ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Որքան օրենքները բարելավվում են, այնքան կյանքը դժվարանում է

Որքան օրենքները բարելավվում են, այնքան կյանքը դժվարանում է
22.11.2012 | 17:29

Թեև կառավարությունը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի «քավորությամբ» հաստատեց հարկային բարեփոխումներին միտված օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթը, որով կարելի է ասել, բան չմնաց, որ չփոխվի, այնուհանդերձ, հարկային բեռի առանձնակի թեթևացում դժվար թե լինի։ Այն պարզ պատճառով, որ 2013-ի պետբյուջեն հաստատված է, որով նախատեսվում է հարկային մուտքերի զգալի ավելացում։ Ինչևէ։

Նշված փաթեթով նախատեսվում է նաև ՓՄՁ ոլորտն ազատել գործող հարկատեսակներից` կիրառելով նոր հարկատեսակ` շրջանառության հարկ։ Ֆինանսների նախարարից ճշտեցինք, որ ՓՄՁ գործարարները ազատ են իրենց ընտրության մեջ. «Սա պարտադիր պահանջ չէ։ Գործարարներն իրենք կարող են ընտրել` մնալ այսօրվա գործող սովորական հարկային դաշտում, թե անցնել շրջանառվող հարկի դաշտ»։ Նախարարը նիստից հետո կայացած ասուլիսում նշեց, որ շրջանառվող հարկի դեպքում ՓՄՁ ոլորտում հեշտացվում է փաստաթղթաշրջանառությունը, այն կրճատվում է 12 կետով։ Փոխնախարար Սուրեն Կարեյանը նկատեց, որ առևտրի ոլորտում այդ հարկի դեպքում դրույքաչափը կկազմի 3,5 %, իսկ մյուս ոլորտներում` 5 %։ Բնականաբար, հարցրինք` արդյո՞ք ՓՄՁ ոլորտի գործարարների հետ քննարկվել է այս նոր մոտեցումը և հավանության արժանացել, նոր կիրառվող հարկատեսակի դրույքաչափն ավելի փոքր է, քան ոլորտի գործարարներն այսօր հարկ են վճարում. ո՞րն է նրանց շահը։
«Մենք դրույքաչափերը հաշվարկել ենք, առաջին հերթին, ուսումնասիրելով, թե գործող օրենսդրությամբ ՓՄՁ ոլորտը, ընդհանուր առմամբ, որքան հարկ է վճարել տարեկան։ Փաստացիի համեմատ նոր հարկատեսակը նվազեցում է ենթադրում։ Նշեմ, որ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների և վարչապետին կից գործարար խորհրդում այդ հարցը նորից պետք է քննարկվի»,- ասաց Վաչե Գաբրիելյանը` մասնագիտական մանրամասները թողնելով իր տեղակալ Սուրեն Կարեյանին։ «Այլ ծառայությունների ոլորտում նոր հարկատեսակի դեպքում 1 %-ի նվազեցում կլինի, իսկ առևտրի ոլորտում առկա 3,8 % դրույքաչափը կդառնա 3,5 %»։ Մեր հարցին հետամուտ լինելով` գործընկերներս պնդեցին` գործնականում այս նոր հարկի կիրառումը կթեթևացնի՞ հարկային բեռը, թե՞ ուղղակի կկրճատի փաստաթղթաշրջանառության ծավալները։ «Դա նպաստում է փաստաթղթերի կրճատմանը»,- հստակեցրեց ֆինանսների նախարարը։
Ի դեպ, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի ՓՄՁ ոլորտում գրանցված է 30-40 հազար գործարար։ Նկատենք, որ դա գրանցվածների թիվն է, իսկ քանի՞սն է դրանցից փաստացի գործում։ «Ճիշտ է, դա գրանցվածների թիվն է։ Փոքր և միջին բիզնեսը կանոնավոր չի աշխատում։ Եթե համեմատենք, ապա փաստացին երկու անգամ ավելի քիչ է»,- մեր հարցին ի պատասխան ասաց Վաչե Գաբրիելյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ