Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Վաղը թշնամի կհռչակեն ցանկացածին, ով կհամարձակվի դժգոհել

Վաղը թշնամի կհռչակեն ցանկացածին, ով կհամարձակվի դժգոհել
17.04.2025 | 20:02

Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը արցախցիների կողմից ցանկացած բողոք՝ բնակարանային, սոցիալական, աշխատանքի, առողջապահության կամ կրթության հարցով, վերածում է հակաարցախյան քարոզչության։ Եվ այս ամենը հաճախ արվում է մի խորը մանիպուլյացիայով՝ իշխանության արցախցի կամակատարների շուրթերով, իբր «ինքնաքննադատություն»։ Սակայն ակնհայտ է, որ սա արցախցիների դեմ հստակ ուղղորդված հանրային ագրեսիայի սերմանում է պետական մակարդակով։ Եվ երբ այս ամենը ներկայացվում է իբր «արդարության վերականգնում», առաջ է գալիս շատ պարզ հարց՝ իսկ որտե՞ղ է այդ արդարությունը իրականում։ Եթե իշխանությունն ունի հիմնավոր տեղեկություններ այն մասին, որ արցախցիների շրջանում եղել են թալանչիներ, ապա դա չպետք է դառնա կոլեկտիվ մեղադրանքի գործիք։ Դա պետք է դառնա իրավական ընթացակարգի առարկա՝ անուններով, գործերով, դատական վճիռներով։ Բայց իշխանությունը չի հետապնդում կոնկրետ մեղավորների, այլ փոխարենը ստերեոտիպ է ստեղծում՝ թիրախավորելով մի ամբողջ սոցիալական-ազգային խումբ։ Սա ոչ թե արդարության ձգտում է, այլ բացահայտ քաղաքական շահարկում։ Արցախցիների նկատմամբ ձևավորվող ատելության խոսքը ուղիղ արտացոլումն է այն սառը ու անմարդկային իրականության, որը կառուցվել է այսօրվա իշխանության ձեռքով։ Այս իշխանությունները հրաժարվում են լուծել բռնի տեղահանվածների ինտեգրման, արժանապատիվ բնակարանային ապահովման, կրթական աջակցության, աշխատանքի և առողջապահության հիմնախնդիրները, փոխարենը այդ նույն մարդկանց ներկայացնում են որպես «պետական բեռ»։ Մեղքը պետության վրա չդնելու համար, այն դրվում է զոհ դարձած և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց ուսերին։ Այսօր, ավելի քան երբևէ, մեզ պետք է ունենալ միավորող, ոչ թե պառակտող իշխանություն։ Բայց այս իշխանությունները, ըստ էության, խրախուսում են ներհասարակական ատելությունը՝ դրդելով տարբեր հատվածների մարդկանց մեկմեկու դեմ։ Այս իշխանությունները վաղուց սպառել են իրենց բարոյական և քաղաքական լեգիտիմությունը։ Այս իշխանությունները վաղուց պետք է հրաժարական տված լինեին: Ցավոք, շարունակում են իշխել և, արցախցու վրա մաղձ թափելով, սրբագրում են իրենց ձախողումները՝ մոռանալով, որ արցախցին այս պետության մի մասնիկն է։ Եթե այսօր լռենք, վաղը թշնամի կհռչակեն նաև ուսուցչին, գյուղացուն, մտավորականին, ցանկացածին, ով կհամարձակվի դժգոհել։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ