«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ի՞նչ սպասել «թավշյա հեղափոխությունից»

Ի՞նչ սպասել «թավշյա հեղափոխությունից»
18.08.2025 | 16:40

Աշխարհը թևակոխել է գլոբալ պայմանավորվածությունների և վերադասավորումների ժամանակաշրջան։ Տեղային և տարածաշրջանային մի շարք նախկին նախագծեր անխուսափելիորեն վերանայվելու կամ խմբագրելու են։ Անմասն չի մնալու նաև, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» և «իրական Հայաստանի» նախագիծը։ Պատահական չէ, որ Սամվել Կարապետյանն այսօր իր 60-ամյակը նշում է ապօրինի կալանքի մեջ, իսկ «թավշյա հեղափոխության» ռուպրներից Բարսեղյան Լյովիկը պահանջում է ընտրական օրենսգրքով, ոչ ավել-ոչ պակաս, երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանին զրկել Հայաստանում քաղաքական մասնակցության իրավունքից։ Նշանակում է՝ տագնապն ավելի խորն է, քան շատերը նույնիսկ պատկերացնում են։

«Թավշյա հեղափոխությունը» վտանգները չեզոքացնելու խնդիր ունի։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի հետ քաղաքական պայմանավորվածության չեն կարողանում գալ, և վերջինիս ներկայացրած քաղաքական հայտը մնում է իրենց համար լուրջ վտանգ։ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների և երկրորդ նախագահի քաղաքական թիմի անդամների հանդեպ իրականացված ապօրինի գործողություններն ու ահաբեկումները նույնպես ցանկալի էֆեկտ չեն ապահովում։ Իմպիչմենտը` որպես անցանկալի ընդդիմությանը ցանկալիի վերակերպելու գործընթաց, նույնպես եղավ անարդյունք։ Այս համատեքստում ամենևին պատահական չէ, որ Սաֆարյան Ստյոպիկն էր (այն էլ՝ ոչ մեկ անգամ) երկրորդ նախագահին մեղադրում իմպիչմենտին իբր չմիանալու հարցում։

Փոփոխվող իրավիճակում ի՞նչ սպասել «թավշյա հեղափոխությունից»։

1. Սպասել հերթական ընտրություններին` այդ ընթացքում մեծացնելով ապօրինի գործողություններն ու ահաբեկումները ընդդիմության՝ իրենց համար անցանկալի հատվածի նկատմամբ։

2. Գնալ արտահերթ ընտրությունների, քանի դեռ տեղային և գլոբալ վերադասավորումներն ավարտական տեսք չեն ընդունել։

Ակնհայտ է մեկ բան. Գյումրու ՏԻՄ ընտրությունների սցենարի կրկնությունն անընդունելի է «իրական Հայաստանի» համար, ակնհայտ է նաև, որ ընդդիմադիրներին ընտրողաբար բանտերը լցնելը միայն կխորացնի քաղաքական ճգնաժամը։ Հետևաբար, միակ ռացիոնալ քայլը, որքան էլ պարադոքսալ հնչի հիշյալ պարագայում, իռացիոնալ գործողությունն է. հենց այնպես վերցնել և գնալ արտահերթ ընտրությունների` անցանկալի ընդդիմությունից խլելով ժամանակն իրենց օգտին կառավարելու հնարավորությունը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ