Վերջերս կայացան Հայաստանի բանկերի միության նախագահի ընտրությունները։ «Անելիքբանկի» ղեկավար ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ, որը 2003-2006 թթ. ղեկավարել էր այս կառույցը, կրկին ընտրվեց։ Նկատենք, որ «Արարատբանկի» գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը Սամվել Ճզմաչյանից հետո Հայաստանի բանկերի միության երկարակյաց նախագահն էր։ Նա 2 տարի գլխավորեց այս կառույցը։ Ի՞նչ ժառանգություն է թողել Աշոտ Օսիպյանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի բանկերի միության նորընտիր նախագահի հետ։
-Հայաստանի բանկերի միությունն ունի շուրջ 18 տարվա պատմություն: Այն 1995-ին հիմնադրել է Տիգրան Սարգսյանը, ում հաջողվել է ստեղծել կուռ, ժամանակի պահանջներին բավարարող կառույց: Միության գործունեության ընթացքում այն ղեկավարել են ֆինանսաբանկային ոլորտում հայտնի, հարգված և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք, որոնք իրենց էական ներդրումն են ունեցել միության կայացման և զարգացման, ինչպես նաև այդ ժամանակահատվածում բանկային ոլորտին հուզող հարցերի լուծման գործում: Տիգրան Սարգսյանից հետո միության նախագահներն են եղել Բագրատ Ասատրյանը, Արմեն Եղիազարյանը, Ստեփան Գիշյանը, Էմիլ Սողոմոնյանը, Արարատ Ղուկասյանը և Աշոտ Օսիպյանը:
Նշվածներից յուրաքանչյուրը բավական ներդրում է ունեցել ՀԲՄ կայացման և զարգացման գործում, իսկ վերջին 2 տարիներին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում, Աշոտ Օսիպյանին հաջողվեց մեծ աշխուժություն մտցնել ՀԲՄ-ում և էլ ավելի համախմբել բանկերը:
-Ըստ կուլուարային խոսակցությունների, մեծանալու են ՀԲՄ-ի լիազորությունները: Դրանք բամբասա՞նք են, թե՞ իրականություն: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում, և ի՞նչ կշահեն բանկերը, եթե ընդլայնվեն Հայաստանի բանկերի միության լիազորությունները:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կառույցը ստեղծվել է հենց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից, պետք է նշեմ, որ ցանկացած պարագայում ՀԲՄ լիազորությունների մեծացման կամ փոփոխման որոշումը կայացվելու է ՀՀ բանկերի կողմից:
Իսկ կապված այն հարցի հետ, թե դրանք բամբասանքներ են, թե ոչ, ասեմ, որ դրանք բամբասանքներ չեն և, այո, այդպիսի մտադրություններ կան:
Այսօր բանկերի միությունը Հայաստանի բանկային հանրության շրջանում բարձր հեղինակություն ունի, ինչը պայմանավորված է այն աշխատանքներով, որոնք միության կողմից տարվում են և որոնց մեջ միությունը ներգրավված է:
Միությունից սպասումները ևս շատ են: Համախմբելով համակարգի ներուժը` ակտիվ աշխատանքներ ենք տանելու բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և կանոնակարգային դաշտի բարելավման և արդիականացման ուղղություններով, համագործակցելով ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների հետ: Ամենայն հավանականությամբ, շատ խոր համագործակցություն ենք ունենալու նաև ՀՀ ՊԵԿ-ի հետ հարկային և օրենսդրական դաշտում որոշակի փոփոխություններ և կարգավորումներ իրականացնելու համար: Իրականացնելու ենք ՀՀ տնտեսության և բանկային համակարգի վերաբերյալ վերլուծություններ և ուսումնասիրություններ, ինչպես նաև այլ երկրներում արդեն իսկ ներդրված լավագույն փորձի ուսումնասիրում, այն տեղայնացնելու և ներդնելու նպատակով: Բնականաբար, կլինեն նաև շատ ուրիշ նախաձեռնություններ, որոնք, կարծում եմ, կնպաստեն ֆինանսական համակարգի կայունացմանն ու զարգացմանը: Եվ, վերջապես, ունենալով կայուն բանկային ու ֆինանսական համակարգ` մենք բավականին արագ կարող ենք իրագործել վերջին տարիներին բազմիցս քննարկվող Հայաստանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարը:
-Եթե խոսեցինք բանկերից, ապա չենք կարող չանդրադառնալ տնտեսությանը: 2009-ից սկսած Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տնտեսական անկում է, ինչի պատճառով անգամ խոշոր և պարտաճանաչ վարկառուները վարկերի մարման հետ կապված խնդիրներ ունեն, թեև, ըստ վիճակագրության, 2012-ին արձանագրվել է 7,15 % տնտեսական աճ: Արդյո՞ք, սա աբսուրդ չէ: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը, և այն բացասաբար չի՞ ազդի բանկային համակարգի վրա:
-Նախ նշեմ, որ ես հակված եմ հավատալու վիճվարչության հրապարակած տվյալներին: Դրա հետ մեկտեղ, բանկերում, որոնք ունեն առավել պրակտիկ առնչություն տնտեսության ռեալ հատվածի հետ, ավելի ակնառու են տեսնում տնտեսության մեջ առկա իրավիճակը: Ես կարող եմ ասել հետևյալը. չնայած այն բանին, որ Դուք իրավիճակն անվանեցիք աբսուրդ, դրա հետ մեկտեղ, ինչո՞վ կարող եք բացատրել հենց Ձեր իսկ նշած 2009 թվականի համեմատ բանկերում վարկային և ավանդային պորտֆելների, ինչպես նաև հաճախորդների թվի կտրուկ աճը (մի քանի անգամ):
Նշեմ, որ, իհարկե, ավելի հեշտ և ավելի պակաս ռիսկային է վարկավորել տնտեսությունը, երբ այն աճում է, սակայն տնտեսության անկման դեպքում բանկերը պետք է ակտիվորեն շարունակեն վարկավորումը, տնտեսությունն առողջացնելու նպատակով, ինչպես նաև նպաստելով արդեն իսկ տրամադրված վարկերի վերադարձին:
Վերջին տարիներին բոլորս ականատես եղանք մի քանի խոշոր ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը, սակայն այդ և մյուս բոլոր դեպքերում բանկային համակարգը կարողացավ կառավարել իրավիճակը: Այս պարագայում բանկերը փորձում են էլ ավելի դիվերսիֆիկացնել իրենց վարկային պորտֆելը, և համակարգային վերջին ցուցանիշները փաստում են, որ բանկերն ավելի ակտիվորեն սկսել են վարկավորել գյուղացիներին, փոքր և միջին ձեռնարկությունները և նրանց տրված վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելի մեջ անընդհատ աճում է:
Հայաստանում խնդրահարույց վարկերի ծավալն ընդհանուր վարկային պորտֆելի շուրջ 4 տոկոսն է: Այս ցուցանիշը գտնվում է «ընդունելիի և կառավարելիի» սահմաններում:
-Միջազգային ճգնաժամից հետո միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանում սառեցրել են իրենց ֆինանսավորումը մի շարք ծրագրերի ուղղությամբ, նաև «ժլատացել են» բանկերի նկատմամբ: Այժմ աշխարհը խոսում է ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության մասին: Որքա՞ն է դա իրատեսական, առաջին ճգնաժամն ի՞նչ ազդեցություն ունեցավ հայաստանյան բանկերի վրա և երկրորդ ալիքի դեպքում ի՞նչ ազդեցություն կլինի:
-ՈՒզում եմ համաձայնել, որ, այո, աշխարհում միջոցների ներգրավման գործընթացներն էլ ավելի են դժվարանում, և ռեսուրսները թանկացման միտումներ ունեն: Հաշվի առնելով եվրոպական բանկային ճգնաժամը` պետք է նշեմ , որ կդժվարանա հայկական բանկերի համար այդ կառույցներից միջոցներ ներգրավելը, իսկ եթե տրամադրեն էլ, ապա, կարծում եմ, կտրուկ կբարձրացնեն այդ ռեսուրսների արժեքը, որի պարագայում հարկ կլինի ավելի շատ և ինտենսիվ փորձել աշխատել տարբեր միջազգային դոնորների և ֆոնդերի հետ` ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: Ինչպես նաև այս պարագայում բանկերը պետք է ավելացնեն ֆիզիկական անձանցից ավանդների ներգրավումը, որը, ինչպես գիտեք, թանկ ռեսուրս է բանկերի համար, որն էլ կբերի նրան, որ վարկային տոկոսադրույքները կբարձրանան:
Հեռու չեն այն ժամանակն ու իրավիճակը, երբ հարկ կլինի բանկերի խոշոր բաժնետերերին և փայատերերին տրամադրել ռեսուրսներ իրենց իսկ բանկերին: Ի դեպ, այդ միտումը որոշ բանկերում առկա է:
Ինչ վերաբերում է ճգնաժամերին, ապա հայտնի է, որ ճգնաժամերը պարբերական բնույթ ունեն, իսկ վերջին տարիներին այդ պարբերականությունն ավելի հաճախ է դառնում: Ցանկացած պարագայում, մենք պետք է միշտ պատրաստ լինենք նոր ճգնաժամերի կամ նոր ալիքների: Նախորդ ճգնաժամից բավականին դասեր քաղվեցին և աշխարհի բանկային հանրության կողմից վերանայվեցին շատ սկզբունքներ ու մոտեցումներ:
Արդյունքում Բազելյան կոմիտեն մշակեց «Բազել-3» համակարգը, որով բանկերի գործունեության հանդեպ ներկայացվող պահանջները վերանայվել ու խստացվել են: Ակնհայտ է, որ այս խստացումները բերելու են բանկերի ապահովության բարձրացման, սակայն մյուս կողմից` հնարավոր է, որ դա կբերի ծառայությունների և պրոդուկտների թանկացմանը:
Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ