Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում քաղաքացիներին բաժանվող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղերձն սկսվում էր այսպիսի սրտառուչ նախադասությամբ. «Յունուարի 31-ի մահափորձը իր սատանայեական դիտավորութեամբ ահազանգ էր բոլորիս համար. միաժամանակ Հայրիկեանի փրկուելու իրողութեամբ`տիեզերքից մեզ առաքուած մի կարեւոր ուղեցոյց-նշան»:
Այնուհետև կարդում ենք` «Մի քանի օրից ուշ կլինի, ուստի հենց այսօր, ով կարդում է այս տողերը, թող իրեն դեպի Սարդարապատի ճակատամարտ շտապող զինուոր համարի: Այս ռազմաճակատի գիծն այսօր տեսանելի չէ: Այսօր ոչ թէ պետք է հակառակորդի զինուորի դեմ կռվել, այլ օգնել մեր մարդկանց` ազատագրվելու յուսալքող խաբեութեան` բամբասանքնեևրի ու զրպարտութիւնների ճիրաններից: Գնացեք դռնեդուռ, զանգահարե՚ք ու համացանցով գրեք, աղաղակեք»: Այնուհետև հորդորել է ժողովրդին իրենց քվեները տալ ինքնորոշման նվիրյալ Պարույր Հայրիկյանին` հանուն անկախության, հանուն ազատության և ընդդեմ տեռորիզմի: Ուղերձում Հայրիկյանը անդրադարձել է իր մահափորձի հանգամանքներին, երբ «Հայրիկեանի գնդակահարութիւնից յետոյ մյոս թեկնածուները հանգիստ շարունակում էին իրենց քարոզարշաւը, կարծես ոչինչ չէր պատահել: Մէկն ասում էր, թե ինքը մէկ օրով է քարոզարշավը դադարեցրել, միւսը`միայն իրավիճակն է փոխուել, իսկ երրորդը հարցնում էր`արդեօ՞ք դա մահափորձ է: Այս երեւոյթը մարդկութիւնը կոչում է մէկ բառով`դիակապտութիւն»:
Շարունակելով իր «ուղերձ-քարոզարշավը» (որն ավելի շատ մարտական կոչ է հիշեցնում), Հայրիկյանը գրում է, որ ընտրություններին չմասնակցելը, չքվեարկելը, կամ մեկ այլ թեկնածուի ձայն տալը` դավաճանություն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ: «Հակառակ դեպքում` հլու սպասավորներն էնք դառնում մեզ դեպի կործանում տանող, ոճրագործ, Հայրիկեանամերժ եւ արդեն իրենց որպես մարդասպան դրսեւորած ուժերի»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ.- Թեև Պ. Հայրիկյանը խրախուսում է հայ ընտրողին, կոչ անում քվեարկել իր օգտին, հորդորում` աղաղակել, ընդվզել, դռնեդուռ ընկնել և այլն, միևնույն է, ինչպես այսօր համոզվեցինք` նրան լսող չկա, ավելին, մարդիկ ուղղակի փախչում էին նրա նունը լսելիս: Այսօրվա` մեր համաքաղաքացիների ցուցաբերած անտարբերությունը, դրա վառ ապացույցն է, ինչի համար, անկեղծ ասած, մի փոքր ցավում եմ: