Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թուրքիան է կանգնած աշխարհում կատարվող բոլոր հանցագործությունների թիկունքում»

«Թուրքիան է կանգնած աշխարհում կատարվող բոլոր հանցագործությունների թիկունքում»
06.03.2014 | 23:23

Հայ-արաբական իրավական խորհրդին առիթ ունեցել ենք անդրադառնալու և ներկայացնելու, թե ինչպես է հետամուտ Հայ դատի խնդիրներին ու ինչ հաջողություններ է արձանագրել: «Իրատես de facto»-ն հնարավորություն ունեցավ զրուցելու խորհրդի ղեկավար, ազգությամբ արաբ ՀՈՒՍԱՄ ԱԼ-ԴԻՆ ԱԼ-ՀԱԲԱՇԻ հետ, ով նախապես ընդգծեց, թե իրենց խորհուրդն այն եզակի կառույցներից է, որ Հայ դատը դրեց ճիշտ «հունի» մեջ: «Չի կարելի անվերջ սպասել, թե երբ Թուրքիայի խիղճը կարթնանա, ու նա կապաշխարի կամ ներողություն կխնդրի»- նշեց մեր զրուցակիցը:

-Ինչպե՞ս ստացվեց, որ լինելով այլ ազգի ներկայացուցիչ, Ձեզ հետաքրքրեցին Հայ դատն ու ցեղասպանության խնդիրները:
-Ինձ համար մեծ պատիվ է Վահե Մահշիկյանի հետ ծանոթությունը: Նրա շնորհիվ ծանոթացա հայերի պատմությանը և ցեղասպանության մասին արխիվային նյութերին: Նա ինձ խնդրեց օգտագործել իմ միջազգային կապերը և փորձառությունը, որպեսզի մարդկային այս արդար դատը ցանկալի արդյունքի հասցնենք: Ի դեպ, նշեմ, որ ես այն ժամանակ Սիրիայի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչն էի և գլխավորում էի Սիրիայի պաշտպանության համար ստեղծված հանձնաժողովը: Երբեք ծայրահեղականությանը կողմ չլինելով, հավատում եմ, որ ո՛չ ազգային, ո՛չ կրոնական տարբերությունները չեն կարող խանգարել, որ մարդկային արդար դատը հանրայնացվի, և մեղավորները պատժվեն: Իմ ողջ գործունեությունը վկայում է, որ ես երբեք խնդիրները չեմ դիտարկել ազգային, կրոնական առանձնահատկությունները շեշտադրելով: Միջազգային քսանվեց իրավական խորհուրդների, տարբեր երկրների իրավագետների, տեղեկատվական ոլորտի փորձագետների աջակցությամբ հիմնեցինք հայ-արաբական խորհուրդը: Այս գործում մեծ դեր ունի իսլամի գործոնը:
-Ձեր դիտարկմամբ, իսլամական աշխարհն ինչպիսի՞ վերաբերմունք ունի այս ոճրագործության հանդեպ և արդյոք կկարողանա՞ դուրս գալ Թուրքիայի դեմ:
-Թուրքիան իսլամն օգտագործում է որպես քող իր գործած հանցագործություններն արդարացնելու համար: Բոլորովին վերջերս Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մի կոնդակ հրապարակեցինք, որով փաստեցինք, որ հայերի դեմ գործած հանցագործությունը իսլամադավան թուրքերը չեն իրականացրել: Ավելին, ոճրագործությունը իսլամի հետ ոչ մի առնչություն չունի, և այն իրագործողները իսլամի հետևորդներ չեն: Այս կոնդակը խորհրդի հաղթանակն է և մերկացնում է Թուրքիային: Այսօր հստակ երևում է, որ Թուրքիան է կանգնած աշխարհում, մանավանդ արաբական երկրներում կատարվող բոլոր հանցագործությունների թիկունքում: Բոլորին արդեն պարզ է, որ Թուրքիան, իսլամը «չարաշահելով», երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Գաղտնիք չէ, որ այսօր ադրբեջանցիներին, չեչեններին, աֆղաններին և այլ ծայրահեղականների Թուրքիան օգտագործում է այլ երկրների դեմ հանցագործություններ իրագործելու համար: Այս մեթոդով էլ Սիրիան է կողոպտում` գողանալով Հալեպի գործարանները, հացահատիկը, բամբակը, ձեթը: Աշխատում է նաև Սիրիայի հյուսիսում բնակվող տեղացիներին «փոխարինել» եկվոր քոչվոր ցեղերով: Սա հերիք է, որ ապացուցվի, որ հարյուր տարի առաջ հայերի հանդեպ այս պետությունը ոճրագործություն է գործել:
-Այդ ամենը հաշվի առնելով, ի՞նչ երաշխիք կա, որ Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
-Միայն ճանաչումով խորհուրդը չի գոհանում, մեր պահանջն ավելին է` պահանջատիրություն: Պետք է համախմբված գործել և խափանել Թուրքիայի ձգտումները Եվրոպայի մաս կազմելու: Դրանով նա նպատակ ունի Եվրոպան մասնակից դարձնելու հայերի մշակութային սեփականության, հողային տարածքների, իրավունքների մեծ գողությանը: Այս մասին Հայաստանի իշխանությունները մշտապես պետք է Եվրոպային զգուշացնեն, որպեսզի թույլ չտան, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնա:
-Ի՞նչ եք կարծում, ցեղասպանության ճանաչման հարցում գերտերություններն ընդհանուր հայտարարի կգա՞ն: Ակնհայտ է, որ նրանք միայն իրենց շահերով են առաջնորդվում և ցեղասպանությունը հիշում են, երբ այն իրենց շահերից է բխում:
-Հենց դրա համար է, որ մեր խորհուրդը ծրագրել է կամուրջ ստեղծել արաբների ու քաղաքակիրթ իսլամի միջև: Գրասենյակներ է բացում աշխարհի տարբեր երկրներում, որ դրանց միջոցով ճնշումներ գործադրի տեղի իշխանությունների վրա և ստիպի, որ այդ երկրների խորհրդարանները Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նախագիծ ընդունեն: Մի փոքր համեմատություն կուզեի անել հայերի և հրեաների միջև: Վերջիններս ամեն ինչ անում են, որ հոլոքոստով շարժեն աշխարհի խղճմտանքը , ավելին, այս հարցում փորձում են «մենաշնորհ» սահմանել: Սա անթույլատրելի է: Այս իրավիճակն ստեղծվել է նաև հայերի թուլության, անտարբերության և ղեկավարների տկարության պատճառով: Եթե հայերն իրենց խելամտության և կարողության մեկ հարյուրերորդ տոկոսն օգտագործեն, կկարողանան ցանկացած նպատակ կյանքի կոչել:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ