Հայաստանի իշխանություններին ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ և կառույցներ հարկավոր չեն, քանի որ նրանք «հաճախորդ» ու շահույթ չեն ապահովում: ՈՒստի չարժե նման «զիզի-բիզի» բաների համար գումարներ ծախսել, հակառակը, պետք է նման կառույցները հնարավորինս ոչնչացնել և դրանց փոխարեն զվարճանքի օբյեկտներ կառուցել:
«Իրատես de facto»-ն անդրադարձել էր Իսահակյան 28 հասցեում գտնվող, հանրությանը «Արմենպրես» անունով հայտնի շենքի առաջին հարկի շինաշխատանքներին: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ այս շենքում երկար տարիներ «բնակություն» հաստատած հրատարակչությունների «դուռը» փորձում են փակել: Սա, իհարկե, հեռահար նպատակներ է հետապնդում: Նպատակը, ասում են` ողջ շենքը «փաթեթով» վաճառելն է: Հիշեցնենք, որ այս շենքում են գտնվում «Լույս», «Հայաստան», «Անահիտ», «Հայագիտակ» հրատարակչությունները:
Կառավարությունը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել, որով սահմանվում են գրահրատարակչական գործունեություն իրականացնող անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները, ինչը, մեղմ ասած, տհաճ վիճակի մեջ է դրել այս կառույցներին: Պարզվում է, ոչ մի հրատարակչություն չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին:
Կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր հրատարակչություն պիտի ունենա 5 աշխատող, տարեկան նվազագույնը 4 գիրք տպագրած լինի, 1 աշխատողի հաշվով 5-7 քմ մակերեսով տարածք տրամադրի:
Այս չափորոշիչները դիտարկելով, ակնհայտ է դառնում, որ դրանք սահմանող չինովնիկները շատ հեռու են գրքից ու դրա ստեղծման աշխատանքներից: Նախ՝ 1 աշխատողի հաշվով 5-7 քմ մակերեսով տարածքի տրամադրման պահանջը լիովին համապատասխանում է գրասենյակային աշխատողներին, բայց ոչ գրահրատարակչական աշխատանքով զբաղվողներին: Հաշվի չեն առել, որ հրատարակչություններում հինգ մարդ չի աշխատում, կան նաև արտահաստիքային խմբագիրներ, գրախոսներ, ձևավորող-նկարիչներ, թարգմանիչներ: Եթե վերջիններս իրար կողքի շարված աշխատեն, հավանաբար, 1 աշխատողի հաշվով 5-7 քմ մակերեսով տարածքում կտեղավորվեն: Կա մի հանգամանք ևս, որը «չստեղծագործող» չինովնիկի տրամաբանությունից շատ հեռու է: Մի սենյակում այդքան աշխատող չի կարող լինել, քանի որ ստեղծագործական աշխատանքը հանգիստ, անաղմուկ միջավայր է պահանջում:
Ի դեպ, այսօր գրահրատարակչությունները, ֆինանսների սղության պատճառով, հաստիքային աշխատողներ չեն պահում, դրսից հրավիրված մասնագետներով, այլ կազմակերպությունների հետ համագործակցելով են իրենց գործն անում: ՈՒշագրավ է, որ կառավարության որոշման մեջ նշված է ոչ թե հաստիքային աշխատող, այլ միայն «աշխատող» բառը:
Չափորոշիչներ սահմանողները մոռացել են նաև, որ գիրք «ստեղծելու» համար միայն «գրասեղանով» աշխատելը բավարար չէ, հարկավոր են համակարգիչներ, պատճենահանող և այլ սարքավորումներ, գրադարաններ` անհրաժեշտ տեղեկատվական գրականությամբ, ու ամենակարևորը` գրապահոցներ: Իսկ այս ամենի համար, բնականաբար, տարածք է անհրաժեշտ: Գրապահոցները զբաղեցնում են գրահրատարակչությունների գրեթե 1/3-ը: Եթե հետևենք կառավարության չափորոշիչների տրամաբանությանը, աշխատողները պետք է գրքերի վրա աթոռ-սեղան դնեն և այդպես աշխատեն: Այլ խոսքով, գրահրատարակչությունների «տեղը նեղացնելով»՝ փորձ է արվում «ոտքի» տեղ բացել ոմանց «ախորժակին» հագուրդ տալու համար:
Ավելին, վերջերս պետգույքի վարչությունն ավելացրել է նաև գրահրատարակչությունների տարածքի վարձի գումարը, ընդ որում, կրկնակի. ամիսը 1 քմ-ի համար 250 դրամի փոխարեն 500 դրամ են վճարելու: Այն դեպքում, երբ այս կառույցները դժվար թե տարեկան միայն վարձակալման գումարի չափով գիրք կարողանան վաճառել:
Մեկ այլ խնդրի առաջ էլ են կանգնել հրատարակչությունների ղեկավարները: ՊԵԿ-ը պահանջել է աշխատողների աշխատավարձը բարձրացնել, սակայն հրատարակիչները չունեն հավելյալ եկամուտ դրա համար, հակառակը, սպասարկման վարձերն են բարձրացել: Որպես լուծում, պետեկամուտներից առաջարկել են մեկ աշխատողի կրճատել ու նրա աշխատավարձը «բաժանել» մյուսներին: Այս դեպքում էլ փաստի առաջ են կանգնելու. ունենալու են չորս աշխատող և չեն համապատասխանելու կառավարության առաջադրած չափորոշիչին:
Պարզապես մի համեմատություն. դեմքին լուրջ արտահայտություն տված որոշ միջին ու բարձրաստիճան պաշտոնյաներ երբեմն այնպիսի մեծ աշխատասենյակով են իրենց ապահովում, որ կառավարության չափորոշիչով կբավարարեր երկու գրահրատարակչության:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ