Հայ եկեղեցին, որպես ազգի պահապան հենասյուներից մեկը միշտ էլ եղել է նրա լինելության հոգին և ոգին, հայ ազգի գոյության և ինքնության հիմնական պատվարը։ Նա գործել է պետությունից անջատ և անկախ, իհարկե, ծայրահեղ իրավիճակներում, երբ վտանգվել է պետության և ազգի գոյությունը, իրեն իրավունք վերապահելով միջամտելու հայրենյաց գործերին։
Երբ 1918 թվականին թուրքը մոտեցել էր Էջմիածնին և հայ ժողովրդի գլխին կախված էր ֆիզիկական ոչնչացման վտանգը, Գևորգ կաթողիկոսը մերժեց պետական այրերի առաջարկը` հրաժարվեց լքել Էջմիածինը և կարգադրեց որպես տագնապի նշան հնչեցնել Հայոց եկեղեցիների զանգերը։
Արդյունքում ոտքի ելավ հայ ժողովուրդը և Սարդարապատում տվեց փառահեղ ճակատամարտ։
Դա գոյամարտ էր, պետականակերտ մարտ, որի արդյունքում ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։
Հաղթանակն է պետության գոյության երաշխավոր գործոնը և ոչ պարտությունը, որով պարծենում են եղած իշխանությունները։
Հիմա ևս ծայրահեղ ժամանակներ են, ստեղծվել է մի իրավիճակ, որը սպառնում է տանուլ տալ եղածը, հայ պետականությունը, Հայոց սահմանները, Հայոց գենը, ամեն, ամենն ինչ օրը ցերեկով իրականացվում և տանուլ է տրվում խաղաղության քողի տակ։
Հայոց պետականությունը խաղաղության կարգախոսով դեպի մահ է գնում։
Եկեղեցին որպես ազգի հոգևոր գոյության պահապան` դա լավ է զգում։ Դրա համար էլ ելել է գոյամարտի դաշտ։ Նահանջի տեղ չկա, մեզ սպասվում է նոր Սարդարապատ։
Մինչդեռ իշխանությունները գնում են «խաղախաղության» ճանապարհով, մահ տանող ճանապարհով` իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն մի խոչընդոտ։
28.08.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ