ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Գծատերերն աչքաթող են անում ոչ միայն վարորդներին, այլև պետբյուջեն

Գծատերերն աչքաթող են անում  ոչ միայն վարորդներին, այլև պետբյուջեն
16.11.2012 | 12:00

Տրանսպորտի ոլորտի սեփականատերերը չարաշահում են աշխատուժը, որի մասին փաստում են ոչ միայն վարորդներն ու աշխատողները, այլև... «Տրանսպորտի ոլորտում ցածր աշխատավարձերի պատճառով ցածր է մնում եկամտահարկի և սոցիալական ապահովության վճարների մակարդակը։ Բացի դրանից, ուղևորատար տրանսպորտի վարորդները հաճախ աշխատում են օրական 8 ժամից ավելի, իսկ զգալի թվով հարկ վճարողների միջին ամսական աշխատավարձը ցածր է 40000 դրամից, ինչի արդյունքում, փոխադրումների անվտանգության ռիսկերի բարձրացումից բացի, չեն հավաքագրվում նաև համապատասխան չափի եկամտահարկ և սոցվճար»,- կառավարության նիստում 2012-ի ինն ամիսների հաշվետվության ժամանակ ասաց տրանսպորտի և կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։ Նա նշեց նաև, որ 2012-ի առաջին կիսամյակում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 42 %-ով։ Սա թույլ է տալիս նախարարին ենթադրել, որ ոլորտում նկատվում է ծախսերի ավելացում, իսկ շրջանառության մի զգալի մասը դուրս է մնում հաշվառումից։ «Առաջարկում եմ ուժեղացնել պետական հսկողությունը հարկային և աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ»,- ասաց նախարարը։ Հետաքրքրական է, թե ում համար են այս թվերն ու բացահայտումները, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացին քաջատեղյակ է, թե ում է պատկանում հասարակական տրանսպորտի ոլորտը` ովքեր են գծատերերը։ Գուցե այս շոուն անհրաժեշտ է նախագահական ընտրություններից առաջ, սակայն նկատենք, որ շոուն երբեք դրական արդյունք չի թողել ոչ մի ժամանակ և ոչ մի երկրում։ Ինչևէ, նկատենք, որ հարկային մուտքերը նվազել են նաև կապի ոլորտում։ Թեև նախարարը ներկայացրեց, որ 2012-ի ինն ամսում վճարված հարկերի ծավալն աճել է 12,5 %-ով, սակայն դրա հետ մեկտեղ թվերով չներկայացրեց 2011-ի տվյալները, բայց փոխարենը նշեց, որ 2011-ին 2010-ի համեմատությամբ կապի ոլորտի շահութաբերության մակարդակը նվազել է 5,5 %-ով։ Թե ինչու 2011-ի տվյալները ներառված չէին, այդպես էլ անհասկանալի մնաց։ Ըստ ամենայնի, նախարարը որոշել է հարկային պարտավորությունները ներկայացնել մեկ ընդհանուր թվով` ըստ որի 2012-ի ինն ամիսների ընթացքում պետբյուջե մուտքագրվող եկամուտների պլանը գերակատարվել է 156,9 մլն դրամով, որի արդյունքում պետբյուջե մուտքագրվել է 637 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 90,5 %։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ