրանց։

Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, իսկ դու չզգուշացնես նրան, ոչ էլ ասես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու» (Եզեկիէլ, 3:17-18)։

Այսպիսով պարզ է և առանց վերապահության հասկանալի, որ ապաշխարության խորհրդի կայացման բացառիկ, անվերապահ ու անփոխարինելի առաքելությունը դրված է ՏԻՐՈՋ Եկեղեցու վրա ու եթե եկեղեցում ոմանք թերանում կամ հակառակվում են այն իրականացնել, կամ էլ դրան վերաբերում են անտարբերությամբ ու անփութորեն, հետո էլ վրա հասած փորձությունների ժամանակ կտրտնջան, ապա հենց նրանց համար են ասված Սուրբգրային հետևյալ խոսքերը.

«Թող անիծյալ լինի նա, ով ՏԻՐՈՋ Գործը ծուլությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով ՏԻՐՈՋ Սուրը արյունից հետ կպահի» (Երեմիա, 48:11)։

Հայոց մեջ համընդհանուր ապաշխարության անհրաժեշտության գիտակցումը սերմանելու և ամրապնդելու նպատակով գրված «Ապաշխարության աղոթք Հայոց»-ը զուտ ինչ-որ մարդկային մտքի արգասիք չէ, այն ծնվել է հավատավոր մարդկանց մի խմբի ներսում` ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ։ Աղոթքը ոչ թե մի սովորական, պարզ ու հասկանալի, սրտից բխած խոսքեր են, այլ նաև աղաղակ է, տառապանք ու կսկիծ, վերլուծություն, մեկնություն, քարոզ, ճշմարտություն և իրականություն, դարավոր պատմություն, անհերքելի տրամաբանություն և ճանապարհ, որով պետք է ընթանա ամեն մարդկային հոգի, համախմբում և ժողովուրդ։

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու՛ հայերս լինելով քրիստոնյա ազգ, շարունակ կրում ենք ցավ ու տառապանք, ունենում ենք կորուստներ՝ տարածքային, մարդկային, նյութական, հոգևոր և այլն, շարունակ մասնատվում ենք, տրոհվում, մեզ հետապնդում են պարտությունները։ Մի՞թե մեղավորը մեր քրիստոնեական դավանանքն է, ինչպես հայտարարում են իրենց հեթանոս հռչակած ու անհավատ որոշ հայեր։

Եթե նրանց պաշտած դիցերն ու դիցուհիները այդքան հզոր էին ու նրանց շնորհիվ էր, որ երբևէ ունեինք հզոր հայրենիք, ապա ինչպես եղավ, որ այդ զորավորները տապալվեցին Խաչյալ ՏԻՐՈՋ կողմից։ ՈՒրեմն սուտ էր ու կեղծ դրանց զորությունը։ Կամ էլ ով կարող է մատնանշել նախկինում դիցեր ու դիցուհիներ պաշտած որևէ այլ կայացած ժողովուրդ, որը դեռ պաշտում է իր հին չաստվածներին կամ կուռքերին։ Մի՞թե սաքսերը, ֆրանկները, գերմանները, իսպանացիները, սլավոնները և այլոք դիցերին պաշտելով ու հավատալով են հզորացել ու ընդարձակվել, քաղաքակրթություններ ու մշակույթներ ձևավորել։

Մեր մեղքերի պատճառով է, որ այժմ մեզ իշխում են ժամանակակից եկեղեցահալած ու դիվահարված աքաաբն ու իր կինը` հեզաբելը և իրենց նման կամակատարների բոլուկները։ Երբ նրանց նախնիները հալածում էին ՏԻՐՈՋ ծառաներին, մարգարեներին, Եղիա մարգարեն ապավեն ու ապաստան չէր փնտրում մարդկանց մոտ, նա դրա համար դիմեց ՏԻՐՈՋԸ և ՆԱ էլ մարգարեին տեղեկացրեց ԻՐԵՆ հավատարիմ 7000 հոգու մասին, որոնք էլ հետագայում համախմբվելով` ՏԻՐՈՋ Զորությամբ ջախջախեցին թշնամիներին։

Բայց նրանք ասում են. «Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետևենք մեր ապստամբություններին, և յուրաքանչյուր ոք իր չար սրտի հաճույքները պիտի կատարի» (Երեմիա, 18:12)։

Ոմանք կհակադարձեն, թե իրենք ինչ մեղք ունեն, որ համապատասխան մարդիկ Աստվածաշնչի ճիշտ թարգմանություն չեն արել, կամ մի ընտանիքի բնակարանային խնդիրը ժամանակին չեն լուծել՝ կորստյան մատնելով հայ սրբերի մասունքները կամ էլ քաղաքի հատակագիծը սահմանելիս՝ պատմական վայրերը ոչնչացրել են։

Կամ մի՞թե պակաս մեղավոր են բոլոր նրանք, ովքեր քաջնազարյան հայտնի կինոնկարի մեջ ներկայացված գյադաների պես հաճկատարությամբ իրականացնում են ներկայիս աքաաբի ու իր հեզաբել կնոջ քմահաճույքները, նրանք՝ այն հոգևորականներն ու պետական ծառայողները, ովքեր պարզապես վեր են ածվել պալատական ներքինիների։ Նրանք բոլորն էլ ապրում են մեզ հետ, մեր հարևաններն են, ազգականներն ու ընկերները, որոնք արժանանում են մեր սովորական մարդկային վերաբերմունքին և հենց մեր բոլորի լռության, անտարբերության, ավելորդ հանդուրժողականության, մարդահաճության արդյունքում և արդարության ու ճշմարտության հետամուտ չլինելու պատճառով մեր կյանքում տեղ են գտնում նմանատիպ արատները։ Սրանցից ոմանք փորձում են արդարանալ ասելով, թե իրենց առաջնորդը հավատացյալ մարդ է, Աստվածաշունչ է կարդում։ Հետո ի՞նչ, չէ որ դեռ առաքյալն է դրա մասին զգուշացրել․

«Դու հավատում ես, որ մեկ է ԱՍՏՎԱԾ․ լավ ես անում, դևերն էլ են հավատում և դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ․ հավատը դատարկ բան է առանց գործերի» (Հակոբոս, 2։19-20)։

Մի՞թե ընդհանուր մեղք չի համարվի այն, որ հարյուրամյակներ շարունակ մոռացության ենք մատնել պատմության ընթացքում գործած մեր բազում նվիրյալներին, նահատակներին և եկեղեցում երբևէ իրականացված սրբադասման կարգը, դրանով հանդերձ դադարել ենք սերունդներին ներկայացնել, թե որն է իրական քրիստոնեավար կյանքը։

Մի՞թե ընդհանուր մեղք չի համարվի այն, որ տարիներ շարունակ զանգվածաբար ընտրակաշառքներ ենք վերցրել ու տվել՝ մեր խիղճն ու հոգին վաճառքի դնելով և հարվածի տակ դնելով մեր զավակների ապագան։

Մի՞թե ընդհանուր մեղք չի համարվի այն, որ անկախության տարիների սկզբից ի վեր լսել ու ինքներս էլ կրակի վրա յուղ լցնելով կրկնել ու ցանել ենք արցախցի-հայաստանցի շինծու հակասության ատելության սերմերը։

Մի՞թե ընդհանուր մեղք չի համարվի այն, որ հաճախ ենք մեր առօրյայում ականջալուր լինում դեպքերի, երբ հայորդիները տեղի-անտեղի հայհոյում են ՏԻՐՈՋ Մորը հիշելով, առանց դույզն իսկ խորհելու և սարսափելու, թե այդ հայհոյանքը ում է հասցեագրվում։

Ստվարաթիվ են մեր ընդհանրական մեղքերը, որոնցից ի մասնավորի նշեցինք միայն մի քանիսը, բայց դրանցից յուրաքանչյուրը բավարար է, որ մեր վրա թափվեն Հայտնության գրքում նշված ահավոր պատուհասները։

Այսօր մենք իրավամբ կարող ենք հռչակվել որպես քրիստոնյա անհավատ ժողովուրդ, որի վրա ծանրացել են հինկտակարանյան բոլոր անեծքները և չկան օրհնությունները։ Իսկ ՏԻՐՈՋ կողմից մեզ տրված բժշկման միակ դեղահաբը, որն այնքան հայտնի է, այնքան հեշտ ու այնքան մատչելի, հիմարաբար ու պնդաճակատորեն չենք օգտագործում։ Դա ՏԻՐՈՋ կողմից մեզ ԻՐ Մարդասիրությամբ, Գթառատությամբ ու Ողորմածությամբ տրված ապաշխարության հնարավորությունն է։

«Հոգսդ դի՛ր ՏԻՐՈՋ վրա, ու ՆԱ քեզ կկերակրի և չի թողնի, որ արդարը հավիտյան սասանվի» (Սաղմոս, 54:23)։

Ամեն հավատացյալ հոգու առջև ՏԷՐԸ ընտրության հնարավորություն է դրել` լինել կամ հեզաբելի կողքին կամ համալրելու բահաղին ծունկ չծալած խորհրդանշական յոթհազարյակի շարքերը։ Մենք ականատես ենք, թե ինչպես հենց մեր օրերում ՏԻՐՈՋ կողմից իրականացվում է ցորենի զատումը՝ որոմից և այծերից ԻՐ ոչխարների անջատումն ու դասումը աջակողմում։

Մեր բազմաթիվ ազգային ընդհանրական մեղքերի մասին է հիշեցվում «Ապաշխարության աղոթք Հայոց»-ի մեջ, որին ծանոթանալով յուրաքանչյուր հայ մարդ անվեապահորեն ստիպված է լինելու որոշակի մտորումների տրվել, ոմանք համաձայնվելով, ոմանք թերևս կասկածի տակ դնելով, ոմանք էլ մերժելով՝ կախված այն բանից, թե ով որքան և ինչպես է վստահում ու հավատում ՏԻՐՈՋ Խոսքին։ Սակայն, ցանկացած դեպքում, այդ ամենը կտա իր օգտակար պտուղները՝ Բացարձակ Ճշմարտությանը ճանաչելու և հասնելու գործում։

Մեր օրերում հաճախակի են դարձել տարբեր հոգևոր-ծիսական խորհուրդները, որոնց մասնակից են լինում բազմաթիվ հավատացյալներ՝ հոգևորականներ ու աշխարհականներ, բայց ինչ-որ բան դեռ իր տեղում չէ, քանի որ դեռևս չի կայացել արդեն վաղուց հրատապ հանդիսացող ընդհանրական ապաշխարության խորհուրդը, ինչպես պահանջում է ՏԷՐԸ՝ մարգարեի միջոցով․

«Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բզամապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։ Լվացվե՛ք, մաքրվե՛ք, ԻՄ Աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, դադարե՛ք չարիք գործելուց» (Եսայի, 1։15-16)։

Ինքնախաբեությամբ պետք չէ տոգորվել ու պարբերաբար հայտարարել, թե մեր ՏԷՐԸ միայն համակ սեր է և մենք ինչ էլ անենք, ՆԱ ԻՐ Մարդասիրությամբ մեզ միշտ ներելու է և սիրելու։ Արարիչ ԱՍՏՎԱԾԸ չի փոխվել, ԻՐ սահմանած կարգերն ու պատվիրանները չեն փոխվել ու չեն հարմարեցվել մեր ժամանակներին։ Ոչ ոք չեղարկում չի հայտարարել հինկտակարանյան հետևյալ խոսքերի վրա․

«Կրակը, կարկուտը, սովը և մահը, այս բոլորը վրեժխնդրության համար են ստեղծված։ Գազանների ժանիքները, իժերը, օձերը և սուրը վրիժառության համար են՝ ամբարիշտներին սատակեցնելու համար» (Սիրաք, 36։35-36)։

ՏԷՐԸ թույլ տալով մեզ ենթարկվելու որոշակի փորձությունների, դեռևս ԻՐ համբերատարությամբ սպասում է մեր ապաշխարությանը, որպեսզի, ի վերջո, ԻՐ ողջ Զորությամբ սկսի գործել ԻՆՔԸ։

Միաբանություն վասն ապաշխարության

Դիտվել է՝ 174

Մեկնաբանություններ