Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Խորհրդարանական ցերեկույթ

Խորհրդարանական ցերեկույթ
07.06.2019 | 00:32

Ինչեր ասես, որ չի տեսնում Ազգայի Ժողովի ամբիոնը. էլ օլիգարխներ, էլ շշի հարվածի սպառնալիքի տակ ելույթ ունեցող ապագա վարչապետ, էլ անդրդվելի ու գոռգոռացող կին երեսփոխաններ, էլ տրանսգենդեր կին, օրեր առաջ էլ՝ ասմունքի պապակը հագեցնող պարմանուհի: Ազգային ժողովի տեխնիկական անձնակազմը եթե իմանար, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի ելույթը ոչ թե քաղաքական օրակարգի կամ օրենսդրական որևէ նախագծի մասին է, այլ հուզականության ելևէջներով շաղախված ձոներգ, գուցե դրան համապատասխան հանդարտ երաժշտություն միացներ, դահլիճում մոմեր շարեր, պատգամավորներին թաշկինակներ բաժաներ, ամբիոնի չորսբոլորն էլ վարդի թերթեր շաղ տար: Ի՜նչ հուզական տեսարան կլիներ. ծափահարությունների քաղաքականությունը որդեգրած երիտասարդ պատգամավորներն այս անգամ հոտնկայս կծափահարեին, սրտակեղեք ելույթից հետո Թագուհին կմաքրեր արցունքի վերջին կաթիլն ու գլուխ կխոնարհեր գործընկերների առջև: Չեմ բացառում անգամ, որ ԱԺ անցագրային կետի աշխատակիցները տոմսեր վաճառեին՝ ներկա գտնվելու ասմունքի չտեսնված ցերեկույթի, որտեղ գործող անձինք «օրինաստեղծներն» են:


Գեղարվեստական խորհրդարան ունենալը վատ չէ, ավելին, նույնիսկ օգտակար կարող է լինել քաղաքական բուռն ու լարված մթնոլորտը մեղմելու առումով: Բայց հանուն արդարության ասենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում դեռևս որևէ օրինագծի շուրջ բովանդակային թեժ քննարկում չի ծավալվել, ուր մնաց, թե բանավիճող խորհրդարանականներին հանդարտեցնելու կարիք լինի: Թեև նորեկների ճնշող մեծամասությունը ծաղրում էր նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Արցախին վերաբերող ելույթները, բայց նրա ասածի մեջ ճշմարտություն կար, ուղղակի պաթոսն էր շատ: Այժմ, սակայն, նախկինների վրա անբռնազբոս կերպով հռհռացող նորերն անում են նույնը՝ ուղղակի առանց գաղափարի, սոսկ պաթոսով: ՈՒմ ի՞նչ է տալիս իշխանափոխությունից մեկ տարի անց «թավշյա հեղափոխության» մասին խոսելը, «ոչ թե «Իմ քայլը», այլ՝ «Մեր քայլը» համեմատությունն անցկացնելը, եթե այսօր այդ «հեղափոխության» պտուղները վայելելու փոխարեն երիցս լսում ենք մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին՝ գեղարվեստական բառուբանով ու թատերական հուզականությամբ:


Ասմունքեք, երգեք, պարեք, ուրախացեք ինչքան ուզում եք, բայց ոչ խորհրդարանում: Իհարկե, բոլոր մահկանացուների նման դուք էլ ունեք հույզեր ու զգացմունքներ, բայց դրանք ի ցույց դնելու լավագույն տեղը, հավատացեք, խորհրդարանական երկրի թիվ մեկ ամբիոնը չէ: Քանի որ ձեր սխալներն ու վրիպումները սիրում եք արդարացնել՝ անընդհատ կրկնելով, թե՝ «նոր ենք, թողեք սովորենք» թույլ տվեք մի բան էլ ես հուշեմ. Ազգային ժողովի ամբիոնը նախատեսված է քաղաքական հայտարարությունների, օրենսդրական նախագծեր ու փաթեթներ ներկայացնելու, կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի, հանրապետության վարչապետին, նախագահին, պետական այլ գերատեսչությունների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելու ու նրանց խոսելու հնարավորություն տալու, ԱԺ խմբակցությունների ու պատգամավորների՝ քաղաքական և օրենսդրական բնույթի հայտարարությունների համար: Հուսով ենք՝ այս և այլ քննադատությունները, ձևավորված պրակտիկայի համաձայն, սվիններով չեք ընդունի, ասելով՝ թողեք ասմունքենք:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

聽膷鈥炩劉茅锟侥勀嚺荒猴拷庐/1692103872" rel="nofollow">Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 08.09.2025