ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Ստասբուրգում աշխատանքները սկսել է ընտրություններով ու պատվիրակությունների լիազորությունների հաստատումով: Քանի որ նոր թեկնածուի առաջադրում չի եղել, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը մեկ տարի ևս կշարունակի պաշտոնավարել: Գլխավոր ինտրիգը մնում է պատվիրակությունների լիազորությունների հաստատումը, որը ոչ միայն ՌԴ պատվիրակությանն է վերաբերում, այլև, հավանական է, կվիճարկվեն այլ պատվիրակությունների լիազորությունները ևս՝ ըստ կուլիսային քննարկումների: Այնուհանդերձ, գլխավորը համարվում է ՌԴ պատվիրակության խնդիրը, ԵԽԽՎ-ն ուժերը կենտրոնացրել է այդ հարցի վրա՝ ցանկանալով պատժամիջոցների ձեռագիրը շարունակել նաև այս հարթակում: Հարցը կքննարկվի և կքվեարկվի չորեքշաբթի օրը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հարցեր, որ մեծ կարևորություն ու հանրային հնչեղություն ունեն: Օրակարգը հաստատելուց հետո՝ վեհաժողովում հիշատակի միջոցառում է անցկացվել նվիրված Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին, հոլոքոստի հիշատակի օրվան: Օրակարգում են Ուկրաինայի իրավիճակի, ուկրաինացի փախստականների և տեղահանվածների հումանիտար իրավիճակի, ահաբեկչության վերջին դեպքերի, լրատվամիջոցների ազատության պաշտպանության, Եվրոպայում անհանդուրժողականության և դիսկրիմինացիայի դրսևորման դեպքերի հարցերը: Հատուկ Հայաստանին վերաբերող հարցեր նստաշրջանի օրակարգում չկան, բայց ԵԽԽՎ աշխատանքը միայն լիագումար նիստերը չեն, հիմնական գործունեությունը ծավալվում է հանձնաժողովների քննարկումներում: Հայաստանի պատվիրակությունը շատ աշխատանքներ ունի զեկույցների նախապատրաստման և ընթացիկ քննարկումների ընթացքում: Լիագումար նիստերի առաջին օրը բյուրոյի զեկույցի ժամանակ Աժ պատվիրակությունը երկու ելույթ է ունեցել՝ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և Արփինե Հովհաննիսյանը խոսել են՝ հիմնական շեշադրումները դնելով տարածաշրջանային իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարի բազմակի և պարբերական խախտումների, հայկական խոցված ուղղաթիռի միջադեպի վրա: Այսօր նույնպես ակտիվ օր է լինելու ՀՀ պատվիրակության համար՝ թե հանձնաժողովներում, թե լիագումար նիստերի դահլիճում աշխատանքների առումով: Օրվա վերջում ծրագրված է ազատ բանավեճի նիստը, ելույթների համար հերթագրված են Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ՝ թեև պատվիրակության այս նստաշրջանին մասնակցում է կրճատված կազմով, բայց աշխատում է, որ գործընկերների բացակայությունից աշխատանքը չտուժի:
Հունվարի 26-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է, որ 2014 թ-ի նոյեմբերին ԵԽԽՎ Մշտական Կոմիտեն ընդունեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի` բանտարկյալների հանձնման մասին պայմանագրի չարաշահումը` արդարացնելու համար Սաֆարովի անհապաղ ազատ արձակումը: «Վեհաժողովը հիշեցրեց, որ միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայությամբ բարի կամքի սկզբունքը պահանջում է պայմանագրերի մեկնաբանում` իրենց առարկաների և նպատակների համապատասխան: Մենք ողջունում ենք Վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը այս խնդրի շուրջ և անդամների միասնությունը իրենց դիրքորոշման մեջ` կանխելու Կոնվենցիայի աղաղակող չարաշահումը հետագա այլ դեպքերում, ինչպես արվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2012-ին Սաֆարովի գործի առնչությամբ:
Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը` արդարացնելու բարբարոսական հանցագործությունը, տապալվեցին, Ադրբեջանը փորձեց հրահրել հակահայկական ատելություն: Սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` գլոբալ առումով` վաղը յուրաքանչյուրը կարող է դառնալ Ադրբեջանի թիրախը»,- ասել է Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ պատճառով ենք մենք մաքսիմալ զգուշավորությամբ վերաբերվում գործընկերների նախաձեռնություններին, որոնք կոչված են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի փխրուն խնդիրը: «Բոլոր սադրիչ քննարկումներն այս զգայուն թեմայի շուրջ, ինչպես նաև միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ցանկացած անհավասարակշիռ փաստաթուղթ պարարտ հող է դառնում սահմանի անկայունության համար: Ադրբեջանն անում է առավելագույնը` սրելու իրավիճակը կոնֆլիկտի շրջանում:
Ադրբեջանական սադրանքները սահմանի վրա հանգեցնում են բազմաթիվ մահերի` երկու կողմից էլ, որոնց պատասխանատվությունը ընկնում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության վրա: Վերջերս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ուղղաթիռի խոցումը վարժական թռիչքի ընթացքում, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք, Բաքվի հանցագործ սադրանքի ևս մեկ ապացույցն է: Ավելին` Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային մարդասիրական իրավունքի նորմը` ուղղաթիռի խոցման տարածքը շարունակաբար պահելով ինտենսիվ կրակահերթի տակ` համարյա տասը օր անհնարին դարձնելով սպանված անձնակազմի մարմինների էվակուացումը: Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, վստահության հաստատման միջոցառումների շուրջ, Բաքուն օր օրի խորացնում է անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»՝ ԵԽԽՎ պատվիրակներին վերհիշեցրել է Հայաստանի պատվիակության ղեկավարը: Նա վերահաստատել է, որ Հայաստանը լիովին համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ՝ կոնֆլիկտը այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, լուծվել չի կարող, և որքան արագ Ադրբեջանի ղեկավարությունը սա գիտակցի, այնքան ավելի բանակցային գործընթացը արդյունավետ կլինի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ