ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ցանկացած սցենարի դեպքում ՄՄ-ին անդամակցության դրականը կգերազանցի բացասականին»

«Ցանկացած սցենարի դեպքում  ՄՄ-ին անդամակցության դրականը  կգերազանցի բացասականին»
18.04.2014 | 13:04

Սահմանադրության փոփոխության, վարչապետի հրաժարականի շուրջ ծավալված կրքերից հետո հասարակության շրջանում քննարկվող թեժ հարցերից է ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին, որը էապես կարող է փոխել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Կանխատեսումներ կան, որ այն կհանգեցնի նաև բարձր գնաճի: Բնականաբար, այդ ամենից չի կարող զերծ մնալ ՀՀ-ի բանկային համակարգը: Ի՞նչ հնարավոր փոփոխություններ կամ սցենարներ կարող են լինել: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ:

-Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետևանքները կարող են շատ տարբեր լինել և, ինչպես Դուք էլ գիտեք, ներկա պահին վարվում են բանակցություններ, որոնք, ինչպես ասում են, կպարզեցնեն ընդհանուր պատկերը: Դուք հիշատակեցիք բարձր գնաճի կանխատեսումը, բայց դա, իմ կարծիքով, միանշանակ չէ, և ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե մեզ համար զգայուն որ և քանի ապրանքային անվանումներ կհաջողվի դուրս բերել մաքսային սակագների ընդհանուր դաշտից,- ասաց պարոն Ճզմաչյանը։- Համապատասխանաբար դեռևս բավական դժվար է կանխատեսել Հայաստանի բանկային համակարգի հետագա զարգացումները: Այս պահին համարձակվելով, կարող եմ միայն ասել, որ եթե նույնիսկ մեր բանկային համակարգում լինեն փոփոխություններ, ապա ոչ էական, քանի որ բանկային համակարգը գործում է ոչ ինքնաբավ, ուղիղ կապ ունենալով տնտեսության ընդհանուր իրավիճակի հետ: Հենց վերջինն է հաղորդում բանկային համակարգին որոշակի շարժ, դինամիկա, չնայած, մյուս կողմից, նույն վարկերը ևս հանդիսանում են ակտիվ գործոն և նպաստում են տնտեսական աճին: Եվ եթե, օրինակ, արդարացվեն մեր սպասելիքները Հայաստանի տնտեսության աշխուժացման վերաբերյալ, ապա ակտիվության և ֆինանսական միջնորդության աստիճանի բարձրացման առումով բարենպաստ ներգործություն կունենա նաև բանկային համակարգի վրա, որը վաղուց պատրաստ է տնտեսության ֆինանսական սպասարկման ընդլայնմանը:
-ԿԲ-ի հետ մշակո՞ւմ եք ռազմավարական ծրագիր ՄՄ-ին անդամակցության շրջանակներում:
-Ինձ հայտնի է, որ ՀՀ Կենտրոնական բանկում այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվում են, և մենք համաձայն ենք այդ մշակումներին: Կարող եմ ավելացնել, որ ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դրականը գերազանցում է բացասականին:
-Եթե Հայաստան ներկրվող բոլոր ապրանքները հարկվելու են ՌԴ-ի մաքսային օրենսդրությամբ սահմանված տուրքերով, ապա չե՞ք կարծում, որ մոտ ապագայում կառաջանա դրամից ռուբլու գոտի անցնելու անհրաժեշտություն, իսկ սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով՝ ՌԴ-ի աշխատավարձերի և թոշակների չափի սահմանում:
-Աշխատավարձերի և թոշակների չափը ցանկացած երկրում կախված է տվյալ երկրի տնտեսության վիճակից, տնտեսական հնարավորություններից, ոչ թե ցանկություններից: Դրամից ռուբլու գոտի անցնելու հարցը հաստատ, ինչպես Դուք արտահայտվեցիք, «մոտ ապագայի» օրակարգում չէ: Դեռևս այդպիսի մտադրություններ չկան, և որևէ ատյանում այդ հարցը չի քննարկվել նույնիսկ զուտ տեսական առումով: Կարծում եմ, որ կանցնի ոչ մեկ տարի, մինչև ՄՄ-ն և Եվրասիական տնտեսական տարածքը, որոնք դեռ պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և արդյունավետությունը, կայանան: Իսկ եթե ապագայում առաջանա նման անհրաժեշտություն, ապա այդ հարցը պետք է սառնասրտորեն քննարկվի այդ պահի իրողությունների ներքո:
Ի վերջո, համաշխարհային փորձն ունի եվրոյի միասնական գոտու ձևավորման պրակտիկա՝ իր բոլոր դրական և բացասական հետևանքներով: Այնպես որ, չի կարելի իսպառ բացառել, թե ինչ-որ պատմական ժամանակահատվածում, ելնելով ակնհայտ տնտեսական նպատակահարմարությունից, կառաջանա հասարակական պահանջ եվրասիական ինտեգրացիոն խմբավորման միասնական ընդհանուր արժույթի նկատմամբ, և հնարավոր է՝ այն ստեղծվի ռուսական ռուբլու կամ նոր արժույթի հիմքի վրա: Բայց կրկնեմ, որ միայն Եվրասիական միության պրակտիկան, գործունեությունը, բուն աշխատանքային ընթացքը կարող են բնական ձևով բերել այդ հարցին:
-Եթե իսկապես դրամը փոխարինվի ռուբլով, ապա ի՞նչ ռիսկեր կարող են ունենալ բանկերը, ինչպես նաև ներդրողներն ու վարկատուները:
-Դուք նորից փորձում եք ներգրավել ինձ «եթե»-ների դաշտ: Բարի։ Խորապես գիտակցելով Ձեր մտահոգությունները, առաջարկում եմ խորհել միասին: Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանում կյանքի մակարդակը մի քանի անգամ բարձր է, քան մեզ մոտ: Տարածքով մեծ և բնական պաշարներով հարուստ այդ երկիրը կարևորագույն շատ չափանիշներով ուղղակի համեմատելի չէ Հայաստանի հետ՝ ո՛չ քանակական, ո՛չ էլ որակական առումներով: Հետևաբար, ելնելով թեկուզ տարրական տրամաբանությունից, կարելի է ենթադրել, որ ոչ թե փոքրիկ Հայաստանը Ռուսաստանին կքաշի ցած, այլ Ռուսաստանը կձգի մեզ առնվազն իր մակարդակի: Հիշում եք, չէ՞, ինչպես էր ապրում Հայաստանը ԽՍՀՄ-ի օրոք: Այսօր էլ, ի միջի այլոց, տառացիորեն մեր աչքի առաջ կատարվում է Ռուսաստանի և Ղրիմի ինտեգրացիան, այսինքն՝ շատ շուտով մենք ականատես կլինենք, թե ինչպես է Ռուսաստանին հաջողվում իր մակարդակին հասցնել տնտեսապես բավականին հետամնաց թերակղզին: Իսկ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է և, հետևաբար, ավելի հեշտ կառավարվող և բարեփոխվող, ապա հանգամանքների բարեհաջող բերումով կարող ենք որոշ առումով նույնիսկ Ռուսաստանից առաջ անցնել: Այդ իսկ պատճառով, ելնելով բերված ընդհանուր դրույթներից, ինձ թվում է, որ միասնական արտարժութային գոտում ոչ միայն չեն տուժի, այլև կշահեն և՛ ներդրողները, և՛ վարկատուները:
Եվրամիության երկրներում ազգային արժույթից եվրոյի անցումը առանձնապես խնդիրներ չստեղծեց բանկային կամ ֆինանսական համակարգի համար, և այդ գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է նվազագույնի հասցնել բոլոր հնարավոր ռիսկերը:
-Ի՞նչ եք կարծում, ՄՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ-ի տնտեսությունում ներդրումները կավելանա՞ն: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս այն կազդի ՀՀ բանկային համակարգի ֆինանսական զարգացման վրա:
-Ես արդեն խոսեցի այն սպասումների մասին, որ մենք ունենք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված, և տնտեսության աշխուժացումը, ՀՆԱ-ի և ներդրումների ավելացումը մեր գլխավոր սպասումներից են: Այսօր մեր տնտեսության շատ ճյուղերում ՄՄ-ին անդամակցող երկրները էական ներդրումներ են իրականացրել, և դրանց ծավալը կտրուկ կավելանա: Կարծում եմ, այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը «Ռոսատոմի» օգնությամբ (իսկ հետագայում և նոր էներգաբլոկի կառուցումը), «Ռոսնեֆտ»-«Pirelli»-ի մտադրությունները մեր երկրում կաուչուկի և ավտոդողերի արտադրության վերաբերյալ, Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը և այլն, վաղ թե ուշ կիրականանան, բերելով ներդրումների հոսքեր: Բանկային համակարգը դրանից միայն կշահի:
-Պարոն Ճզմաչյան, ի՞նչ սպասելիքներ ունեք նոր վարչապետից:
-Նկատի ունենալով նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի անցած հարուստ ճանապարհը քաղաքական և տնտեսության ոլորտներում, կարծում եմ՝ շուտափույթ լուծումներ կտրվեն տնտեսության մեջ ծառացած անհետաձգելի հարցերին:
-Եթե դեմ չեք, անդրադառնանք կոնկրետ ձեր միությանը: Ի՞նչ էական փոփոխություններ են տեղի ունեցել բանկային միությունում, բանկերի նկատմամբ տարվող քաղաքականության, ինչպես նաև այլ հարցերում, այլ պարտականություններից ազատված նախագահ ընտրելու որոշումից հետո:
-Հակադարձ հարց. իսկ ինչի՞ց ելնելով եք կարծում, որ պետք է տեղի ունենային էական փոփոխություններ: ՀԲՄ-ն բոլոր առումներով ունի կայացման և զարգացման պատկառելի պատմություն, որում իրենց արժեքավոր ներդրումներն են ունեցել այս պաշտոնում իմ բոլոր նախորդները: Այնպես որ, թողած «ժառանգությունը» լավն է, և խնդիրը այդ դրականը զարգացնելու մեջ է: Բացի այդ, ես հանդիսանում էի ՀԲՄ-ի խորհրդի անդամ և իմ մասնակցությունն եմ ունեցել կառույցի գործունեության քաղաքականության ձևավորման գործում և, հետևապես, քաղաքականության կտրուկ փոփոխություն չէր կարող լինել:
-Կազմակերպական իմաստով, կարծում եմ, ՀԲՄ-ում որոշ փոփոխություններ անխուսափելի են, պայմանավորված այն պարզ հանգամանքով, որ ամեն ղեկավար կազմակերպության գործունեության վրա թողնում է, այսպես ասած, սեփական «կնիքը»՝ ձեռագիրը:
-Ինքս, օրինակ, ամբողջ կյանքում, այդ թվում՝ մասնագիտական, կազմակերպության գործունեության մեջ միշտ մեծ տեղ եմ տվել թափանցիկությանը՝ հասարակության առջև հնարավորինս բաց աշխատելու սկզբունքին: Այդ իսկ պատճառով մենք, օրինակ, առաջին հերթին վերակազմակերպեցինք և ընդլայնեցինք միության կառուցվածքը: Այսօր ՀԲՄ-ի կառուցվածքում գործում է նոր վարչություն, որը զբաղվում է նաև հասարակության հետ կապերի հարցերով: Այդ ստորաբաժանման առաջին և առավել տեսանելի նորույթներից էին ՀԲՄ-ի էլեկտրոնային տեղեկագրի հիմնումը և պարբերաբար թողարկումը: Այդ տեղեկագիրը պատրաստվում է ժամանակակից և Արևմուտքում ընդունված newsletter ձևաչափով, երկու լեզվով (հայերեն և ռուսերեն) և ուղարկվում է, մի կողմից, բոլոր բանկերին, իսկ մյուս կողմից՝ մոտ երեք տասնյակ ԶԼՄ-ների:
Այդ նոր տեղեկատվական պրոդուկտն էապես ընդլայնել է միության գործունեության թափանցիկությունը: Օրինակ, թողարկումներից մեկում զետեղված էին տեղեկություններ ՀԲՄ-ի լոբբիստական գործունեության մասին՝ առևտրային բանկերի օրինական շահերը ներկայացնելու և պաշտպանելու առումով: Իսկ վերջին թողարկումը նվիրված է բանկերի նկատմամբ հասարակության որոշ հատվածում տեղ գտած մի շարք մոլորությունների և առասպելների ցրմանը, ինչն արվեց թվերով և փաստերով, հիմնվելով 2013-ի բանկային համակարգի գործունեության արդյունքների վրա: Դրանով իսկ մենք լուծում ենք նաև մի զուտ «էգոիստական» խնդիր, բարձրացնելով հասարակության գիտակցումը և իրազեկվածությունը բանկերի դերի մասին, բարելավելով վերջիններիս իմիջը մարդկանց աչքերում:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ