ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Կենդանի ձուկը հոսանքին հակառակ է լողում

Կենդանի ձուկը հոսանքին հակառակ է լողում
15.04.2026 | 10:46

Սա իմ ամենասիրած ասացվածքն էր դպրոցում, ինստիտուտում, համալսարանում, բանակում, այսինքն, քանի դեռ երիտասարդ էի։ Հետո, երբ մի քիչ իմաստնացա, մտածեցի, որ քամու աշխատանք է անընդհատ հակառակվելն ու հոսանքներին հակառակ լող տալը, մանավանդ, որ մարտնչող հիմարությունն ու անարդարությունը, անտարբերությունն ու դաժանությունը այնքան շատ էին, իսկ իննսունականներին՝ շատանում էին երկրաչափական պրոգրեսիայով, որ ոչ ուժ կհերիքեր ոչ կյանք ու ժամանակ, և հարկավոր էր ապրելու նոր մոդել ստեղծել, նոր, սակայն արժանապատիվ ու ոչ համընթաց հոսանքներին։ Ու ես հասկացա, որ խելացի և իմաստուն մարդը, ու հատկապես՝ բարի մարդը նա է, ով չի տրվում հոսանքներին, այլ այդ կյանք կոչվող գետի մեջ կղզիանում է, դառնում է ծովածոց կամ նավահանգիստ, երբեմն քարափ՝ հեղեղների դեմ, և հնարավորություն է տալիս հոսանքների դեմ պայքարողներին, կամ ուղղակի կյանքի գետով ճամփորդողներին՝ կանգ առնելու, խարիսխ ձգելու, իմաստնանալու, հոսանքներին չտրվելու, պաշտպանվելու։ Ես հասկացա, որ անընդհատ շարժվելու մեջ իմաստ չկա, և որ կանգառներն են մեր կյանքը լցնում գույներով ու խորքերով։

Այս մոդելը ինձ շատ դուր եկավ ու մի քանի տասնամյակ բավարարում էր կյանքի նկատմամբ իմ բարոյական պահանջները, իմ աշխարհայացքային փնտրտուքն ու իմ վերաբերմունքը՝ ինքս ինձ, մինչև որ մի ապուշ (շատ կուզենայի ասել՝ հերթական մի ապուշ, բայց սա տարբերվում էր բոլորից, որովհետև միակն էր, սրա նմանը չկար, չէի տեսել երբևէ ու չէի կարծում, որ Հայ ժողովուրդը կարող է նմանին ծնել ու սնել) եկավ իշխանության, մեզ տարավ պարտության, ժողովրդիս սովորեցրեց ատել սեփական հաղթանակներն ու արհամարհել սեփական պատմությունը, հպարտանալ պարտությամբ, հրաժարվել Արարատից, բավարարվել Արագածով։

Ես, դաստիարակված հաղթանակների ու պատվախնդրության դաշտում, հայտնվեցի մի վայրում, կոորդինատային այնպիսի մի համակարգում, որտեղ իմ կառուցած նավամատույցը, իմ արժեքների կղզին, իմ ապրած կյանքը, իմ նահատակ ընկերների սխրանքը արժեզրկվեցին այնպես, որ ես դադարեցի գրել, ստեղծագործել անգամ, որովհետև ամենուր նեխած հոսանք էր, որովհետև ամենուր պարտվելու ջատագովներն էին, ովքեր թքում էին սեփական ժողովրդի վրա ու հպարտ քայլում առաջ։

Եվ ահա, երբ ես արդեն դադարել էի զարմանալ, հեռավոր Ամերիկաներում իշխանության եկավ մեկը, ով կռիվ է տալիս իր երկրի դեմ, աշխարհի դեմ, Հռոմի պապի դեմ, Գրենլանդիայի ու Դանիայի դեմ, Իրանի դեմ, ու ես հասկացա, որ ամենուր այս նույն վիճակն է, որ իշխանության գալիս են դեմենցիայով տառապող, հիշողությունից զուրկ մարդիկ, ովքեր քանդելու են բոլոր քարափները։ Հասկացա, որ նեխած ժամանակներում կղզիներն անիմաստ են, և ԿԵՆԴԱՆԻ ՁՈՒԿԸ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է ԼՈՂՈՒՄ, որ այլևս ոչ մի դադար, ոչ մի հապաղում, ոչ մի կանգառ, մինչև չփոխենք այս մարտնչող հիմարների իշխանությունը։

14.04.2026թ․

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ