Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դրվագներ ՃՈ կյանքից

Դրվագներ ՃՈ կյանքից
01.10.2012 | 16:25

Հարգարժան ՃՈ-ն, այսինքն` ճանապարհային ոստիկանությունը, վերջերս բարեկրթվեց ուղղակի մեր աչքի առաջ։ Իրենք էլ զարմացան։ Մենք` առավել ևս։ «Մենք»-ի մեջ երկու լրիվ տարբեր ժողովրդագրական հատվածներ կան։ Հայ ժողովրդի մեծ մասը ներկայացնում է հեռակա հատվածը, այսինքն` վարորդ չէ և ՃՈ ներկայացուցիչների հետ շփվում է հեռվից։ Փոխարենը, վիրտուալ մակարդակում, հայհոյանք է ուղղում դեպի ՃՈ ոստիկանը, քանզի ամենաարտառոց խախտումները հենց նրանք են թույլ տալիս։ Հավանաբար ապացուցման խնդիր կա։ Այսինքն` ՃՈ-ն իրազեկ է նաև ճանապարհային խախտումների ամենատարբեր դրսևորումներին և կարող է ամենաանկարգ վարորդին էլ վազանցել։ Ինչպես, զորօրինակ, Ինիեստան Ռոնալդուին։ Այս պարագայում վրիպում ենք մենք, փոխանակ ջերմորեն ծափահարենք ՃՈ վիրտուալ խախտումները, մի բան էլ հայհոյում ենք։

Հայ ժողովրդի փոքրամասնությունը ՃՈ-ի հետ հարաբերվում է մերձամարտի շփման գծում։ Սրանք վարորդներն են։ Նրանք երկու խմբի են բաժանվում, ավելի ստույգ` երկու կաստայի, «բարձրավոլտների» կաստա և «բեռնակիրների»։ «Բարձրավոլտների» կաստան ամենևին շարժակազմի մակնիշով չի որոշվում։ Մեր իրականությունը հնարավորություն է ընձեռում մեկ գիշերվա և երկու ցերեկվա մեջ հարստանալու և «Մոսկվիչը» փոխարինելու «Բենթլիով»։ Բայց սա այլ խոսակցության թեմա է, շեղվենք «պեչենու բաղերում» թրև գալու հաճելի, սակայն անպտուղ ճանապարհից։ Այսպիսով, բարձրավոլտին ոստիկանը զանազանում է պետհամարանիշով, սրանք ՃՈ տեսուչի հետ շփվում են հպանցիկ, առանց լքելու մեքենան։ ՃՈ տեսուչը երանավետ ժպտում է, բարձրավոլտը` քմծիծաղում։ Տրամագծորեն այլ է պատկերը բեռնակրի և ՃՈ-ի հանդիպման ժամանակ։ Բեռնակիրը շարունակում է ճանապարհը գունաթափված, նրա հայացքում գերակշռում է տագնապն ապագայի հանդեպ։ Նրան ճանապարհող ոստիկանը քմծիծաղում է, ինչպես քմծիծաղում է պատգամավորը, երբ հիշեցնում են նախընտրական խոստումների մասին։
Բայց ինչո՞ւ են ՃՈ տեսուչները խուսափում մայրաքաղաքի էլիտար կենտրոնից, ուր ներկա տնտեսաքաղաքական վերնակույտի, հատկապես վերնակույտային անդամների զավակներն օրնիբուն «բռնոցի-պպզոցի» են խաղում իրենց էլիտար մեքենաներով։ Ընդ որում, երբ նրանց խաղն ավարտվում է, մի ՃՈ-ական է ի հայտ գալիս և սկսում գլխիվայր չափել անցորդներին։ Սա` իր հերթին։
Եվս մի նշանակալից խնդիր, որին որևէ նշանակություն այդպես էլ չի տրվում։ Երևանում երթևեկող բեռնատարները մայրաքաղաքը հերկում են` ծայրեծայր ծխի և մրի հրաբուխներ ժայթքելով։ Եթե Մալաթիայի շուկայից ծխամրային ահաբեկիչ է բարձրանում դեպի Սադախլոյի սահմանը, ապա շրջակա բնաշխարհն ու մարդիկ, բնականաբար, դառնում են նրա զոհը։ Դիցուք, կանգառում տրոլեյբուսի ես սպասում (վերնակույտի զավակները թող չզարմանան, կա՛ նման տրանսպորտային փոխադրամիջոց) և ծխամրի քուլաների հետագծով կարող ես անսխալ որոշել, թե քաղաքի ո՞ր հատվածից դեպի ո՞ւր է ճանապարհ բռնել «ահաբեկիչը»։ Ընդ որում, հաճախ նրանք ծխախեղդ են անում և մրապատում իր հերթական «զոհին» կալանած ավտոտեսուչին։ ՃՈ պատվիրակը թեկուզ շնչահեղձ, տոկունության դաս է տալիս շրջապատին, զգաստ սպասելով մինչև մթնոլորտը զուլալվի։ Նկատել եմ, երբեմն կարգազանց վարորդները (անշուշտ, «բեռնակիրների» կաստայից) պահն օգտագործում են լավագույնս և «ճղում են արանքը», այսինքն, անհետանում են։
Այսպիսով, ինչո՞ւ ՃՈ-ն չի տուգանում մրի ու ծխի հրաբուխներ արձակող վարորդներին։ Գուցե մուրն ու ծուխը յուրովի օգտակա՞ր են քաղաքացիների առողջության համար։ Ասենք, մուրն անփոխարինելի միջոց է թութքը բուժելու, փնտրված բալասան` կանխարգելելու փորկապը։ Գուցե։ Բայց պատասխանը, իհարկե, պիտի ՃՈ-ից ստանանք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ