Հայաստանի տնտեսության անկումն այնքան ցայտուն է, որ անգամ Տիցիանի մտքի թռիչքը և ձեռքի տակ եղած ներկապնակի գույները անզոր են հայրենի վիճակագրության պատկերավոր թվերը նկարելու համար:
Պաշտոնական տվյալները փաստում են, որ Հայաստանում ներդրումները կրճատվել են մի քանի անգամ, ինչը, թվերի լեզվով, հետևյալ պատկերն է գծում. օտարերկրյա ուղղակի ներդրումները վերջին 4 տարում կրճատվել են 2,7 անգամ: Համեմատության համար նշենք, որ եթե անցած տարի տնտեսության իրական հատվածում ներդրումները կազմել են 221 մլն դոլար, ապա 2009-ին՝ 732 մլն դոլար:
Այլ կերպ ասած, թվերը փաստում են, որ Հայաստանում օտարերկրյա կապիտալն իրեն «լավ չի զգում»: Իսկ թե ինչու, սա այլ հարց է:
Եվ այսպես, մի կողմից՝ նվազում են օտարերկրյա ներդրումները, մյուս կողմից՝ տեղական ներդրումները չեն աճում: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որը կանգային երևույթ է առաջացնում Հայաստանի տնտեսությունում: Ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ թե՛ տեղի, թե՛ օտարերկրյա գործարարները շահագրգռված չեն Հայաստանում ներդրումներ անելով:
Դասագրքային ճշմարտություն է` բիզնեսը սիրում է փոխվստահություն և խաղի հստակ կանոններով դաշտ: Ապահովո՞ւմ է արդյոք այս երկու անհրաժեշտ գործոնները Հայաստանը: Հայրենի գործարարները այս հարցին հնարավորինս փորձում են չանդրադառնալ, կամ էլ լավագույն դեպքում նշում են, որ իշխանությունները ամեն հնարավոր բան անում են: Օտարերկրյա գործարարները, անկեղծանալով, նշում են. «Անվստահության մթնոլորտ կա, և անհասկանալի են խաղի կանոնները»: Վերջիններիս այս դիտարկումը, կարծում ենք, լուրջ գործոն կարող է հանդիսանալ ներդրումների ծավալների կրճատման առումով:
Ընդհանրապես, տնտեսական գլոբալ ճգնաժամից հետո, այսինքն՝ սկսած 2009-ից, Հայաստանի տնտեսությունը չի կարողանում ուղղել «ողնաշարը»: Անկում է գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ բանկային համակարգի: Թերևս սա հայաստանյան հերթական աբսուրդներից մեկն է, քանի որ զարգացած տնտեսությունը պետք է ապահովեր բանկերի կայունությունը: Բայց արի ու տես, որ անկումային տնտեսության պարագայում առևտրային բանկերն իրենց «վատ չեն զգում»: Սա պայմանավորված է նրանով, որ ոչ թե բանկերն են հայտնվել գործարարների «ճանկերում», այլ գործարարներն են «պատանդ» մնացել բանկերում:
Այսօր Հայաստանի գործարարների 80 %-ից ավելին խոշոր վարկառու է, սակայն քանի որ տնտեսությունն աճ չի գրանցում, նրանց գործերն էլ առաջ չեն գնում, ինչի պատճառով և մեծանում է վերջիններիս կախվածությունը բանկերից: Մյուս կողմից էլ այդ խնդիրն առևտրային բանկերին չի հուզում, քանի որ դա իրենց գործը չէ` վարկառուն պարտավոր է վճարել և վերջ: Բայց որտեղի՞ց, ինչպե՞ս:
Եթե այսպես շարունակվի, Հայաստանի տնտեսությունը կարող է խեղդամահ լինել: Սա այն դեպքն է, երբ շտապ վերակենդանացման կարիք կա: Հակառակ պարագայում պատկերը շատ տխուր կարող է լինել: Այսօր արդեն Հայաստանի գործընկեր երկրներից նվազել են ներդրումները. Ֆրանսիայից՝ 57 %, Գերմանիայից՝ 54 %, Կանադայից՝ 50 %: 30 %-ով պակասել են տնտեսության իրական հատվածում կատարված ռուսական ներդրումները:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ