Թրամփի՝ Նոբելյան մրցանակ չստանալը ինձ չզարմացրեց։ Նրա թիմում էլ հասկանում են, թե որքան ոչ լիարժեք կլիներ այդ մրցանակը, քանի դեռ շարունակվում էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Իսկ այստեղ հրադադարը հաստատվեց մրցանակի ներկայացման ժամկետի ավարտից հետո, հետևաբար, Թրամփը հաջորդ տարվա խաղաղության մրցանակի թեկնածու լինելու իրավունք ձեռք բերեց։
Այսօր արդեն «Նյու Յորք Թայմս»-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Թրամփը Կենտրոնական հետախուզական գործակալությանը (CIA) հանձնարարել է հատուկ գործողություն կազմակերպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ և այդ երկրում իշխանափոխություն իրականացնել։ Հետևաբար, ճիշտ չէր լինի, եթե մրցանակը ստանալուց օրեր անց ԱՄՆ նախագահը նման ռազմական գործողություն իրականացներ։ Այս տեսանկյունից շատ տրամաբանական է նաև այն, որ խաղաղության Նոբելյան մրցանակը տրվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին, ով էլ իր հերթին այս մրցանակի իրական հաղթող է հայտարարել հենց Թրամփին։
Ավելին, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա Նոբելյան մրցանակաբաշխությունը կայանալու է ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից երեք շաբաթ առաջ (որոնք Թրամփի համար կենսական նշանակություն ունեն), ապա ամեն ինչ շատ տրամաբանական է թվում։
Հենց այս պատճառով էլ Թրամփը այս հարցում առանձնապես կոշտ հայտարարություններով հանդես չեկավ՝ հավանաբար վստահ լինելով, որ իր հերթը հաջորդ տարի է:
Սուրեն Սարգսյան