ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Երկիրը կոռումպացված է, իսկ իշխանությունը պետք է սկսի իրենից»

«Երկիրը կոռումպացված է, իսկ իշխանությունը պետք է սկսի իրենից»
12.06.2013 | 18:01

Կոռուպցիայի մասին խոսում են բոլորը, իսկ ով ինչ է անում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, հայտնի չէ: Իշխանությունը տարիներ շարունակ ինչ-ինչ ծրագրեր է իրականացնում արտերկրի տարբեր հիմնադրամների հետ, իսկ կոռուպցիան գնալով բարգավաճում է:
«Դեբատ» ակումբում տեղի ունեցած քննարկմանը բանավեճի կողմերից յուրաքանչյուրն այն կարծիքին էր, որ, այո, Հայաստանում կոռուպցիա կա, և դա բոլոր ոլորտներում է: ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե կոռուպցիան թունավոր գազի պես մի բան է, որ մտնում է, թափանցում է անխտիր բոլոր ոլորտներ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով` «դատական համակարգը ամենակոռումպացվածներից է»: Ըստ բանախոսի` կան օրինապաշտ դատավորներ և կան կոռումպացվածներ: Շատ փաստաբաններ և դատավորներ գործարքի մեջ են մտնում ու փոխպայմանավորվածության արդյունքում անօրինական վճիռներ կայացնում: Ամարյանն ասաց, որ որոշ բարեգործական կազմակերպություններ նույնպես անօրինական գործողությունների են դիմում, մասնավորապես` բարեգործական օժանդակությունների յուրացում, որից ստացված գումարների հետքը տանում է դեպի որոշ քաղաքական կուսակցություններ:
Ըստ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի` չկա մի պետություն, որտեղ դատական համակարգը չենթարկվի կոռուպցիոն ռիսկերի: Ինչ վերաբերում է Հայաստանին, կոռուպցիոն ռիսկերն ամենուր են: Ասվեց, որ կոռուպցիա կար նաև խորհրդային տարիներին, որը, սակայն, շատ ավելի վաղ` բյուզանդական ժամանակներից եկող արատ է: Արևելյան ժողովուրդները միշտ էլ ավելի ճկուն են պրոբլեմների լուծման ճանապարհները գտնելու հարցում, և այնպես չէ, որ խնդիրը նոր է առաջացել: Կարապետյանի գնահատմամբ` «կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում գնահատվում են 50-60 մլն դոլար` ամսեկան»:
Նախկին սոցապնախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանն էլ խնդիրը գնահատեց որպես ընդհանուր երևույթ. «Կոռուպցիան հասարակական հիվանդություն է: Իշխանությունը ամեն կերպ ցույց է տալիս, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, իսկ ընդդիմությունը քննադատում է, բայց լուծումներ չի առաջարկում»: Մարտիրոսյանի խոսքից հետևում էր, որ եթե օրենքները գործեն, կոռուպցիան կվերանա, հասարակությունը նույնպես պետք է նպաստի կոռուպցիայի դեմ պայքարին:
«Լավ, իսկ ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, ի՞նչ լուծում եք առաջարկում»` հարց ուղղեցինք բանախոսներին: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով այդ պայքարում իշխանությանը պիտի օգնի հասարակությունը. «Հասարակությունը պետք է ակտիվ լինի կոռուպցիայի դեմ պայքարում»: Ալեքսանյանին հարց ուղղեցինք. «Դպրոցը ունի ջեռուցման համակարգ և պարտավոր է դասասենյակներում համապատասխան ջերմություն ապահովել ձմռան ամիսներին: Երեխան դասերը թողնում տուն է վերադառնում, քանի որ դպրոցում ցուրտ է, տնօրենը հոսանք է խնայում: Ծնողը զանգահարում է ԿԳ նախարարության համապատասխան վարչություն և խնդրում պետի միջամտությունը: Պետն ասում է` իսկ ինչո՞ւ Դուք չեք մոտենում տնօրենին Ձեր բողոքով: Հիմա` սա արդյո՞ք կոռուպցիա է, եթե դպրոցի տնօրենը հոսանք է խնայում, իսկ տարվա վերջին երթևեկում նոր մեքենայով, և ո՞րն է նախարարության դերը: Արդյոք նախարարությունը չպիտի՞ վերահսկողություն իրականացնի դպրոցների նկատմամբ»: Լեռնիկ Ալեքսանյանը խուսափեց հարցի ուղիղ պատասխանից: Ասվեց, թե նախարարությունը չի կարող նման վերահսկողություն իրականացնել բոլոր դպրոցների նկատմամբ, պետք է ծնողներն էլ օգնեն: Այդպես էլ չհասկացվեց, թե նախարարություն զանգելուց զատ ծնողի կողմից ի՞նչ օգնություն նկատի ուներ Ալեքսանյանը: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ հավելեց, թե համաձայն է ինչ-որ առումով, որ հասարակությանը պետք է կրթել, դաստիարակել, բայց. «Շատ լավ կլինի, որ իշխանությունը դա անի սեփական օրինակով: Ոչ ոք չի էլ փորձում դա վերացնել, որովհետև համակարգը կառուցված է դրա վրա»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ