Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ բողոքողների նկատմամբ ոստիկանության գործողությունները քննարկվող և քննադատվող ամենաթեժ հարցերից են։ Շաբաթվա սկզբում կատարվածը, իհարկե, անթույլատրելի էր, բայց ոստիկաններ-բողոքողներ քաշքշուկն արդյոք տեղի կունենա՞ր, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարությունն ընդուներ և լսեր բողոքողներին։ Ինչո՞ւ բողոքողներից պատվիրակություն կազմելու առաջարկ նշված կառույցից չհնչեց, և ինչո՞ւ այդպես էլ նրանց չընդունեցին։ Այս հարցի շուրջ հեռախոսով զրուցեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Բայց Դուք համոզվա՞ծ եք, որ նրանք մեզ հետ հանդիպել էին ցանկանում։
-Համենայն դեպս, պարզ էր, որ բողոքողները մոտեցել էին հանձնաժողովի մուտքին և պահանջում էին ընդունելություն։
-Այդ ակցիայի մասին վաղօրոք մեզ տեղյակ չէին պահել։ Իսկ երբ մեր աշխատակիցն իջավ ներքև, որպեսզի հանդիպի բողոքողների հետ, բանը բանից անցել էր։ Սակայն պետք է տեղեկացնեմ, որ մենք շատ բաց ենք աշխատում և՛ ՀԿ-ների, և՛ պետկառույցների, և՛ հասարակության հետ։ Նախապես սակագնի բարձրացման հարցի քննարկման համար մինչ որոշում կայացնելը հայտարարել էինք ընդունելություն և մեր պատրաստակամությունն էինք նշել խնդիրը քննարկելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այդ տեղեկությունը տեղադրված էր նաև մեր կայքում, որտեղ նշված էր նաև հեռախոսահամարը, որով քաղաքացիները կարող էին կապվել մեզ հետ։ Հիմա եթե այդ ակցիայի մասնակիցների նպատակը մեզ հետ հանդիպելն էր, ապա նրանք դա կարող էին շատ ավելի քաղաքակիրթ եղանակով իրականացնել և ավելի վաղուց։ Եթե նրանք ընտրել էին բողոքի այդ ձևը և մյուս ՀԿ-ների կամ անհատների նման նախապես չէին պայմանավորվել, չեն մասնակցել մեր քննարկումներին, հետևաբար կարելի է մտածել, որ իրենց նպատակը մեծ աղմուկ բարձրացնելն էր։ Հակառակ դեպքում, ընդունելության համար ինձ հետ կարող էին նախապես պայմանավորվել՝ ձև կա, չէ՞։
-Նրանք բողոքում էին սակագների բարձրացման դեմ և, ի վերջո, բողոքի ակցիաների դեպքում բողոքողները տվյալ պաշտոնյայի հետ չեն պայմանավորվում։ Օրինակ, ինչպես լինում է մյուս կառույցների դեպքում. բողոքողներին ընդառաջ դուրս է գալիս որևէ պաշտոնյա և փորձում պատասխանել նրանց հարցերին։ Արդյունքում խնդիրը քաշքշուկի և մարդկանց բերման ենթարկելու չի հասնում։
-Սակագնի բարձրացմանը ոչ ոք կողմ չի կարող լինել, անգամ ես, սակայն գոյություն ունի էներգահամակարգի անխափան և հուսալիության ապահովման խնդիր։
-Իսկ ինչո՞ւ ոստիկանների հետ չխոսեցիք, ինչո՞ւ բողոքողներից կազմված պատվիրակություն չընդունեցիք։
-Մեր աշխատակիցը խոսել է ոստիկաններից մեկի հետ։ Նրան ասել էին, որ միտինգն արտոնված չէ, և բողոքողները փակել են փողոցը՝ խոչընդոտելով երթևեկությանը։
Ի վերջո, եթե նրանց նպատակն ինձ հանդիպելը լիներ, այն կարելի էր առանց որևէ դժվարության կազմակերպել։ Ես չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց, սակայն ցավում եմ կատարվածի համար, քանի որ ինչ-որ չափով այն ստվերում է մեր աշխատանքը։ Ամեն դեպքում հայտարարում եմ, որ ինչպես միշտ, այնպես էլ հիմա պատրաստ եմ նրանց հետ հանդիպելու, լսելու նրանց մտահոգությունները և ներկայացնելու մեր հիմնավորումները։
Հեռախոսազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ