Կառավարության արտահերթ նիստը, որին վարչապետն ու գերատեսչությունների ղեկավարները մասնակցեցին զինվորական համազգեստներով, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Մինչդեռ «Արձագանք-2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների խնդիրն առավել քան արդիական է, չնայած հասարակությունը սովոր չէ կառավարության անդամներին տեսնելու զինվորական համազգեստով, առավել ևս` զորավարժարանում և զենքը ձեռքին: Միևնույն ժամանակ, Հայաստանը պատերազմող երկիր է, և ամեն քաղաքացի պարտավոր է պատրաստ լինել մարտական գործողությունների վերսկսմանը, իսկ կառավարող օղակները պետք է պատրաստ լինեն ստեղծված ռազմական իրադրության օպերատիվ արձագանքմանը:
Պետք է նշել, որ տարաբնույթ մեկնաբանությունների ու քննադատության հիմնական պատճառն այն է, որ 1994-ի զինադադարից հետո պետական իշխանությունը հետևողականորեն արժեզրկեց ոչ միայն ռազմական հաղթանակը, այլև չկարողացավ հասարակությանը համախմբել ռազմական վտանգին դիմակայելու, նոր պատերազմին պատրաստվելու գաղափարների ներքո: Կապիտալի կուտակման մոլուցքը երկրորդ պլան մղեց ազգային-պետական նպատակների իրականացումը, անկախության և ազատության գաղափարների ամրագրումը քաղաքական մակարդակով` զարկ տալով սոցիալական խիստ անհավասարության ու համընդհանուր հիասթափության միջավայրի ձևավորմանը:
Թերևս, սա է պատճառը, որ հասարակության որոշակի խավեր կառավարության «կամուֆլյաժային քաղաքականությունը» դիտարկում են որպես հիմնական խնդիրներից ուշադրությունը շեղելու միջոց և չեն ցանկանում հասկանալ, որ Հայաստանը գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, և ամեն պահի կարող է պատերազմը վերսկսվել: Մի կողմ դնելով քննադատությունը` պետք է փաստել, որ կառավարության գործելաոճը դրական է, եթե, իհարկե, նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու: Ամենակարևորն այն է, որ հասարակությունը պետական իշխանությունից հստակ ազդակ ստանա, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, և օրհասական պահին իշխանությունը նույնպես զինվորական համազգեստ է կրելու:
Բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Իսրայելից: Տարածաշրջանային քաղաքականությունն ու Ադրբեջանից սպասվող սպառնալիքները չեն կարող կառավարությանը չստիպել համապատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում նաև` հաճախակի հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնել: Միևնույն ժամանակ, պետական իշխանությունը ստիպված է երկրորդ պլան մղել արցախյան առաջին պատերազմի արդյունքները մսխող արժեզրկողներին, ովքեր այսօր առաջնային դերակատարություն ունեն թե՛ տնտեսության, թե՛ քաղաքականության բնագավառում: Ինչևէ, կառավարության «կամուֆլյաժային քաղաքականությունը» կարելի է որակել ավելի շատ դրական, քան բացասական, եթե, իհարկե, այս հարցում պետական այրերն անկեղծ են:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ