2013-ի հունիսից ԿԲ-ն մեծ քանակությամբ տարադրամ է ձեռք բերել, ինչն աննախադեպ է վերջին՝ ճգնաժամի շրջանում։ Արժութային բորսայում ԿԲ-ն ավելի շատ գնել է դոլար, քան վաճառել։ Ըստ լրատվամիջոցների, տարեսկզբից մինչ այժմ ձեռք է բերվել 80 մլն դոլարի տարադրամ, սակայն վաճառքը չի հասել 50 մլն-ի։
Եվ այսպես, հայաստանյան ֆինանսական շուկայում ամռանից սկսած դոլարն իր դիրքերը զիջում է կամ էլ, ճիշտ է ասել, արժեզրկվում է։ Այս գործընթացը կանխելու նպատակով ԿԲ-ն կրկին սկսել է ակտիվորեն ԱՄՆ դոլար գնել, դրա անկումը կանխելու համար։ Մյուս կողմից՝ առևտրային բանկերը շատ ավելի ակտիվորեն դոլար են վաճառում, քան գնում։ Անցած շաբաթ, ըստ փորձագետների, շուկայում բանկերը գնել են 97 մլն դոլար, իսկ վաճառքի ծավալը կազմել է 126 մլն դոլար։ Այլ կերպ ասած, դոլարի քանակն ավելացել է, ինչն էլ ճնշում է դրամի վրա։ Գուցե և այդ ճնշումը շատ ավելի զգալի լիներ, եթե ԿԲ-ն դոլարի ներքաշման գործընթաց չսկսեր։
Բնականաբար, այս իրավիճակն ուղղակիորեն պետք է անդրադառնար փոխարժեքի վրա։ Փոխանակման կետերում ԱՄՆ դոլարը 404-406 դրամ է, ինչը սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է 5-6 դրամով։ Սա հոկտեմբեր ամսվա համար տարօրինակ վարքագիծ է։ Այն իմաստով, որ սովորաբար սեպտեմբերը մուտքերի կրճատման և ներմուծումների ակտիվացման շրջան է, ինչն էլ շեշտակի ազդեցություն է ունենում տարադրամային հոսքերի վրա։ Բայց արի ու տես, որ այս ավանդույթը խախտվել է։ Ֆինանսական շուկայում դոլարի ճնշումը շարունակվում է, ինչի պատճառով ԱՄՆ դոլարը թուլանում է։
Ընդհանրապես, Հայաստանը բացառիկ երկիր է իր ոչ ադեկվատ դրսևորումներով աշխարհի գործընթացների նկատմամբ։ Այսօր, երբ միջազգային ֆինանսական շուկաներում խոսվում է ԱՄՆ դոլարի արժևորման մասին, և դեռ ավելին՝ այն գնալով իր դիրքերն ամրապնդում է, իսկ եվրոն սկսել է «երերալ» դոլարի առջև, Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է. դոլարը գնալով թուլանում է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
Առաջին հերթին, իհարկե, այդ գործընթացի պատճառն առաջարկի աճն է։ Չի բացառվում նաև, որ մարդիկ ոգևորված միջազգային ֆինանսական շուկայում դոլարի խաղերով, սկսել են ձեռք բերել դոլար, նախընտրելով այն մյուս արժույթներից։ Երկրորդ. գաղտնիք չէ, որ ֆինանսական շուկան աշխատեցնողն ու աշխուժացնողը տնտեսությունն է։ Այս առումով պետք է դիտարկել հետևյալ երևույթը. սեպտեմբերից սկսած ներմուծման ծավալները չեն ավելանում, ինչը պայմանավորված է բարձր գնաճով, որի արդյունքում կրճատվում են սպառման ծավալները։ Այս իրավիճակը, բնականաբար, ուղղակիորեն պետք է ազդեր դոլարի վրա, քանի որ ներմուծումը հիմնականում կատարվում է դոլարով։ Ըստ փորձագետների, շուկայում դոլարի քանակի ավելացման երրորդ գործոնը մթերումների ծավալների աճն է, ինչը գրանցվել է այս տարի։
Իհարկե, սրանք կարևոր գործոններ են, սակայն գլխավորն իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Փորձագետների կարծիքով. «Մի կողմից՝ ձևավորված բարձր գնաճային միջավայրը մեղմելու պահանջը, մյուս կողմից՝ նախատեսված ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքը հանգեցրել են բյուջետային ծախսերի սահմանափակմանը։ ԿԲ-ն թանկացնում է փողը, իսկ կառավարությունը խուսափում է ընդլայնողական քաղաքականություն իրականացնելուց։ Ամեն ինչ կարծես թե արվում է տնտեսական միջավայրում ֆինանսական հոսքերը նվազագույնի հասցնելու և գնաճի ավելի բարձր տեմպ թույլ տալու համար»։
Նկատենք, որ ֆինանսական շուկայի փորձագետների մի մասն էլ, այս բոլոր գործոնները կարևորելով, այնուհանդերձ, Հայաստանում դոլարի թուլացման գլխավոր պատճառը պայմանավորում է եվրապարտատոմսերի տեղաբաշխմամբ, ինչի արդյունքում Հայաստանը ներգրավեց շուրջ 700 մլն դոլար։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ