Կառավարությունը լրատվամիջոցներին «թույլ չտվեց» մի կուշտ անուններ հոլովել ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր նախագահի անվան շուրջ։ Սեպտեմբերի 4-ին գործադիրի նիստում հաստատվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունը կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այո, այո, նույն ինքը՝ գործարար Մաքսիմ Հակոբյանի որդին, որը, կարելի է ասել, հաշված ամիսներ զբաղեցրեց Սյունիքի մարզպետի պորտֆելը։ Բայց ամենաթեժն այս պահին քննարկվում են Սյունիքի նոր մարզպետի հավանական թեկնածուների անունները։ Ամենազավեշտալին այն է, որ շրջանառության մեջ է դրվում սյունիքցի հանրահայտ Սուրիկ Խաչատրյանի անունը։ Շատերը նույնիսկ Աստված են կանչում, որ նա չվերադառնա իր նախկին պաշտոնին։ Կառավարության կուլուարներում այս հարցը երկու մոտեցում ունի։ Մի հատվածը համոզված է, որ դա անհնար է, քանի որ այս պահին Սուրիկ Խաչատրյանը դատական գործընթացների մեջ է, իսկ մյուս հատվածը չի բացառում նախկին մարզպետի վերադարձը, նշելով՝ «Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»։
Իսկ թե սեպտեմբերի 1-ի երեկոյան 21.00-ին Անդրանիկ Անդրեասյանն ինչու հանկարծակի որոշեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, դեռևս հայտնի չէ։ Հավելենք, որ պարոն Անդրեասյանը հլու-հնազանդ կատարում էր իշխանությունների բոլոր պահանջները և իր գործողություններում շատ զգուշավոր էր։ Գուցե Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու պահա՞նջն էր նրան ստիպել հրաժարական ներկայացնել։ Թեև չի բացառվում, որ նա իսկապես իր հոժար կամքով է հեռացել աշխատանքից, սակայն հատկապես հայկական իրականությունում դժվար է այս գաղափարը տեղավորվում։ Համենայն դեպս, ջրային ռեսուրսների կառավարման համակարգին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Անդրանիկ Անդրեասյանը 10 տարի ղեկավարում էր համակարգը, և հասունացել էր նրան փոխելու պահը։ Նույն աղբյուրը նշում է, որ կառավարությունը մտադիր է թարմացնել այն կառույցները, որտեղ երկար ժամանակ փոփոխություն չի կատարվել։ Եթե այդպես է, ուրեմն առաջիկայում հնարավոր է մեկ-երկու կադրային փոփոխություն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ